Այնպիսի վիճակ է, որ կրթության որակի հարցը երկրորդ պլան է մղվել

Այնպիսի վիճակ է, որ կրթության որակի հարցը երկրորդ պլան է մղվել

Համավարակով պայմանավորված՝ օրեր առաջ ԿԳՄՍ նախարարությունը որոշում կայացրեց եւս երկու շաբաթով՝ մինչեւ նոյեմբերի 12-ը ներառյալ, երկարաձգել աշնանային արձակուրդը դպրոցներում: Նոյեմբերի 12-ից հետո, կախված համաճարակային իրավիճակից, կքննարկվի ուսումնական գործընթացը երկու ձեւաչափով անցկացնելու հնարավորությունը։ Համաճարակային անբարենպաստ իրավիճակի դեպքում տարրական դասարաններում կիրականացվի առկա ուսուցում՝ անկախ դպրոցի տեղակայման վայրից, պահպանելով  սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը եւ կանոնները, իսկ միջին եւ ավագ դասարաններում` հեռավար ուսուցում։ Այն բնակավայրերում եւ համայնքներում, որտեղ չի գործում հանրային տրանսպորտ, եւ սովորողները չեն օգտվում դրանից, առկա ուսուցում կիրականացվի նաեւ միջին եւ ավագ դասարաններում՝ պահպանելով սանիտարահիգիենիկ նշված նորմերը եւ կանոնները։

Հոկտեմբերի 30-ից ուսումնառությունը հեռավար շարունակում են միայն 12-րդ դասարանցիները եւ ուսումնական տարին կավարտեն ինչպես նախատեսված էր՝ հունիսի 4-ին։ 1-11-րդ դասարանցիների համար ուսումնական տարվա ավարտը կսահմանվի հունիսի 18-ը. առաջին կիսամյակն առաջարկվում է ամփոփել հունվարի 31-ին։

Այս առիթով ուսուցիչները մտահոգ են, թե որքանով է նպատակահարմար առկա ուսուցումը կազմակերպել տարրական դասարաններում, եթե կորոնավիրուսի վտանգը թե՛ երեխաների, թե՛ ուսուցիչների մոտ առկա է հավասարապես։ Ավելին՝ այս պահին քիչ չեն վարակված ուսուցիչները, ըստ այդմ՝ կգտնվե՞ն վարակված ուսուցիչներին փոխարինողներ, թե ոչ, հատկապես եթե նախարարությունը որոշել է անկախ համավարակի թվերից՝ տարրական դասարաններում ուսուցումը վերսկսել նոյեմբերի 12-ից։ Այդուհանդերձ, ուսուցիչների կարծիքով, ճիշտ կլինի առաջին դասարանցիների ուսուցումն առկա ռեժիմով կազմակերպել, քանի որ դժվար կլինի բացատրել երեխային, որ իր դասը հեռախոսի մեջ է։  

Մեկ այլ հարց եւս․ ինչպե՞ս է կազմակերպվելու ուսումնական պրոցեսը մի շարք առարկաների դեպքում, որի ուսուցիչները ե՛ւ տարրական դասարաններում դաս ունեն, ե՛ւ միջին, ավագ դասարաններում։ Ստացվում է՝ նախ տարրական դասարանների հետ դպրոցում պետք է առկա պարապեն, որից հետո հասնեն տուն՝ միջին եւ ավագ դասարանների հետ հեռավար ուսուցումը կազմակերպելու համար։ Ինչը նշանակում է, որ նորից ժամատախտակի փոփոխություն պետք է տեղի ունենա, քանի որ ֆիզիկապես ուղղակի չեն հասցնի։  

Ինչ վերաբերում է հեռավար ուսուցմանը, ապա այս անգամ էլ թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները նույն խնդիրներին են բախվելու՝ տեխնիկայի, ինտերնետ կապի հասանելիություն, ինչը պատերազմական այս շրջանում այլեւս դժվար կլինի ապահովել աշակերտներից շատերի համար։ Ստացվում է՝ ամեն ինչ տանում է նրան, որ այս կիսամյակն էլ հանրակրթական դպրոցներում կամփոփվի հեռավար։

Թե ինչ կարելի է անել այս ընթացքում ուսպրոցեսն ավելի արդյունավետ կազմակերպելու համար, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ ավելի օպտիմալ կլիներ դասերը սկսել հեռավար կարգով, բայց քանի որ կա պատերազմի գործոնը, եւ դպրոցներն այսօր ինչ-որ ձեւերով օգնում են նաեւ ռազմաճակատին՝ կամավորական աշխատանքներ են անում, ցանցեր են գործում, ապա այդ առումով նորմալ էր հետաձգելը։

