Բախտախնդիր անձնավորություններ են, որ պատահական հայտնվել են այդտեղ՝ իշխանափոխության արդյունքում․ Սուրեն Բաղդասարյան 

Բախտախնդիր անձնավորություններ են, որ պատահական հայտնվել են այդտեղ՝ իշխանափոխության արդյունքում․ Սուրեն Բաղդասարյան 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ Նորվեգիայի դեմ տարած խայտառակ՝ 0-9 հաշվով պարտությունը բուռն քննարկման առիթ հանդիսացավ ինչպես ֆուտբոլային հասարակության, այնպես էլ ֆուտբոլի երկրպագուների մոտ։ Բայց նաեւ նկատելի է, որ հասարակությունը կարծես թե համակերպվել է մեր հավաքականի շարունակական ձախողումների ու պատահական հաղթանակների իրողության հետ։ Դրանք մի պահ էմոցիոնալ պոռթկում են առաջացնում, ապա մոռացվում։

Հենրիխ Մխիթարյանը, որը  կարծես թե «խանգարում էր» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներին, որ մեր հավաքականը հաղթանակներ տանի, ամեն ինչ արեցին, որ այլևս հանդես չգա հավաքականի կազմում։ Հավաքականի անփառունակ ելույթների շարունակականության, բացթողումների և ֆեդերացիայի անելիքների մասին զրուցել ենք «Ֆուտբոլ պլյուս» թերթի խմբագիր Սուրեն Բաղդասարյանի, ինչպես նաև Setanta Sports Հ/Ը մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանի հետ։ 

Սուրեն Բաղդասարյանի խոսքով, պատճառներից մեկն այն է, որ մենք իրականում ֆուտբոլ չունենք․ «Միջազգային մրցասպարեզներում մրցունակ չենք և Նորվեգիայի հետ հանդիպումը բացահայտ ցույց տվեց մակարդակների տարբերությունը։

Ես նախապես սպասում էի, որ այդպես է լինելու։ Մերոնք չդիմացան նրանց ֆիզիկական ճնշմանը, դրա հետ մեկտեղ նաև Նորվեգիայի ներկայիս սերնդի ֆուտբոլիստները բարձր տեխնիկայի են տիրապետում և շատ արագ  թիմային խաղ են ցուցադրում, մերոնք պարզապես «գնացքի տակ ընկան» և ես չեմ ընդունում, որ Կապառոսն արդարանում էր, թե խաղացողին հեռացրեցին, 11մետրանոցը տեղին չէր։ Պետք է օբյեկտիվ լինել. մրցակիցը բացահայտ ուժեղ էր, եթե համարենք 11 մետրանոցը չկար, գոլը չհաշվենք, այդուհանդերձ, ոչ ֆուտբոլային հաշվով են տարվել՝ 9-0 հաշվով։ Ընդ որում ասեմ, որ Նորվեգիայի առաջատար խաղացողը՝  Հոլանդը առաջին կեսից հետո դուրս եկավ, եթե նա մնար խաղադաշտում, նրանք շարունակեին շատ լուրջ տրամադրությամբ խաղալ, հաշիվը ավելի խայտառակ կլիներ»,- ընդգծեց մեկնաբանը։ 

Երբ Աբրահամ Խաշմանյանի գլխավորած Ազգային հավաքականը Եվրո 2020-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում 9-1 հաշվով պարտություն կրեց Իտալիայի հավաքականից, մարզիչը նախ հանրային պարսավանքի ենթարկվեց, ապա հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից, բայց, օրինակ, նույնը չեղավ Խոակին Կապառոսի դեպքում։ Մենք Ֆուտբոլի ֆեդերացիայից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք պատրաստվում են Կապառոսը, ինչպես նաև Ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հրաժարական տալ, ի պատասխան մեզ ասացին, որ նրանցից և ոչ մեկը չի պատրաստվում նման քայլի գնալ։ 

