Եթե Հայաստանը չի ուզում օգնել Արցախին, ուրեմն պետք է դիվանագիտական խողովակները հանձնի մեզ․ Մետաքսե Հակոբյան

Եթե Հայաստանը չի ուզում օգնել Արցախին, ուրեմն պետք է դիվանագիտական խողովակները հանձնի մեզ․ Մետաքսե Հակոբյան

Երեկ Երևանում խորհրդարանական ընդդիմությունը կազմակերպել էր հանրահավաք՝ ի աջակցություն Արցախի և Հայաստանի։ Նույն ժամին հանրահավաք էր հրավիրվել նաև  Ստեփանակերտում։ Բայց այդ հավաքին մասնակցել է մոտ 15-20 մարդ։ Hraparak.am-ը զրուցել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ և հետաքրքրվել հանրահավաքից, նաև մեկնաբանություն ստացել, թե արդյոք իրակա՞ն են համարում Արցախի՝ Ռուսաստանին միանալու շարժումը։

- Երեկ Արցախում կայացած հանրահավաքի մասնակիցների պահանջը ո՞րն էր։

- Ես հանդիպել եմ այդ քաղաքացիներին, որոնք ի դեպ բոլորն էլ մտավորականներ են։ Նրանք ֆեյսբուքյան սոցիալական հարթակով են կարողացել հավաքի մասին տեղեկացնել հանրությանը։ Մարդկանց մոտ խուճապային տրամադրություն է առաջացել հիմնականում Լևոն Տեր-Պետրոսյանի և Արայիկ Հարությունյանի հանդիպումից հետո։ ժողովուրդը իմաստուն է և ինչ-որ վտանգներ է զգում, տեսնում է նաև Նիկոլ Փաշինյանի վերջին ժամանակների ակտիվությունը, որն ուղիղ կապում է նաև Փառուխի դեպքերի հետ։ Այդ է պատճառը, որ որոշել էին կազմակերպել այդ հանրահավաքը և հանդիպումը Ազգային ժողովում։ Հանրահավաքի ժամին մենք Ազգային Ժողովի արտահերթ նիստ ունեինք։ Նրանց մի մասը մտավ ԱԺ շենք։ Սկսեցին իրենց պահանջները ներկայացնել նախագահին։ Ստիպված եմ եղել խոսել այդ մարդկանց հետ ու դահլիճում հավաքված մարդկանց հարց եմ ուղղել՝  կա՞ մեկը ով 90-ականներից առ այսօր զոհ չի ունեցել։

Բոլորն էլ միանշանակ ասացին, որ չկա այդպիսի ընտանիք։ Այսօր Արցախում չկա մի այդպիսի ընտանիք, որ զոհ, խեղված ընտանիքի անդամ չունենա։ Նրանք շարունակեցին իմ միտքը, որ իրենց հարազատները, որդիները, եղբայրները, հայրերը զոհվել են հանուն այն գաղափարի, որ Արցախը պիտի  հանրաքվեի միջոցով անկախանա և միանա Մայր Հայաստանին։ Եվ իրենք նաև փաստում են, որ որևէ կերպ հետ չեն կանգնելու այդ գաղափարից։ Սակայն այստեղ մի վտանգ կա, և ես իրենց հետ համաձայն եմ, որ այս գաղափարները չեն կապվում ներկայիս և Հայաստանի, և Արցախի իշխանությունների հետ։ Ներկայիս իշխանությունները խանգարում են իրենց այս գործընթացում։ Այսինքն, միանաշանակ վստահ եմ, որ եթե կա Նիկոլ Փաշինյան, իսկ Արցախում կան կամակատար իշխանություններ, ուրեմն խաթարվելու է դա և ինչքան հնարավոր է սեպ է խրվելու հայկական պետությունների, հայերի միջև։ Եվ եթե գա հասնի օրհասական պահը և Արցախը հայտնվի ուղղակի ֆիզիկապես հայկականության ոչնչնացման շեմին, այս պարագայում, եթե կլինի ընտրություն՝ Ադրբեջան, թե՝ Ռուսաստան, որովհետև Հայաստանի Հանրապետության իշխանությունները փաստում են, որ իրենց Արցախը պետք չի։ Եթե կլինի այդ օրհասական պահը, իհարկե, այդ ժամանակ բնականաբար, կընտրվի՝ Ռուսաստանը։ Իրենք դա են ասում, բայց ոչ՝ պահանջում։

