Թե ինչու մենք չկարողացանք ինքներս պաշտպանվել, դա ամենացավալի հարցն է, որի պատասխանը չկա

Թե ինչու մենք չկարողացանք ինքներս պաշտպանվել, դա ամենացավալի հարցն է, որի պատասխանը չկա

Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների եւ ՀԱՊԿ դիմելու անհրաժեշտության մասինզրուցել ենք ՀԱՊԿ եւ ԵՎՐԱԶԵՍ ակադեմիայի ռեկտոր Մհեր Շահգելդյանի հետ։ 

- Սյունիքում ստեղծված իրավիճակը հնարավո՞ր չէր կանխել սեփական միջոցներով, կա՞ր արդյոք ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն։ Տեսակետ կա, որ եթե մենք չենք ուզում մեր սահմանը հատած 250 ադրբեջանցու հարցերը լուծել, ի՞նչ ենք ակնկալում ՀԱՊԿ-ից, հատկապես, որ կառույցին ենք դիմել խորհրդատվական օգնության խնդրանքով։

- Ցավոք սրտի, մեր պաշտպանական համակարգը Սյունյաց աշխարհում եւ հարավարեւելյան սահմանում այսօր այն վիճակում է, որ թշնամին կարողանում է հանգիստ մտնել եւ խորանալ կիլոմետրեր, այնուհետեւ տեղադրել հենակետեր, եւ մենք չենք կարողանում ի սկզբանե սահմանին խափանել այդ ներթափանցումը։ Ահա, այս իրավիճակից ելնելով՝ կարծում եմ, որ պետք էր ՀԱՊԿ-ին դիմել, որովհետեւ քաղաքացիական ազգաբնակչությունը մնացել է անպաշտպան։ Այստեղ, անշուշտ, պետք էր աշխատեցնել միջազգային կազմակերպություններին մեր անդամակցությունը, բնականաբար, առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ին։ Իհարկե, պետք է արվեն նաեւ դիվանագիտական քայլեր, բայց սա մի խնդիր է, որը հրատապ լուծում է պահանջում։
Երկրորդ․ ինչո՞ւ դիմել ՀԱՊԿ-ին, որովհետեւ Ադրբեջանի համար որոշակի դիսկոմֆորտ կարող է առաջացնել միջազգային կառույցի շրջանակներում հարցի քննարկումը։ Ուրիշ բան է, որ Ադրբեջանը կփորձի այլ խաղ խաղալ, բայց սա կարեւոր հանգամանք էր։ Թե ինչու մենք չկարողացանք ինքներս պաշտպանվել, դա ամենացավալի հարցն է, որի պատասխանը չկա։ Զինված ուժերն այսօր խիստ անկում են ապրել, որը վտանգավոր է։

- ՀՀ իշխանությունը դիմել է ՀԱՊԿ-ին պայմանագրի ոչ թե 4-րդ հոդվածի հիմքով, որը վերաբերում է այն դեպքերին, երբ անդամ պետությունը ենթարկվել է ագրեսիայի, այլ՝ 2-րդ հոդվածի հիման վրա, որը վերաբերում է այն դեպքերին, երբ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունը ենթարկվում է անվտանգության, կայունության կամ տարածքային ամբողջականության հետ կապված սպառնալիքի։ Ի տարբերություն 2-րդ հոդվածի, որը ենթադրում է զուտ խորհրդատվությունների նախաձեռնում, 4-րդ հոդվածը նախատեսում է անմիջապես ռազմական օգնության տրամադրում։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են ոչ թե 4-րդ, այլ երկրորդ հոդվածի հիմքով դիմել։

- Ըստ իս, իրականությանը, բնականաբար, համապատասխանում է 4-րդ հոդվածը, ինձ համար էլ հարցական է, թե ինչու են դիմել 2-րդ հոդվածի հիման վրա, որը ենթադրում է սպառնալիքի առկայություն։ Իրականում մենք ունենք երեք կետ՝ սահմանի խախտում, Հայաստանի տարածքի մեջ ներթափանցում 3.5-4 կմ-ի չափով, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանման տեղադրում, չնայած արդեն երրորդ օրն է՝ ռուսական կողմն է մասնակցում բանակցություններին եւ նրանց դուրս մղելու գործընթացին։ Սա արդեն կարելի է դիտարկել տարածքի օկուպացիա, իսկ դա այլ հոդվածների մեջ է մտնում։ 

- Ըստ Ձեզ, ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը հապաղում, որոշակի ենթատեքստ կա՞ այս ամենի տակ։

- Ես դժվարանում եմ ասել, որովհետեւ չեմ պատկերացնում որոշումների ընդունման տրամաբանությունը, կարող ենք տարբեր սցենարներ քննարկել, բայց ես տրամաբանությունը չեմ հասկանում։ Այստեղ կա երրորդ խնդիր, որ մենք չպետք է անտեսենք։ Ադրբեջանցիները, համոզված եմ՝ Թուրքիայի պատրոնաժով, իրականացնում են ագրեսիվ փոքր-փոքր քայլերի ռազմավարություն, որն ամերիկացիներն անվանում են «Սալյամիի ռազմավարություն» կամ, ժողովրդական խոսքով՝ «ատամը որքան կկտրի»: Շատ հավանական է, որ սա մեծ ռեգիոնալ պատերազմ հրահրելու փորձարկում է, չի բացառվում, որ Ադրբեջանը փորձում է կազուս բելլի ստեղծել։

- ՀԱՊԿ-ին դիմելու արդյունքում ի՞նչ աջակցություն կարող է ստանալ հայկական կողմը։ 

- Հիշեցնեմ, որ ե՛ւ Բորդյուժան, ե՛ւ Զասը մի քանի անգամ, մինչեւ ՀԱՊԿ դիմելը, արդեն հայտարարել են, որ ՀԱՊԿ-ն իր գործառույթները Հայաստանի պաշտպանության առնչությամբ կկատարի, այսինքն՝ կմասնակցի իր անդամի՝ Հայաստանի պաշտպանությանը եւ ռազմական աջակցություն կցուցաբերի։ Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը ՀԱՊԿ-ի առանցքային պետությունն է, եւ հարավային ուղղությամբ, բնականաբար, Ռուսաստանի դերն է լինելու գերիշխող։ Բայց քանի որ երկրորդ հոդվածի հիմքով ենք դիմել, այս դեպքում արձագանքն ավելի շատ լինելու է ռազմադիվանագիտական, քան միայն զուտ ռազմական, որովհետեւ այդ հոդվածի հետեւանքները դա են ենթադրում։ 

- Ի՞նչ ասել է՝ ռազմադիվանագիտական, խորհրդատվությո՞ւն կտան, թե ինչ պետք է անենք, թե՞...

- Կարծում եմ՝ կլինեն մի շարք գործողություններ, կլինեն շատ հստակ զգուշացումներ, գործողություններ, որոնք մենք միգուցե տեսնենք, միգուցե՝ ոչ․ օրինակ, նախորդ անգամներից դեպք եղավ, երբ ռուսական նավատորմը Կասպից ծովից ցուցադրական զորավարժություններ անցկացրեց Ադրբեջանի ափերի մոտ, այնուհետեւ մեկ օրվա ընթացքում Շոյգույի հրամանով հարավային ռազմական օկրուգի զորքերը զորաշարժի ենթարկվեցին։ Սա ցույց է տալիս պատրաստակամությունը՝ արձագանքելու։ Բայց, այո, արձագանքելու համար պետք է լինի իրավական հիմք, որը Հայաստանը պետք է դիմի։