Ըստ Բաղդասարյանի՝ հանրության անտարբերությունն առաջացել է պարբերական պարտությունների ու անհաջող մրցելույթների արդյունքում․ «Գիտեք ինչ՝ ամենախիստ քննադատողը ես եմ եղել։ Մարդիկ հոգնում են, որ տեսնում են պայքարում ես, որ արդարություն հաստատվի, որ էս մարդիկ արժանի չեն ղեկավարելու ֆեդերացիան։ Հազար անգամ եմ ասել, բախտախնդիր անձնավորություններ են, որ պատահական հայտնվել են այդտեղ՝  իշխանափոխության արդյունքում։ Դու ուզում ես քեզ պատռի՝ ոչինչ չի լինի։ Այսպիսի պարտությունից հետո ցանկացած նորմալ երկրում ոչ միայն մարզչին են հանում, այլև Ֆեդերացիայի ղեկավար կազմին։ Ես ասեմ՝ հավանում եմ, որպես մարդ, Կապառոսին, բայց ինքը կադրեր չունի, հոգեբանորեն օգնում է, բայց ինձ դուր չի գալիս, որ ամեն մի մամուլի ասուլիսի ժամանակ Կապառոսի պես հեղինակություն ունեցող մարդը քծնում է, իրեն չի սազում, որ անընդհատ Ֆեդերացիայի գովքն է անում, ու ես արդեն ինչ-որ բաներ եմ կասկածում, և եթե այսպիսի արդյունք ենք գրանցում, կապ չունի՝ մասնագետը լավն էր, լավը չէր, ցանկացած մարզիչ էլ այդպիսի իրավիճակներում հայտնվում է, միակ ձևը պարզապես մարզչից հրաժարվելն է, չնայած ասեմ, որ ամբողջ մեղքը տեղին չի լինի իր վրա բարդել»։

Թե ինչ կասկածների մասին է խոսքը, Սուրեն Բաղդասարյանը նշեց, որ այժմ չի կարող ասել, ժամանակը ամեն բան ցույց կտա․ «Իրենք որ հրավիրել են Խինես Մելենդեսին՝ տեխնիկական տնօրենին, Իսպանիայից և 2 մլն դոլար ամբողջ խմբին էին տալիս, ես կոկորդս պատռում էի, որ աշխարհում նման բան գոյություն չունի, տեխնիկական տնօրենին, այն էլ թոշակի անցած անձնավորությանը, ինչքան էլ լավ մասնագետ լինի, ի՞նչ արեց, ի՞նչ տվեց, ու՞ր է այդ ծրագիրը, ու՞ր են մեր կադրերը այսօր, կարո՞ղ են ֆեդերացիայից պատասխանել»։ 

Ֆեդերացիան ընկերական խաղում կրած պարտությունից հետո բավարարվեց միայն երկրպագուներից ներողություն խնդրելով և նշելով․ «Վստահեցնում ենք ձեզ, որ շատ կարճ ժամանակահատվածում միասին կվերլուծենք տեղի ունեցածը, կանենք համապատասխան հետևություններ, և Հայաստանի ազգային հավաքականն արդեն հունիսին՝ Ազգերի Լիգայի խաղարկության մեկնարկին, կրկին կներկայանա մարտական տեսքով»: Իսկ թե այս կարճ ժամանակահատվածում ինչ կախարդական փայտիկ է հայտնվելու և ինչպես են կարողանալու մարտական տեսքով վերադառնալ, որը չէին փորձել անել մինչ այս, երևի թե միայն ֆեդերացիայի ղեկավարներին է հայտնի։ 

Այս մասով էլ Բաղդասարյանն իր դիտարկումներն արեց․ «Չհասկացա, ներողությունս ո՞րն է։ Եթե մարդուն սպանում են, հետո ասում են՝ կներե՞ք, սա ֆուտբոլային ինքնասպանություն է։ Մարդուն կա՛մ դատում են, կա՛մ  աշխատանքից են հանում։ Երկու անգամ իրենց ժամանակ խոշոր հաշվով պարտվել ենք, 1-9 հաշվով պարտվեցինք Իտալիային, պատճառ էին բռնում, որ Հենրիխի մայրը՝ Մարինա Թաշչյանը չպիտի գար, եթե գա՝ մենք չենք գնա, մանկական խոսակցություններ ու այս պառակտումը մտցրեցին։ Ես համոզված եմ, որ հենց դա է պատճառը, որ Հենրիխ Մխիթարյանը հրաժարվեց հավաքականում խաղալուց։ Հենրիխը էնքան հայրենասեր է, որ դրանից հետո անգամ եկավ հավաքական, ճիշտ է՝ խաղեր բաց թողեց, որովհետև շատ վիրավորված էր։ Եվ Մխիթարյանի պես ֆուտբոլիստը,  որը այսօր գերազանց մարզավիճակում է գտնվում, հավաքականում չէ, ես վստահ եմ, որ մինչև կարիերայի ավարտը կխաղար հավաքականում, բայց մթնոլորտը այն չէր։ Այս մարդկանցից պետք է ազատվել, նույնիսկ Կապառոսից, որ բոլոր դեպքերում նոկաուտի նման պահ է, էլի եմ ասում՝ Կապառոսի մեղքը շատ քիչ էր, հնարավոր է՝ փոփոխությունները ճիշտ չարեց, բայց եթե հումք չունի՝ ի՞նչ կարող է անել, նա կարո՞ղ է թիմ կառուցել»։

