Ամասիայում իշխանությունը որոշել է տապալել ընտրության արդյունքները․ ՔՊ-ականներն ինքնաբացարկ հայտնեցին

Ամասիայում իշխանությունը  որոշել է տապալել ընտրության արդյունքները․ ՔՊ-ականներն ինքնաբացարկ հայտնեցին

Քիչ առաջ տեղեկացանք, որ Շիրակի մարզի Ամասիա խոշորացվող համայնքում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ձայներով առաջատար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել։ Նշենք, որ այստեղ «Արփի-Ամասիա դաշինքը» երկրորդն էր, որը ՔՊ-ին զիջում էր չնչին ձայներով, երկուսին էլ 6-ական մանդատ էր բաժին ընկնում: Մենք գրել էինք, որ  նախապես ինչպես հայտարարվեց, «Ամասիա-Արփի դաշինքը» ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմելու: «Արփի-Ամասիա դաշինքը» գլխավորող Ջեմմա Հարությունյանի խոսքերով, կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չկա, քանի որ օրենքի ուժով ինքը, այսպես թե այնպես, ընտրվելու է համայնքապետ: Չնայած ՔՊ-ի հետ հավասար 6-ական մանդատ ունեն, ըստ օրենքի՝ համայնքապետ է ընտրվում առավել տարեց թեկնածուն: Այս դեպքում Ջեմմա Հարությունյանը տարիքով մեծ է ՔՊ-ի թեկնածուից: Պարզվում է՝ Ջեմմա Հարությունյանի համայնքապետ ընտրվելու փաստը ՔՊ-ականները ոչ մի կերպ չեն կարողացել ընդունել:

Հատկապես դեմ է եղել ՔՊ-ի թեկնածու 38-ամյա Մերգել Ղարիբյանը՝ չհամակերպվելով իր՝ համայնքապետ չդառնալու փաստի հետ: «Հրապարակ» -ի հետ զրույցում Մերգել Ղարիբյանը հաստատեց, որ այսօր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողով  ինքնաբացարկ են  ներկայացրել ՔՊ-ական թվով 31 ավագանու անդամները : Հարցին՝ ինչու, պատասխանեց․  «Երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակի վերջնական արդյունքները, ընդունի դիմումները, հանդես կգանք մեկնաբանությամբ» : Քանի որ սա նշանակում է, որ Ամասիայում նոր ընտրություններ են սպասվում, իրենք պատրաստ են դրան եւ որքանով են համոզված,  որ այս անգամ զգալի ձայներով  առաջատար են լինելուն: «Շատ վստահ ենք, տանելու ենք»,- ասաց նա:

Թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովից էլ տեղեկացանք, որ նիստ են անցկացրել եւ որոշել են, որ այնուամենայնիվ մանդատները հանձնվելու է՝ 6-ը «Արփի Ամասիա» դաշինքին, 3-ը՝ ՀՀԿ-ին։ Այս դեպքում ՔՊ-ականների գրանցումը իրենց դիմումների համաձայն համարվում է ուժը կորցրած։ Ինչը ենթադրում է, որ Ամասիայում նոր ընտրություններ չեն լինելու։