Ադրբեջանը մեծ ֆինանսներ է ուղղում ՅՈՒՆԵՍԿՕ-ին,  նա էլ անթաքույց խրախուսում է Ադրբեջանին

Ադրբեջանը մեծ ֆինանսներ է ուղղում ՅՈՒՆԵՍԿՕ-ին,  նա էլ անթաքույց խրախուսում է Ադրբեջանին

Օրեր առաջ Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղի մշակութային եւ հոգեւոր ժառանգության պաշտպանության» մասին համաժողով՝ ԵԺԿ խմբակցության եւ պատգամավոր Միրիամ Լեքսմանի նախաձեռնությամբ։ Բանախոսների շարքում էին միջազգային իրավունքի պրոֆեսոր Պիեռ դ’ Արժանը, Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, «Արցախի հայկական մշակութային ժառանգությունը․ պաշտպանության մեխանիզմները ժառանգության պահպանության միջազգային համակարգում» գիտական աշխատանքի հեղինակ, մշակութային ժառանգության փորձագետ Արմինե Տիգրանյանը, Բելգիայում ՀՀ դեսպան/ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը, «Եվրոպա Նոստրա» կազմակերպության գլխավոր քարտուղար Սնեժկա-Քուադվլիխ Միխայլովիչը։

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում ծրագրի» գիտաշխատող Արմինե Տիգրանյանի գնահատմամբ, Եվրոպական խորհրդարանը, 2021-ից սկսած, շատ ակտիվորեն ներգրավված է ԼՂՀ հուշարձանների խնդիրը համակողմանի ներկայացնելու հարցում, ինչի ապացույցը վերջին 3 տարվա ընթացքում արդեն 4 բանաձեւի ընդունումն է։ «Եվրոպական խորհրդարանը՝ աշխարհի մակարդակով, ժողովրդավարական 2-րդ ամենամեծ կառույցն է, որը ներկայացնում է 490 մլն մարդու ձայն, իրենք ընդունում են բանաձեւեր, բարձրաձայնում են խնդիրներ, եւ այդ բանաձեւերի արդյունքում ձեւավորվում է խոսույթ, նաեւ իրենք ունենում են որոշակի ազդեցություն Եվրոպական խորհրդարանի նախագահի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, միջազգային դատարանների մասով»,- ասում է Ա․ Տիգրանյանն ու նշում, որ տեղի ունեցած համաժողովը հենց այդ ընդունած բանաձեւերի արձագանքն է․

«Եվրոպական խորհրդարանն այսօր ամբողջ աշխարհին բաց տեքստով ասում է, որ Ադրբեջանն իրականացրել է էթնիկ զտման հանցագործություն, որը, Հռոմի կանոնադրության համաձայն, համարվում է քրեորեն պատժելի հանցագործություն։ Հռոմի կանոնադրության համաձայն, էթնիկ զտումը ներառում է մի քանի հանցագործություն՝ ցեղասպանությունը, տեղահանությունը, ռազմական պատերազմական հանցագործությունները եւ մշակութային ժառանգության ոչնչացումը։ Այսինքն՝ 4 հանցագործությունների հետ մենք գործ ունենք, որոնք մարդկության դեմ ծանր հանցագործություններ են համարվում։ Ու երբ Եվրոպական խորհրդարանն իր բանաձեւում անդրադառնում է, որ Ադրբեջանն իրականացրել է էթնիկ զտում, սա արդեն ուղիղ ազդակ է աշխարհին, որ, տեսեք՝ աշխարհի նման ժողովրդավար կառույցն արդեն այսպիսի խոսույթ ունի»։  

Եվրոպական խորհրդարանը թեպետ չունի պատժիչ լծակներ, բայց, ըստ Ա․ Տիգրանյանի, հենց խոսույթ ձեւավորելով, միջազգային դատարաններին հղում անելով, ներազդում է իրավիճակի վրա․ «Ու երբ Հայաստանը հայց ներկայացնի Հաագայի կամ մեկ այլ դատարան, ինքը շատ հանգիստ կարող է հղում անել Եվրոպական խորհրդարանի բանաձեւերին ու ասել՝ տեսեք, այս բանաձեւում Եվրոպական խորհրդարանի 700-ից ավելի պատգամավոր համաձայն է եղել այն մտքին, որ Ադրբեջանն իրականացնում է մշակութային ցեղասպանություն, որ Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառագության ցեղասպանությունը նոր չի սկսվել, որ դա կապված է նաեւ Նախիջեւանի դեպքերի հետ: Այսօր Եվրոպական խորհրդարանը բաց հայտարարել է, որ Նախիջեւանի 20 հազար տապանաքարերի, 15 հազար խաչքարերի, 130-ից ավելի եկեղեցիների ոչնչացումն ուղիղ կապ ունի այսօրվա տեղահանության, ժառանգության ոչնչացումների, ինքնության պղծման ու օտարման քաղաքականության հետ»։