«Եթե զուտ կրթության տրամաբանությամբ նայենք, ընդամենը մեկ ամիս դաս անելուց հետո մեկ ամսով պրոցեսը դադարեցնելն արդեն բավական հարված է հասցնում, բայց դե՝ հիմա պատերազմով պայմանավորված՝ գուցե դա լավագույն տարբերակն է, մինչեւ խաղաղվի, եւ հասկանանք մեր անելիքը։ Այդ առումով կարելի է համարել ընդունելի, բայց, իհարկե, հուսալ, որ այս երկու շաբաթում կորոնավիրուսի ալիքը կնվազի՝ ռեալ չէ, որովհետեւ բոլորս էլ գիտենք, որ այդ թվերի աճը դեռ որոշ ժամանակ լինում է, առնվազն մեկ ամիս, իսկ շատ տեղերում երկու ամիս կարող է անընդհատ աճել։ Հետեւաբար, կարծում եմ՝ տասն օրից առանձնապես մխիթարական վիճակ չի լինի, ավելին՝ եթե այս սահմաններում էլ մնա, էլի լավ է։ Իսկ այս դեպքում, բնականաբար, արդեն անխուսափելի կդառնա հեռավարը։ Մենք տեսնում ենք, որ աշխարհի շատ երկրներ արդեն լոքդաուն են անում, այսինքն՝ ամեն ինչ են փակում, նույնիսկ՝ խանութներ։ Մեր պարագայում, պատերազմով պայմանավորված, այդ լոկդաունը մեծ գին է ունենալու տնտեսության համար։ Մենք գուցե այդ քայլին չգնանք, բայց կարծում եմ՝ լավագույն լուծումը կլինի այն, որ 1-4-րդ դասարանները կամ գոնե առաջինները գնան դպրոց, որովհետեւ իրենց դեպքում հեռավարը նշանակում է ոչ մի բան, իսկ մյուսների դեպքում հեռավարն անխուսափելի կլինի, բայց դա էլ իր գինն ունի․ մի շարք երեխաներ դուրս են մնալու կրթական համակարգից, խնդիր է առաջանալու Արցախից եկած երեխաների հետ, որոնք իրենց տներում չեն եւ չունեն համապատասխան սարքավորումներ, ինտերնետ։ Նրանց հետ հեռավարն ինչպե՞ս է անցկացվելու։ Այսինքն՝ բազմաթիվ հարցեր են առաջանալու, արդյունքում նաեւ որակական անկում կլինի»,- ասում է կրթության փորձագետն ու հավելում, որ հիմա այնպիսի իրավիճակ է, երբ պատերազմն ու կորոնավիրուսը կրթության որակի եւ ընդհանրապես՝ կրթության հարցը երկրորդ պլան են մղել։

Խաչատրյանի կարծիքով, անհարմարություններ կարող են առաջանալ, եթե, օրինակ, 1-4-րդ դասարանցիների հետ ուսուցիչները պարապեն առկա, իսկ ավելի բարձրերի հետ՝ հեռավար․ «Մենք ունենք, օրինակ, օտար լեզվի ուսուցիչներ, որոնք դասավանդում են ե՛ւ ավագ, ե՛ւ միջին, ե՛ւ կրտսեր դպրոցում։ Ու հիմա իրենց համար շատ դժվար կլինի երկու գրաֆիկով աշխատելը։ Գուցե դա հնարավոր լինի ինչ-որ ձեւ դասացուցակով կարգավորել, կամ, օրինակ, հնարավոր լինի, որ ուսուցիչներից մեկը, որն ավելի ռիսկային խմբում չէ, կրտսերների հետ աշխատի, մյուս ուսուցիչը՝ ավելի բարձր դասարանների հետ։ Սրանք, իհարկե, դժվարություններ կստեղծեն ուսուցիչների համար, բայց լուծվող հարցեր են, եւ միջանկյալ լուծումներ հնարավոր կլինի գտնել»։

Ինչ վերաբերում է առաջին դասարանցիներին, ապա «այստեղ էլ ծնողն ասում է՝ իմ առաջին դասարանցին ինչպե՞ս հեռավար սովորի, հատկապես եթե ծնողներն աշխատում են։ Կամ, ենթադրենք, առաջին դասարանցի երեխա է ու չունի այդ սարքը, հնարավորությունը, ո՞նց է առանց թիվ եւ տառ սովորելու անելու։ Այսինքն՝ ինչ էլ անում ենք, մի մինուս կա»։