Նախագահը մինչեւ վերադառնա...

Նախագահը մինչեւ վերադառնա...

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դարձյալ կտրվել է իրականությունից։ Հայաստանում ամեն օր թուրքը մի քանի կմ առաջ է գալիս, իսկ մեր անդարդ նախագահն արձակուրդում է, ձեռքի հետ էլ՝ աշխատանքային այց է անցկացնում Մոսկվայում։ Մայիսի 8-ին նա մեկնել է արձակուրդ՝ միաժամանակ մեկնելով նաեւ Մոսկվա, իսկ երկու օր անց Մոսկվայում մեկնարկել է նրա աշխատանքային այցը, որի շրջանակներում ՀՀ նախագահը մի քանի օր է՝ շրջագայում է ՌԴ մայրաքաղաքում գործող տարբեր կենտրոններում։

Երեկ, օրինակ, այցելել էր «Յանդեքս» ընկերության գլխավոր գրասենյակ, որտեղ ընդգծել են՝ Հայաստանում հեռանկարային է արհեստական բանականության եւ տվյալների վերլուծությամբ զբաղվող մասնագետների վերապատրաստման նպատակով «Յանդեքս»-ի դպրոցի մասնաճյուղի բացումը։ Նախագահը, հավանաբար, հասկացել է, որ բնական ինտելեկտով, առանց այն էլ՝ այս իշխանությունների «ինտելեկտով» երկիրը տարվում է կործանման, եւ հիմա որոշել է արհեստական ինտելեկտի վրա հույսը դնել։

Այս հույժ կարեւոր ու ծանրաբեռնված հանդիպումների, վազվզոցի արանքում հանրապետության նախագահը, ավելի ստույգ՝ նրա աշխատակազմը, չի զլացել ու նույնիսկ Սյունիքի դեպքերին է անդրադարձել։ Հաղորդագրությունը տարածվել է ոչ թե անձամբ նախագահի, այլ աշխատակազմի անունից, որտեղ ընդամենը հղում է արվում նախագահին, որ Սյունիքում ստեղծված իրավիճակը հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը գնահատում է չափազանց մտահոգիչ եւ կարեւոր է համարում շուտափույթ հանգուցալուծումը: Երեւի նախագահականից «Վոթսափով» զանգել հարցրել են՝ թուրքը մտել է Սյունիք, ու մինչեւ ինքը վերադառնա, կարող է հասած լինի արդեն Բաղրամյան 26-ի մատույցներ, ի՞նչ ասենք ժողովրդին, պարոն նախագահն էլ արձագանքել է՝ գրեք, որ մտահոգիչ է։

Հիշեցնենք․ սա այն նախագահն է, որը գրեթե վստահ պահանջում էր Նիկոլ Փաշինյանի կամ, ավելի շուտ, նրա կառավարության հրաժարականը։ Ճիշտ այն Փաշինյանի ու այն կառավարության, որի թողտվությամբ այսօր թշնամին մի քանի կիլոմետր խորացել է ՀՀ պետական սահմանի մեջ ու դեռ խորանում է, ընդ որում՝ ոչ միայն Սյունիքի մարզի, այլեւ Գեղարքունիքի հատվածում։ Մնում է սպասել եւ տեսնել, թե որ մարզից ավելի շուտ կհասնեն Երեւան, ի մասնավորի՝ Բաղրամյան պողոտա կամ Պռոշյան փողոց։ Բայց մենք չխանգարենք պարոն նախագահին, թող նա նույն տիեզերական հանդարտությամբ շարունակի իր կիսաարձակուրդային աշխատանքը Մոսկվայում, որտեղ նստող պաշտոնյաներից Հայաստանն այսօր օգնություն է խնդրել՝ թուրքի դեմ պաշտպանվելու համար։