Բաղդասարյանը վրդովված է նաև երիտասարդական հավաքականների մրցելույթներից, ովքեր մեր Ազգային հավաքականի ապագա կորիզը պիտի կազմեն․ «Երիտասարդական հավաքականը Սերբիայի հավաքականին պարտվեց 2֊0 հաշվով, Ազգային հավաքականը Նորվեգիայում պարտվել է 9֊0 հաշվով, 19 տարեկանների հավաքականը էլի խմբում պարտվել է Պորտուգալիայի, Անգլիայի, Իռլանդիայի հավաքականներին։ Իրար գումարում ենք՝ 5 խաղում 23 գոլ են բաց թողել, մի հատ գոլ չեն խփել։ 19- 21 տարեկանները մեր ֆուտբոլի ապագան են, բոլորը 0-ներով պարտվում են միջազգային ասպարեզում, սա խոսում է այն մասին, որ մենք ֆուտբոլ չունենք, պրոֆեսիոնալ մարզադպրոցներ չունենք, նորմալ համակարգ չունենք։ Սա է խնդիրը, իսկ նրանք ուզում են ներողություն խնդրել ու շարունակեն աշխատելը։

Ֆեդերացիայի մասին խոսել չարժե, Կապառոսը, որ ասում է՝ Ֆեդերացիան շատ մեծ գործ է անում, Ֆեդերացիայի գործը ֆուտբոլի մասսայականացումն է առաջին հերթին և հավաքականի ելույթներն է, Ֆեդերացիային չենք կարող մեղադրել ակումբային ֆուտբոլում անհաջողությունների համար, որովհետև դրանք մասնավոր սուբյեկտներ են, իսկ ֆեդերացիայի աշխատանքի գնահատականը այս 0-ներն են և պարտությունները»։

Setanta Sports Հ/Ը մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց․ « Իրականում խնդիրը Հենրիխ Մխիթարյանի մեջ չէ, չեմ էլ ցանկանում նույնիսկ մեկնաբանել՝ Հենրիխն է մեղավոր, թե չէ, որովհետև դա ինձ համար առնվազն ծիծաղելի փաստարկ է, չի կարող Հայաստանի անկախ հանրապետության լավագույն ֆուտբոլիստը խանգարել մյուս ֆուտբոլիստներին, դա անհեթեթություն է, դիլետանտների տարածած սխալ, անհիմն մեղադրանքներն են։ Խնդիրն այստեղ սելեկցիայի և մարզչական մոտեցման մեջ է։ Միևնույնն է՝ մենք խաղում էինք մեզանից առնվազն մի քանի անգամ ավելի ուժեղ հավաքականի հետ և իրականում այս խաղով արտացոլվում է այն պատկերը, որը տիրելու է ազգերի լիգայի առաջիկա խաղարկությանը։ ՀՖՖ ղեկավարությունը ամպագոռգոռ հայտարարում էր, որ մենք ընտրել ենք մեր այս երկու մրցակիցներին ընկերական խաղերում, քանի որ նրանք խաղային ոճով նման են Ազգերի լիգայի մեր մրցակիցներին՝ Շոտլանդիային և Իռլանդիային։ Եթե  այսպիսի խաղով մենք պետք էներկայանանք Ազգերի լիգայի մրցաշարին, ապա վստահաբար մենք այդ մրցաշարում որևէ անելիք չունենք,  որովհետև ազգային հավաքականը նման կերպ երբեք հանդես չի եկել, ոչ մի մարզչի օրոք»,- շեշտեց Գասպարյանը։

Ռոբերտ Գասպարյանի խոսքով, Խոակին Կապառոսը դեռևս Ռումինիայի հավաքականի հետ տարած 3-2 հաղթանակից հետո չի կարողացել արդարացնել սպասելիքները․ «358 օր շարունակ մեր հավաքականը ոչ մի հաղթանակ չի տարել։ Խոակին Կապառոսից մենք ակնկալում էինք, որ նա կներգրավի երիտասարդ ֆուտբոլիստներին, սակայն դա կարծես այնքան էլ հաջող չի ստացվում, այո, այս խաղում կոնկրետ հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ մեր հավաքականը կրեց խոշոր հաշվով պարտություն։ Ես չեմ համարում, որ կարմիր քարտը շատ էական  ձևով ազդեց խաղի ելքի վրա, բայց իր ազդեցությունը բնականաբար ունեցավ, առանց կարմիր քարտի կպարտվեինք 0-7 հաշվով, ինչը որևէ լուրջ տարբերություն չի ստեղծում։ Հարցը էստեղ մոտեցումն է, Կապառոսը արդյունք ցույց չի տվել, ինչի համար, ըստ իս, պետք է պաշտոնանկ արվի և մենք նոր մարզչով պետք է պատրաստվենք Ազգերի լիգային։ Թե ինչ մարզիչ պետք է լինի, դա իմ ասելունը չէ, թող Ֆուտբոլի ֆեդերացիան մտածի»։

Ինչպես և Սուրեն Բաղդասարյանը, Ռոբերտ Գասպարյանը էլ ընգծում է, որ միայն Խոակին Կապառոսի գործոնը չէ նման ելույթների պատճառը․ «Սա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որդեգրած քաղաքականությունն է, տարիներ շարունակ աշխատում ենք, այսպես կոչված, իսպանական մոդելով՝ Խինես Մելենդեսի, որը կարող էր արդյունք ապահովել, եթե հայկական ակումբային ֆուտբոլում ներգրավված մարդիկ հետևեին այդ խորհուրդներին, բայց իմ տեղեկություններով՝ Մելենդեսի ծրագիրը մի շարք ակումբների սրտով չէր և նրանք նույնիսկ չեն էլ ընդունել այդ գաղափարը։ Բացի դրանից, ըստ իս, Մելենդեսի մոտեցումները մի փոքր հնացած մոդելներ են, որոնք  8-10 տարվա վաղեմություն ունեն և դրանց կիրառումը այսօր ես անիրատեսական եմ համարում։ Մեզ անհրաժեշտ է թարմ, ժամանակակից մոտեցում։ 0-9 պարտությունը, բնականաբար, էականորեն և անմիջականորեն Կապառոսի մեղքն է, բայց դա ունի պատճառահետևանքային կապ, դա մանկապատանեկան ֆուտբոլի ծայրահեղ վատ վիճակում գտնվելու հետևանքն է։ Մենք չունենք մանկապատանեկան, երիտասարդական, սիրողական ֆուտբոլ, թեպետ Ֆուտբոլի ֆեդերացիան ամեն տեղ պնդում է, որ կառույցը զարգացնում է մանկապատանեկան և երիտասարդական ֆուտբոլը, բայց արդյունքները դրա մասին չեն վկայում, որդեգրած մեթոդիկան չի արդարացնում սպասելիքները, հետևաբար միայն Կապառոսը չէ խնդիրը»։

Գասպարյանը պնդում է, որ Ֆեդերացիան պիտի կարողանա մանակապատանեկան հավաքականների անդամներին ճիշտ կրթել, զարգացնել, ինչը տեղի չի ունենում․ «Ֆուտբոլիստները հասնում են 18-20 տարեկանի, հետո հասկանում են, որ ֆուտբոլ խաղալով ոչնչի հասնել չեն կարող՝ ֆուտբոլը դիտարկում են զուտ ապրուստի միջոց, իսկ մեր՝ Հայաստանի նման երկրում ֆուտբոլը որպես ապրուստի միջոց ընկալելը, մեղմ ասած, բարդ է և մարդիկ կարիերան ավարտում են 21 տարեկանում։ Սկսում են զբաղվել այլ աշխատանքով՝ ոսկերչությամբ, բիզնեսով, ավտոլվացման կետ են բացում՝ միայն թե ֆուտբոլիստ չլինեն, որովհետև ֆուտբոլիստ լինելով Հայաստանում հեռու չես գնա, գումար չես աշխատի։ Պետք է լավ ֆուտբոլիստ լինես, բայց լավ ֆուտբոլիստ լինելու համար պետք է ունենաս լավ մարզիչ, հոգեբան, բժիշկ, որ քեզ սովորեցնեն։ Այ սա որ լինի մի քանի տարի հետո մենք կունենանք լավ հավաքական, բայց դա  կլինի 4-5 տարի հետո»,- հույս է հայտնում Գասպարյանը։