Պահանջն այսօր Արցախի անկախության ճանաչումն է։ Եվ դա պետք է արվի այնքան զգուշավոր, որ Արցախի իշխանությունները պետք է կարողանան Հայաստանի իրենց գործընկերներին ստիպել, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչի Արցախի անկախությունը։ Չեն կարողանում, եթե իրենք փաստում են, որ Հայաստանը ի վիճակի չէ ճանաչելու, ուրեմն թող Արցախի Ազգային Ժողովը սկսի մի գործընթաց, որով Հայաստանի Հանրապետությունից կպահանջի, որ վերջինս դիմի այն պետություններին, իհարկե մասնավոր դեպքը դա Ռուսասատանն է, նաև այլ երկրներին, որոնց նպատակը չի լինի այստեղից ռուս խաղաղապահների դուրս բերումը։ Եվ եթե Հայաստանի իշխանություններն այդքանն էլ չեն ուզում անեն, ես կոնկրետ հակված եմ դրան, ուրեմն թող բարի լինեն այդ դիվանագիտական խողովակները տրամադրեն Արցախին, որպեսզի Արցախը կարողանա ուղիղ դիվանագիտական խոսակցություններ վարի, որովհետև համենայն դեպս 3 տասնյակ տարի Արցախի ձայնը եղել են Հայաստանի իշխանությունները՝ նույն խորհրդատվական հիմքերի մեջ։ Այսինքն, Արցախի իշխանութությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքում Հայաստանի իշխանությունները միշտ բարձրացրել են Արցախի ձայնը։

Հիմա մենք ձայնազուրկ ենք՝ մեզ չեն լսում։ Ու ստացվում է այնպես, որ Հայաստանի իշխանությունները մեզ գցել են այդ փակուղու մեջ։ Արցախի իշխանությունները պիտի կարողանան այնպես անել, որ եթե որևէ ճանապարհով Հայաստանը չի ուզում օգնել մեզ, ուրեմն այդ դիվանագիտական խողովակները որպես միջնորդ պիտի տրամադրի Արցախին, որպեսզի մենք կարողանանք հասնել մեր երկրի անկախության ճանաչմանը։

- Իսկ ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի արձագանքը, եթե դուք դիմեք եւ խնդրեք՝ ճանաչել Արցախի անկախությունը։
 
- Մեկ անգամ դրա առիթը եղել է, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը շատ հստակ, պարզ, առանց տողատակերի հայտարարել էր, որ ինչու, օրինակ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում Արցախի անկախությունը։ Եթե դա աներ պատերազմի օրերին, հաջորդը անելու էր Ռուսասատանի Դաշնությունը կամ մեզ բարեկամ որևէ մի երկիր։ Ռուսաստանի նախագահը բազմաթիվ անգամներ դա ակնարկել է։ Եթե անում ենք հակառակը, ուրեմն գնում ենք Փաշինյանի գծած ուղով։ Եթե խնդիր կա՝ մենք մեղադրում ենք ռուս խաղաղապահներին, երբ որ խնդիրը քաղաքական է՝ իրենցը չէ։ Եթե մենք լավ չենք, վտանգված ենք, էլ Հայաստան չկա՞ մեզ համար։ Այսինքն, այդ անձը, ով երեք տարի առաջ այստեղ գոռում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, հիմա Արցախը այլևս Հայաստան չի՞։ Ում խորհուրդ կտա դիմենք։ Մենք ունենք մի մայր Հայաստան, որին պիտի դիմենք, որովհետև Մայր Հայաստանը՝ Արցախի անվտանգության երաշխավորն է։ Երբ իրենք կկանգնեն, կհայտարարեն, որ այլևս Հայաստանի իշխանությունները Արցախի երաշխավորը չեն, մենք կհասկանանք, որ այլևս որևէ տեսակի ձայն չունենք ու կմտածենք ինչ անել այդ դեպքում։

- Մեր տեղեկություններով Անվտանգության խորհուրդը գրությունով դիմել է քաղաքական բոլոր ուժերին՝ զերծ մնալ լրատվամիջոցների հետ զրուցելուց այս ժամանակաշրջանում, կմեկնաբանե՞ք։ Ձեզ էլ է եկել նման գրություն։

-  Արցախի  Անվտանգության  խորհրդում քննարկվել  և  5 կետերից բաղկացած առաջարկներ են արվել, որտեղ ասվում է, որ պետք է զուսպ լինել, խուսափել ավելորդ խուճապից։ Այն պարագայում, որ հենց պաշտոնական լրատվամիջոցը և այս իշխանություններն իրենց կերպարով խուճապի մեջ են պահում Արցախի ժողովրդին։