Արմինե Տիգրանյանը նկատում է՝ քանի որ այսօր շատ պատմամշակութային վայրեր, եկեղեցիներ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա այն արցախահայերը, որոնք տեղահանված են, նրանց իրավունքները մշակութային իմաստով եւս ոտնահարված են․ «Որովհետեւ եթե իրենք Արցախում լինեին, ապա իրավունք կունենային այցելել իրենց ժառանգության տարածքներ՝ աղոթելու, ծեսերին մասնակցելու, համայնքային կյանքն ակտիվ վարելու, բայց այսօր իրենք հեռու են, զրկված են իրենց իսկ ժառանգությանը հաղորդակցվելուց, ներդրում անելու եւ սերունդներին փոխանցելու հնարավորությունից։ Իսկ մարդու իրավունքների համակարգում սրանք շատ կարեւոր իրավունքներ են, որովհետեւ մարդու ինքնության ցուցիչներն են, քանի որ հաղորդակցվում ես քո ժառանգության հետ եւ կարողանում ես պահպանել քո ինքնությունը։ Այդ առումով շատ կարեւոր է, որ այսօր Եվրոպական խորհրդարանը փորձում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը տանել հենց մարդու իրավունքների կտրվածքով, որը նոր ու կարեւոր ուղղություն է։ Այսինքն՝ իրենք ոչ թե ասում են՝ եկեղեցիները չի կարելի ոչնչացնել, գոնե դրանք պահեք, այլ դա կապում են այսօրվա կենդանի հասարակության հետ, որն օտարված է իր արժեքներից։ Որովհետեւ, եթե այսօր այդ մարդկանց իրավունքները ոտնահարված են, վաղը մենք չենք ունենա նույն այդ արցախյան ինքնությունը։ Ավելին՝ Եվրոպական խորհրդարանը նույն իր բանաձեւերում նշում է, որ Արցախի ժառանգությունը համաշխարհային ժառանգության մի մասն է»։

Այսօր Եվրոպական խորհրդարանի նպատակն է՝ ազդել ՅՈՒՆԵՍԿՕ-ի վրա, որպեսզի կարողանան ապահովել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը տարածաշրջան․ «Այսինքն՝ այդ խորհրդակցության նպատակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին հորդորելն է, որպեսզի առաքելություն ուղարկի տարածաշրջան։ Իհարկե, այդ առաքելության ուղարկումն անընդհատ ճնշվում է Ադրբեջանի կողմից, որովհետեւ Ադրբեջանն ասում է՝ եթե դու գնում ես Լեռնային Ղարաբաղ, ապա դա իմ քաղաքական տարածքն է, ուրեմն գնա նաեւ Հայաստան, որտեղ իբրեւ թե ադրբեջանցիներ են ապրել, եւ իբրեւ թե կա ադրբեջանական ժառանգություն, որը նույնպես ոչնչացված է։ Այսինքն՝ այսօր Ադրբեջանն էներգետիկ պայմանագրեր ունենալով թե՛ Եվրամիության եւ թե՛ աշխարհի շատ երկրների հետ եւ թե՛ մեծ ֆինանսներ ուղղելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրամին, կարողանում է որոշակիորեն նաեւ քաղաքական ազդեցություն ունենալ այդ կառույցների վրա, եւ սա գաղտնի չի արվում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության հիմնադրամին փոխանցումների կտրվածքով Ադրբեջանը գտնվում է առաջին տեղում եւ Ադրբեջանն այն պետությունն է, որ ամենաշատն է ֆինանսավորում աշխարհի ժառանգության պաշտպանությունը եւ, փաստորեն, դրանով ունենում որոշակի ազդեցություն նաեւ այդ կառույցի վրա։ Ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերջերս զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության հանձնաժողովի նախագահող եւ դրանից առաջ էլ փոխնախագահող երկիր նշանակել էր Ադրբեջանին»։

Տարիներ ի վեր Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանն էր, բայց դադարեցրեց իր գործունեությունն այդ պաշտոնում, երբ Ֆրանսիան ուղիղ տեքստերով սկսեց մեղադրել Ադրբեջանին։ «Ամեն դեպքում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կա այդ հովանավորչությունն Ադրբեջանին, եւ իմ մի հոդվածում՝ «Դատապարտման փոխարեն՝ միջազգային խրախուսանքներ», նշում եմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարծես անթաքույց խրախուսում է Ադրբեջանին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախկին նախագահը ներկա է գտնվում Ադրբեջանում կազմակերպված համաժողովներին, խորհրդաժողովներին, ինչ-որ ցուցահանդեսների կամ թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագահը գալիս է Ադրբեջան ու խոսում է, որ Ադրբեջանը հանդուրժող, բազմամշակութային երկիր է։ Այսինքն՝ ունենք պարադոքսալ միջազգային իրականություն, բայց ինչն է շատ կարեւոր, որ 2021-ից հետո մենք արդեն կարող ենք խոսել միջազգային հանրության խոսույթի փոփոխման մասին, որը սկսվեց Հաագայի արդարադատության միջազգային դատարանի որոշումից հետո, այսինքն՝ այն տոտալ անտարբեր վիճակը, որ կար նախկին 30 տարիների ընթացքում, հիմա չկա, եւ վերջին 2-3 տարում միջազգային հանրությունը սկսում է ուղիղ ձեւով եւ ճշմարիտ բառապաշարով աշխարհին ներկայացնել եղելությունը՝ Ադրբեջանին անվանել ցեղասպան, մշակութասպան, անհանդուրժող երկիր, որտեղ խախտվում են մարդու իրավունքները եւ ոչ միայն»։       

Համաժողովի ավարտին որոշում է ընդունվել համատեղ մշակել կոչ՝ ուղղված Եվրոպական միության գործադիր մարմիններին, որտեղ կնախանշվեն հետագա հստակ քայլեր՝ ԼՂ հայկական ժառանգության պաշտպանության համար։