Գրանադայի գագաթնաժողովը կարելի է ձախողված համարել

Գրանադայի գագաթնաժողովը կարելի է ձախողված համարել

Եվրոպական քաղաքական համայնքի Գրանադայի գագաթնաժողովը, որին մասնակցել են մոտ 50 եվրոպացի առաջնորդ, տասնյակ օգնականներ եւ լրագրողների «լեգեոններ», կարելի է ձախողված համարել։ Նման կարծիք է արտահայտել Politico պարբերականը։ Ըստ հրապարակման՝ բանն այն է, որ գագաթնաժողովը չի կարողացել, ըստ էության, ինչ-որ էական առաջընթաց արձանագրել որեւէ հարցում՝ լինի դա եվրոպական տարածքում հակամարտությունների կամ այլ տարածաշրջանային որեւէ հարցի առնչությամբ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «սիրելի»՝ այս 3-րդ գագաթնաժողովը, որի ընթացքում նախապես հայտարարվել էր, որ հնարավոր է առաջընթաց արձանագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության կայացման գործընթացում կամ հնարավոր է նվազեցնել լարվածությունը Բալկաններում, կամ էլ ունենալ ռազմավարական քննարկում՝ եվրոպական տարածքի անվտանգության մասով, նշանակալի արդյունքներ չգրանցեց։

Իհարկե, եվրոպական առաջնորդները հանդիպեցին, նորից հավաքվեցին այնտեղ ներկա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու շուրջը, հավաստիացումներ շռայլեցին, որ Կիեւի կողքին են, հատկապես այն ֆոնին, որ ԱՄՆ օգնությունն Ուկրաինային կարող է հայտնվել հարցականի տակ, սակայն դա կարելի է համարել միակ հաջողությունը եւ այն էլ՝ Ուկրաինայի հաջողությունը։ Ղարաբաղի հարցով, ըստ պարբերականի, ոչինչ անել հնարավոր չեղավ, քանի որ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները բոյկոտեցին գագաթնաժողովը, իսկ Բաքուն, հայտարարելով, որ «հարց ու պատասխան» ունի Փարիզի հետ, պնդեց, որ կհամաձայնի բանակցել միայն Հայաստան-Ադրբեջան-ԵԽ նախագահ ֆորմատով, որտեղ ինքը թելադրող է, իսկ Շառլ Միշելը գրեթե իր ներկայացուցիչն է։ Բալկանյան հարցով էլ՝ Սերբիայի եւ Կոսովոյի ղեկավարներին հնարավոր չեղավ բանակցային նույն սեղանի շուրջ բերել, քանի որ Կոսովոյի ղեկավար Վյոս Օսմանին նախապայման դրեց, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ կբանակցի, եթե սերբերի դեմ սանկցիաներ սահմանվեն։

Գագաթնաժողովի ձախողվածությունն ու «ամլությունն» այնքան նկատելի էին, որ նույնիսկ հյուրընկալող երկիր Իսպանիան վերջին պահին չեղարկեց սպասվող ամփոփիչ ասուլիսը, որին մոտ 700 լրագրող պետք է մասնակցեր, եւ որի ընթացքում պետք է հայտարարվեր, որ գագաթնաժողովի նախագահությունն Իսպանիայից անցնում է Միացյալ Թագավորությանը։ Politico-ն արձանագրել է, որ ի սկզբանե էլ գագաթնաժողովի մասնակիցների մոտ առկա է եղել էնտուզիազմի բացակայություն, եւ շատ առաջնորդներ պարզապես չեն էլ ցանկացել հընթացս շփվել լրագրողների հետ, որովհետեւ հատուկ ասելիք չեն ունեցել։