Վերափոխվելն այլընտրանք չունի

Վերափոխվելն այլընտրանք չունի

Եթե մենք ցանկանում ենք ապրել մեր հայրենիքի այս փոքրիկ անկյունում, ապա պետք է վերափոխվենք: Վերափոխվենք հոգով, մտածողությամբ և նույնիսկ մարմնով: Վերափոխվել ասելով նկատի ունեմ Արցախյան հաղթական պատերազմից այս կողմ եղած ողջ պատմության վրա խաչ քաշելը: Որպես պետություն մենք չկարողացանք օգտվել հայորդիների արյան գնով ձեռք բերված հաղթանակից: Հատկապես այն դեպքում, երբ երկիր մոլորակի վրա աշխարհակարգ էր փոխվում, իսկ միջազգային իրադրությունն էլ բարենպաստ էր մեզ համար: Այժմ կրկին նույն վիճակն է՝ կրկին աշխարհակարգ է փոխվում: Սակայն ի տարբերություն 90-ականների սկզբի՝ միջազգային իրադրությունն անբարենպաստ է: 

Ինչպես նաև ի տարբերություն մեր ղեկավարների՝ Բաքվի խանը կարողանում է օգտվել այդ փոփոխությունից: Եվ եթե մենք մեր ձեռքը չվերցնենք մեր ճակատագիրը, ապա 100 տարի առաջվա Ալեքսադրոպոլի պայմանագրի պայմանները մեզ երանություն կթվան: Որոնցով Հայաստանի Հանրապետությանը հատկացվում էր ընդամենը 10-12 հազար քառ/կմ: Այն էլ թուրքական պրոտեկտորատի, այսինքն՝ միաժամանակ հովանավորության և ենթակայության, ներքո:
Որքան հասկանում եմ, ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձը ծանոթ է 1920 թվականի կապիտուլյացիոն պայմանագրին: Այդ անձը գիտակցում է նաև, որ իր իշխանության պարագայում Հայաստանը չի կարող պատերազմել Ադրբեջանի դեմ: Եվ, բնականաբար, փորձում է խուսափել հերթական պատերազմից՝ հովանավորություն փնտրելով Արևմուտքում: Հատկապես, որ մի այդպիսի պայմանագիր ինքն արդեն ստորագրել է երկուսուկես տարի առաջ: Բայց միաժամանակ փորձում է կապերն ամբողջովին չխզել Մոսկվայից, քանի որ վախենում է անկանխատեսելի հետևանքից: Անկանխատեսելի ոչ թե Հայաստանի, այլ իր անձնական իշխանության առումով:

44-օրյա պատերազմում խայտառակ պարտության պատասխանատուն և մեղավորը լինելով հանդերձ՝ ինքն, այնուամենայնիվ, պատասխանատվությունն ու մեղավորությունը որոշ չափով կիսում է իր նախորդների հետ: Որովհետև հետպատերազմական քառորդ դարում նախկինները չբռնեցին զարգացման այն ուղին, որով անցել էր կես հարյուրամյակ առաջ նոր կազմավորված Իսրայել պետությունը: Հիշեցնեմ՝ պետականության հռչակման հենց հաջորդ օրը երկիրը երեք կողմից ենթարկվեց հարձակման: Ավելի քան մեկ տարի տևած՝ արաբական 5 երկրների դեմ պատերազմն ավարտվեց հրեաների հաղթանակով. թեկուզ փոքր, բայց տարածքային ձեռքբերումով: Եվ այսօր ընդամենը 75 ամյակը նշող Իսրայելը կարող է ինքնուրույն ապահովել իր անկախությունը, ինչն ինքը հաստատել է բազմիցս: Հաստատել է նույնիսկ այն ժամանակ, երբ չի ունեցել կանոնավոր բանակ և համապատասխան սպառազինություն՝ պատերազմելով այդ ամենն ունեցող թշնամիների դեմ, որ երեք կողմից հարձակվել էին իր վրա:
Մի բանում համաձայն եմ նրա հետ՝ մենք  պետք է պատրաստ լինենք խաղաղության:

Սակայն ոչ թե նիկոլական, այսինքն՝ պարտվողական, այլ հաղթական խաղաղության: Ինչի համար պետք է պատրաստ լինենք պատերազմի, ինչն իր վարչապետության պարագայում չլինելու բան է: Այսօր արդեն նշանակություն չունի այն հարցը, որ 44-օրյա պատերազմի պարտությունը կարող էր լինել նախապես պայմանավորված: Նշանակություն չունի, քանի որ Իսրայելի դեպքում, օրինակ, նման պայմանավորվածություն, նախ, չէր կարող լինել: Իսկ եթե, այնուամենայնիվ, չար մի կախարդանքի միջոցով այն տեղի ունենար, ապա անմիջապես կլուծվեր գլխավոր հրամանատարին փոխելու հարցը: Բայց դա, դժբախտաբար, մեզանում կյանքի չկոչվեց: Կյանքի չկոչվեց նույնիսկ պատերազմի հաջորդ տարին՝ 2021 թվականի փետրվարին: Այն ժամանակ, երբ առկա էին բոլոր անհրաժեշտ պայմանները: Ինչը նշանակում է, որ պարտությունը միայն Նիկոլինը չէր, այլ ողջ ազգինը: Եվ այդ թվում նաև նախկիներինը, որոնք երկիրը հասցրին այնպիսի վիճակի, որ, նախ, հայտնվեր նիկոլանման մեկը: Իսկ այնուհետև այդ մեկը երկիրը տաներ պատերազմի, որպեսզի մի քանի հազար զոհի գնով թշնամուն հանձներ Արցախը: Իսկ այնուհետև սպառնալիքներ ստեղծեր նաև Հայաստանի Հանրապետության առումով:

Ի դեպ, առկա է նաև նիկոլական, այսինքն՝ պարտվողական խաղաղության մեկ այլ կողմը. դա Ադրբեջանի կողմից, ինչպես խոսում են, միջազգային դատարաններ 1,3 տրիլիոն դոլարի հայց ներկայացնելու հեռանկարն է: Որի մի մասի փոխարեն Իլհամը փորձելու է ձեռք բերել ողջ Սյունիքը: Այդ մասին այսօր նա լռում է, քանի որ իրեն անհրաժեշտ է թղթի կտոր, որպեսզի պահպանի իր իշխանությունը: Չգիտես ինչու, լռում է նաև ընդդիմությունը. ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն, աչքիս, տեղյակ չեն դրա մասին: Բայց եթե տեղեկանան՝ արդեն շատ ուշ կլինի ինչ-որ բան փոխելու համար: