Ակադեմիական քաղաքը կկառուցվի Աշտարակի Գիտավան թաղամասում

Ակադեմիական քաղաքը կկառուցվի Աշտարակի Գիտավան թաղամասում

Արդեն հայտնի է, որ իշխանությունները կրթության ոլորտում արմատական բարեփոխումները մեկնարկելու են բուհերի միավորմամբ, ապա շարունակելու են ակադեմիական քաղաքի ստեղծմամբ։ Դրա մասին Նիկոլ Փաշինյանը դեռ մեկ տարի առաջ էր հայտարարել, իսկ նախօրեին տեղի ունեցած կառավարության նիստում որոշակիորեն մանրամասնեց իր գաղափարը, ինչն աստիճանաբար միս ու արյուն է ստանում։

Անդրադառնալով բուհական համակարգին՝ Փաշինյանը նշել է, որ մեր երկրում չեն գործում բուհական պատշաճ չափանիշներ, բազմաթիվ բուհեր հոգեվարքի մեջ են, եւ պետական դիպլոմն էլ միշտ չէ, որ նշանակում է բարձրագույն կրթություն։ «Այս ոլորտում մենք պատրաստ ենք գնալ բուհերի խոշորացման եւ որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, այնպես, որ ունենանք առավելագույնը 8 կոնսոլիդացված գիտահետազոտական պետական բուհ: Այդ բուհերը կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին»,- ասել է Փաշինյանը կառավարության նիստում, ապա հավելել, որ արդեն կառավարությունը կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցում. այն կկառուցվի Արագածոտնի մարզում` Աշտարակ քաղաքում․ «Միավորվող եւ նորացվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն ակադեմիական քաղաք»:

Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է, որ Աշտարակում է կառուցվելու ակադեմիական քաղաքը, մասնակցե՞լ է տեղի ընտրության քննարկումներին։ «Չէ, տեղյակ չէինք, եւ մենք էլ երեկ ենք կառավարության նիստից իմացել, իսկ նիստից հետո նոր իմացա, թե որ տարածքի մասին է խոսքը։ Դա Գիտավան թաղամասն է, մեր Աշտարակ քաղաքում նման ակադեմիական տեղ ունենք, իսկ մնացած քննարկումները նոր պետք է լինեն»։ Նկատենք, որ Գիտավանը գտնվում է Քասախ գետի ձախ ափին։

Աշտարակ համայնքի ղեկավարն ասում է՝ լավ որոշում է, տեղն էլ հրաշալի է․ «Հարմար բոլոր տեղերից»։ Թե ինչ հնարավորություններ ունի Գիտավանը՝ տարածքային, ենթակառուցվածքների, ճանապարհային եւ մի շարք այլ հարցերի առումով, դժվարանում է ասել․ «Քարտեզով չենք բացել, բայց ինձ թվում է՝ ունի։ Ոնց որ։ Աշխատանքները որ սկսվեն, ավելի առարկայական ամեն ինչը կիմանանք»։  

Ակադեմիական քաղաք ունենալու պոտենցիալ ունի՞ Աշտարակը, եւ ավելի շատ այն կօգնի՞, թե՞ կխանգարի քաղաքին։ «Միանշանակ՝ կօգնի, սիրով պատրաստ ենք բոլոր ուսանողներին ընդունել, մենք էլ, իհարկե, կօգնենք։ Նախնական կառուցվելու են ճանապարհներ, հեսա քննարկումները կգնան, ավելի հստակ կլինի, իսկ հիմա դեռ քննարկման փուլում է, մենք երեկ ենք իմացել եւ ժամկետներին, մանրամասներին դեռ տեղյակ չենք»,- ասաց Թ․ Շահվերդյանն ու նշեց, որ դժվարանում է ասել, թե ինչ չափի ներդրումներ կպահանջվեն ակադեմիական քաղաք ստեղծելու համար։   

Ակնհայտ է, որ մենք ավելի շուտ կտեսնենք Երեւանում բուհերի վաճառքը, բուհական շենքերի օտարումը, քան Աշտարակում ակադեմիական քաղաքի ստեղծումը, հենց այն պարզ տրամաբանությամբ, որ քանդելն ավելի հեշտ է, քան ինչ-որ բան կառուցելը։