Եթե խաղաղություն ենք ուզում՝ պետք է պատրաստվենք պատերազմի 

Եթե խաղաղություն ենք ուզում՝ պետք է պատրաստվենք պատերազմի 

Վերնագրում ներկայացված դատողությունը նորություն չէ, այն հայտնի է մարդկության պատմության անտիկ շրջանից: Ապա անընդհատ կրկնվել է բոլոր ժամանակաշրջաններում: Մեր օրերը ևս բացառություն չեն: Խնդրեմ վկայությունը՝ ըստ ժամանակաշրջանի նվազման կարգով:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել, 2024 թ.-ի մարտի 19. «Եթե խաղաղություն ենք ուզում՝ պետք է պատրաստվենք պատերազմի»:                            

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորել, 2024  թ.-ի փետրվարի 3. «Եթե խաղաղություն ենք ուզում՝ պետք է պատրաստվենք պատերազմի»:                      

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգ, 2023 թ.-ի սեպտեմբերի 17. «Եթե ուկրաինացիներն դադարեն պատերազմել, նրանց երկիրն այլևս գոյություն չի ունենա»: 

ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը, ինչպես գիտենք, անընդհատ շփվում է վերը նշված քաղաքական գործիչների, հատկապես առաջին երկուսի հետ: Ինչը նշանակում է, որ ինքը ևս պետք է որդեգրեր մեջբերված մտայնությունը: Բայց արի ու տես, որ դա այդպես չէ: «Եթե տարածքները չտանք, ապա շաբաթվա վերջին պատերազմ կլինի»,- ասել է նա տավուշցի գյուղացիների հետ հանդիպման ժամանակ: Այս մեկ հատիկ նախադասությունը մի շարք շերտեր է բացահայտում: Նախ, ի տարբերություն Միշելի, Բորելի և Սթոլթենբերգի, այդ անձը պարտվողականության մարմնավորում է: Պետության ղեկավար, որը փորձում է խուսափել պատերազմից՝ ընտրելով անարժանապատվությունը, բայց երկրորդի հետ միասին ստանալու է նաև առաջինը: Դա դեռևս շուրջ 100 տարի առաջ էր անգլիացիներին նախազգուշացրել բրիտանացի պետական գործիչ Չերչիլը: Չեմ կարծում, թե ինքը տեղյակ չէ դրան, սակայն շարունակում է ազգը նվաստացնող և միաժամանակ ազգակործան իր քաղաքականությունը:
Երկրորդ, պետության այդ ղեկավարը պատերազմով վախեցնում է երկրի ազգաբնակչությանը՝ փոխանակ հայրենասիրական ոգի ու արիություն ներշնչի նրանում: Հատկապես եթե ինքը համոզված է, որ պատերազմն անխուսափելի է: Երրորդ ու ամենակարևորը՝ նրան որտեղի՞ց է հայտնի, որ պատերազմը կսկսվի հենց այս շաբաթավերջին: Նման ճշգրիտ «կանխատեսում» կարող էր անել այն անձը, որին նախօրոք հայտնել էին դրա մասին: Իսկ հայտնողը պետք է լիներ, բնականաբար, Հայաստանի թիվ մեկ թշնամի, սակայն իր կիրթ ու կառուցողական գործընկեր Ալիև Իլհամը:   

Ինչևէ, անցնենք առաջ: Նախորդ օրը Հայաստան այցելած Սթոլթենբերգը հատուկ ընդգծել է, որ «ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, նրա խաղաղ ձգտումներին»: Ինչը, բնականաբար, հաճելի էր լսելը, սակայն չի մանրամասնել, թե ինչում է կայանում այդ աջակցությունը: Ենթադրաբար, ռազմաքաղաքական վերպետական արևմտյան կառույցի գլխավոր քարտուղարը, այսինքն՝ ղեկավարը, աջակցություն ասելով պետք է նկատի ունենար երկու բան: Առաջինը սպառազինության մատակարարումն է Հայաստանին՝ ճիշտ Ուկրաինայի նման: Երկրորդն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն է. այն, ինչ ավելի քան երկու տարի (եթե չհաշվենք Ղրիմի վերամիավորման առումով գործադրվող պատժամիջոցները) արվում է Ռուսաստանի նկատմամբ: Բայց նույն Սթոլթենբերգի հետագա խոսքերից պարզվեց, որ չի նախատեսվում ո՛չ առաջինը և ո՛չ էլ երկրորդը: Ընդհակառակը, Ադրբեջանի առումով մեզ առաջարկվում է պատվողական խաղաղության ընդունում: Ինչը ենթադրում է ադրբեջանական բոլոր նախապայմաննների ու պահանջների ընդունում:

Միաժամանակ, Հայաստանին առաջարկվում է թշնամանալ Ռուսաստանի հետ՝ խոստանալով աջակցություն: Թե ինչպիսին կլինի այդ երկրորդ աջակցությունը՝ դժվար է ասելը: Սակայն հենց դրան էր միտված ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում Սթոլթենբերգի ելույթի մեկ երրորդ մասի տրամադրումը ռուս-ուկրաինական պատերազմին: Եվ Նիկոլին ուղղված գովքը Ուկրաինայի հետ համերաշխության պատճառով:

Հիշեցնեմ, որ վերջինս բազմաթիվ անգամ կրկնել է, որ այդ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կրկնել է ամեն ինչ անելու կոչը, որպեսզի «Պուտինը չհաղթի իր ագրեսիվ պատերազմում»։ Կրկնել է նաև անընդհատ շրջանառվող այն միտքը, թե «Պուտինի հաղթանակի դեպքում կառաջանա իրական սպառնալիք, որ ագրեսիան այնտեղ կանգ չի առնի, և դա կոգեշնչի ավտորիտար այլ սուբյեկտների»։ Այդ գաղափարը, նախ, բացարձակ կեղծ է, և երկրորդ, այդ պարոնը չի՞ գիտակցում, որ Հայաստանի դեպքում խնդիրը լրիվ այլ է: Որ եթե նույնիսկ Եվրոպայի համար ասվածը տեղին լիներ, այն, միևնույն է, Հայաստանի առումով չի գործում: Որ ոչ թե Պուտինի հաղթանակը, այլ նրա պարտությունը կոգեշնչի եվրոպայի հուսալի գործընկեր, բռնապետական Ադրբեջանին, որպեսզի վերջինս հարձակվի Սյունիքի վրա: Կա՛մ Սթոլթենբերգը չի գիտակցում դա՝ առաջնորդվելով հակառուսականության կարծրատիպերով, կա՛մ էլ թքած ունի այդ հանգամանքի վրա: Սա է, որ չի հասկանում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը: