ԲՏ-ների եւ ԲԱ-ների ժամանակը

ԲՏ-ների եւ ԲԱ-ների ժամանակը

Ոչ այնքան հեռավոր Հայաստանում, որը կա'մ հայրենիք էր, կա'մ պետություն էր, կա'մ էլ տարածք էր, բոլոր բարոյական ցածր սանդղակ ունեցող կանանց ճանաչում էին անուն առ անուն։ Խաղաղ, լավ ժամանակներ էին։ Տարիների հեռվից իրապես երանելի թվացող 70-80-ականներն էին։ Կրթություն, արվեստ, գրականություն, սպորտ... Վերելքների հրավառություն բոլոր ուղղություններով։ Հայերն` ըստ սեփական ինքնաբնորոշման` «ամենաձեռներեցներն» են, «ամենաշինարարները», «ամենամաչոները», ամենա, ամենա, ամենա...

Հիշո՞ւմ եք թեւավոր խոսքն առ այն, որ «Հունաստանում ամեն ինչ կա» (В Греции всё есть)։ Նույնը, Խորհրդային միության կտրվածքով` ասվում էր Հայաստանի առումով։

Բնականաբար կային նաեւ թեթեւաբարո կանայք, որոնց անունները` ինչպես տաղանդավոր արվեստագետների, գիտնականների, պետական գործիչների անունները, հայտնի էին բոլորին։ Չտեղայնացնենք, որպեսզի հոգեկան հուզումների չենթարկենք որոշ բնակավայրերի նվիրյալ հայրենասերներին։ Ընդհանրացնենք ժողովրդական խոսքով. Գեղ չկա, որ բ.. չլնի։ Բայց ամեն դեպքում` երեվույթը այն ժամանակներում` Հայաստանի հասարակության համար բավականին արտառոց էր համարվում։ Եւ դա էր պատճառը, որ տվյալ «ֆենոմենի» բացատրությունը բավականին առեղծվածայնացված էր։ Ասում էին, թե նման դրսեւորման պատճառը ջրի ֆորմուլայից է, օդի բաղադրությունից է, կամ էլ՝ «քոլից» է։ Այլ պատճառներ էլ էին բերվում, բայց այդ ամենը այլեւս միֆ է, քանի որ ներկայումս տվյալ «գործունեության» համար արտառոց, անբացատրելի հիմքեր պետք չեն։ Մի խոսքով, ազգը իր «հերոսներին» ճանաչում էր եւ նույնիսկ որոշ շրջանակներում` արժանացնում բարձր գնահատականների։

Ժամանակն ավաղ անողոք է։ Նրանցից երկուսը` Մարգուշը եւ Վարդուշը` ֆիզիոլոգիական փոփոխությունների հետեւանքով, ձեռք են բերել նոր մասնագիտություն։ «Բիրիքնոցից» առավոտ շուտ ապառիկով, կարտոնե արկղերով գնում են տարբեր տեսակի մրգեր եւ բանջարեղեն, որն էլ իրացնում են Գյուլբենկյան (նախկին` Կուտուզով) փողոցի եզրաքարի վրայից։ Առեւտրի եռուզեռի ընթացքում` «ՎԷՖ» մակնիշի ընդունիչով պարբերաբար հետեւում են քաղաքական զարգացումներին ու անցուդարձին։ Քաղաքականությունը նրանց երկրորդ հոբին է։

Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամ է։ Ընկերուհիները` իրենց մեկնաբանություններով եւ թեժ առեւտրի եռուզեռի արանքում արված դիպուկ ռեպլիկներով, կարելի է համարձակորեն ասել, լիարժեք մասնակցում են պրոցեսին։
-Մարգուշ,-դիմում է Վարդուշը ընկերուհուն` հերթական հաճախորդին ճանապարհելով։ Զարմանում եմ։ Ոնց որ թե թվաբանությունից էնքան էլ վատ չեմ եղել։ Հաշվել գիտեմ։ Դե դու լավ գիտես իմ հնարավորությունները։ Սեթեւեթելով աչքով է անում։

-80-ականներին, մեր արհեստին ասեմ, թե արվեստին ասեմ` ես էի տիրապետում, դու էիր, Չարբախցի Աչոնն էր, էն Ստեփանավանի կողմի` Բոզիգեղցի Լոլոն էր, դե էլի մի քանի հոգի կային։ Բա էսքան ԲՏ-ներ ու ԲԱ-ներ ո՞րտեղից հայտնվեցին էս խեղճուկրակ երկրում և հատկապես երեսփոխանական համայնքում։

Մարգուշը, որը ժամանակին գերում էր «արուներին», ինչպես նոր ԲՏ-ներից մեկն է արտահայտվել, իր հանգավոր, գեղեցիկ խոսքով, քանի որ ուներ բանասիրական совсем թերի կրթություն եւ ծանոթ էր հայ պոեզիայի որոշ գոհարներին, թախիծով նայում է Վարդուշին եւ հարմար քառյակ չհիշելով` վեր է քաշում ուսերն ու պոետիկ հառաչում. Էէէ, եսիմ!

Վարդուշը` քաղցրալեզու, թերակշռելով հերթական գնորդին` պատասխան հառաչում է. 
-Հաա, ես էլ իմ, քուրս։
Հետո մտածկոտ ավելացնում է.
- Չէէ, սա մարդու բան չի, սա սատանայի ինկուբատորի հունար ա... Ախր ոնց որ դրանք բոլորը մի հորից ու մի մորից լինեն:

Աշոտ Նազարյան