Թող ձեռքերը հեռու քաշեն ինձնից ու իմ երեխաներից. ավագանու անդամ

Թող ձեռքերը հեռու քաշեն ինձնից ու իմ երեխաներից. ավագանու անդամ

Սյունիքի մարզի Տեղ համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը մեզ հետ զրույցում ասում է, որ համայնքում հողեր են օտարվում, մարդկանց վարձակալական հողերի կարգ են փոխում, իսկ հանձնաժողովի անդամներից ոչ ոք տեղյակ չի լինում։

«Երկու կամ երեք նիստ առաջ օտարել են մի հողամաս՝ Արցախյան խճուղում, որի վրա անասնաբուժարան կա։ 2019-2020 թվականին համայնքի ղեկավարությունը փոխանցել է 4 միլիոն դրամ, որ այդ ծրագրերը կյանքի կոչվեն՝ անասնաբուժարանը ծառայի յոթ բնակավայրերին, որ մարդիկ ստիպված չլինեն Գորիս հասնել՝ անասնաբուժական դեղ առնեն։ Այդ հողամասը` 100 քառակուսին ընդամենը 50 հազար դրամով, այսինքն, մեկ քառակուսու արժեքը ընդամենը 5000 դրամով համայնքապետը որոշել է, որ պիտի սեփականաշնորհվի համայնքի անասնաբույժի կողմից։ Անասնաբույժն է օտարում, բայց սխալ են այնտեղ ներկայացրել` ծանրաբեռնված հող է, պատկանում է համայնքին: Ինչպե՞ս են օտարել այդ հողը, եթե դրա վրա կա համայնքին, բնակիչներին ծառայող և գործող անասնաբուժարան։ Ես խնդրում եմ` արտահերթ են անում, մարզպետարանից են հրավիրում, վերահսկողական ծառայությունից, տարածքային կառավարման նախարարությունից, թող բոլոր տեղերից գան, արտահերթ նիստ հրավիրեն ու այդ որոշումը ուժը կորցրած համարեն ու հետ տան անասնաբուժարանը բնակիչներին»,-ասում է Զեյնալյանը։ 

Նա կապ է հաստատել Սյունիքի մարզպետարանի Կադաստրի վարչության պետ Կոստանդյանի հետ, տեղեկացրել է, որ համայնքային սեփականություն հանդիսացող շինությունը օտարել են։

«Ես ուզում եմ հասկանալ 50 հազար դրամով ինչպե՞ս են օտարել գործող անասնաբուժարանը, չգիտեմ ոնց են ներկայացրել, ոնց են խախտել օրենքը, բայց փաստացի անասնաբուժարանը կա, գործում է: Ինչպե՞ս է անասնաբույժը` թե որպես անհատ ձեռներեց աշխատում, թե որպես համայնքապետարանից աշխատավարձ ստացող։ Գիտե՞ք, քանի այդպիսի աշխատող կա, որ համայնքապետարանից, տարբեր տեղերից գումար են ստանում»,-ասաց Զեյնայանը եւ հավելեց, որ պահանջում է մարզպետարանի վերահսկման ծառայությունից կամ տարածքային կառավարման նախարարությունից պարզաբանում` կատարվածի վերաբերյալ։

«Համայնքի ղեկավարի տեղակալը Վարդան Ղուկասյանին ասում է, որ մեր բյուջեն սուղ է և չենք կարող Խնածախի ճանապարհը ասֆալտապատել։ Դե իհարկե, եթե մի մարդը լինի և Ա/Ձ, և համայնքապետարանից ստանա աշխատավարձ, մեր վիճակն էլ սա կլինի։ Եվ թող ձեռքերը քաշեն` թե ինձանից, թե իմ երեխաներից»,-հայտարարեց ավագանու անդամը։

Մեր հարցին, արդյոք սպառնալիքներ ստացե՞լ է իր կամ երեխաների հասցեին, ասաց, որ դեռևս այդ մասին կլռի, սակայն անհրաժեշտության դեպքում արդեն անուններ կհրապարակի։