Ադրբեջանի դեմ սանկցիաներից խոսելը ոգևորիչ է, սակայն մենք դրանք կտեսնե՞նք

Ադրբեջանի դեմ սանկցիաներից խոսելը ոգևորիչ է, սակայն մենք դրանք կտեսնե՞նք

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

-Ֆրանսիայի պառլամենտն Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել, սակայն Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, թե դա պաշտոնական Ֆրանսիայի դիրքորոշումը չէ: Ի վերջո՝ ի՞նչ կարելի է եզրակացնել այս ամենից:

 -Այսօր փաստացի ունենք մի իրավիճակ, որը շատ նման է նախորդ բանաձևից առաջ ունեցած իրավիճակին: Այն ժամանակ էլ Արցախի անկախությունն ընդունելու վերաբերյալ բանաձև ընդունվեց, սակայն Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ դա Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումը չէ: Մինչ օրս, ինչպես տեսնում ենք, չի ճանաչվել Արցախի անկախությունը: Այսօր խոսվում է Ադրբեջանի դեմ սանկցիաների մասին, որը կրկին Ֆրանսիայի ԱԳՆ-ն չի համարում Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումը: Սա Ադրբեջանին տալիս է մեկ հիմնական լծակ. այն է անվերջ մեղադրել Ֆրանսիային հայամետ դիրքորոշման մեջ և այդ պատրվակով փորձ է արվում տապալել Մինսկի խմբի աշխատանքը, նշելով, թե Ֆրանսիան այդ հարցում օբյեկտիվ չէ, ուստի նրան պետք է մեկ այլ երկրով փոխարինել: Այնպես որ Ֆրանսիայի այսօրինակ կեցվածքը նորություն չէ: Մենք ականատես ենք լինում հերթական հակաֆրանսիական ալիքին, որն ամեն օր Ադրբեջանում մեծանում է: Ինչ վերաբերում է գործողությունների հերթականությանն, ապա Ֆրանսիան Ադրբեջանից տնտեսական կախում չունի, չունի նաև գազի գնման հարց: Նա իրեն կարող 1 թույլ տալ խոսել սանկցիաների մասին: Եվրամիության փաստացի դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանը խախտում է մարդու իրավունքները, ազդում է խոսքի ազատության վրա, ինչը դեմ է արևմտյան արժեքներին, սակայն իրենց գազ է վաճառում և դա Եվրոպայի համար շատ կարևոր է: Այսպիսով Եվրոպան աչք է փակում Ադրբեջանի հանցագործությունների, անգամ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու վրա: Այս առումով Ֆրանսիայի ալտերնատիվ դիրքորոշումը շատ կարևոր է մեզ համար, բայց արդյո՞ք դրան կհետևեն փաստացի գործողություններ, խնդիրը սա է: Սանկցիաների մասին խոսելը ոգևորիչ է, սակայն դրանք կտեսնե՞նք արդյոք, սա կասկածելի է:

-Դեկտեմբերի 7-ին կայանալիք Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը տեղի չի ունենա, քանի որ Հայաստանի վարչապետը պահանջել է որպես չորրորդ կողմ բանակցություններին ներգրավել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչը Ալեւին դուր չի եկել: Ի՞նչ հետևանքներ կարող են թողնել տապալված բանակցային գործընթացները:

-Ֆրանսիայի կոնֆլիկտն Ադրբեջանի հետ վաղուց է ծնվել: 44-օրյա պատերազմի ավարտից ի վեր մենք տեսնում ենք, որ Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները բավականին լարված են: Վերջերս Իլհամ Ալիևը Ֆրանսիային բառացիորեն մեղադրեց ցեղասպանության մեջ: Բնական էր, որ նման կոնֆլիկտային իրավիճակում Իլհամ Ալիևը դեմ էր լինելու Մակրոնի ներկայությանը: Ավելին՝ անտրամաբանական կլիներ, եթե Ալիևն այս ֆորմատին համաձայներ:

-Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը բավականին լարված է: Գրեթե ամեն օր նոր կրակոցների մասին ենք լսում: Առաջիկայում լայնածավալ գործողություններ կարո՞ղ են տեղի ունենալ:

-Իրավիճակի սրման վերաբերյալ ավելի հստակ կարող են ռազմական փորձագետներն ասել, բայց դատելով ադրբեջանական պաշտոնական քարոզչության պատկերը, կարող եմ ասել, որ այսօր իրավիճակը շատ նման է պատերազմից առաջ Ադրբեջանի կողմից իրականացվող իրավիճակին: Ադրբեջանն ամեն հարձակումից առաջ նման իրավիճակ է ստեղծում: