Վնասի կեսից հետ դառնալն ավելի անվնաս է

Վնասի կեսից հետ դառնալն ավելի անվնաս է

Նախապես ասեմ, որ այն, ինչ հիմա կփորձեմ շարադրել, արդեն ասել եմ ամիսներ առաջ, երբ համաճարակը նոր էր սկսվում Հայաստանում, տեղյակ եմ պահել պարետատանը եւ ստացել պատասխան՝ Ձեր առաջարկությունները քննարկվում են, բայց, ցավոք, ոչ մի առաջարկություն ուշադրության չարժանացավ։ Փորձեցի թերթի միջոցով կարծիք հայտնել` դարձյալ անիմաստ։
Իհարկե, իմ հնարավորության չափով կարողացա օգնել 100 ընտանիքի, բայց օգնությամբ ու բարեգործությամբ հարց չես լուծի։ Վարակը տարածվում է կայծակի արագությամբ։

Հարգելի կառավարություն, մի՞թե Ձեզ չի թվում, որ կանգ առնելու ժամանակն է։ Այսպիսի փոքր երկրում այդպիսի վարակի տարածումը եւ մահերի թիվը սթափության կոչ չէ՞, որ անցնեք խստագույն կարանտինի։ Ունենալով դրա անհաջող փորձը՝ ժամանակն է ամբողջովին վերանայել նախկին կարանտինի անհաջողության պատճառները։ Կարծում եմ՝ մեկ շաբաթը լիովին բավարար է խստագույն արտակարգ դրություն մտցնելու համար նախապատրաստվելուն, վերջ տվեք սեւերի եւ սպիտակների բաժանումը, դատական եւ հետապնդման աշխատանքներին, ֆեյքերի շարժմանը, ընդդիմադիրների կողմից հնչած քննադատություններն արհամարհելուն։ Պետք է ցուցակագրել անապահով ընտանիքներին եւ ուղղակի դրամական օգնություն ցուցաբերել։ Անհրաժեշտ է առաջին հերթին դիմել հայ ժողովրդին, ովքեր կարող են ցուցաբերել դրամական օգնություն։
Իսկ անհրաժեշտության դեպքում դիմել այլ պետությունների եւ կազմակերպությունների՝ բժշկական սարքավորումների եւ դրամական օգնության համար։ 

Հույսը դնել միայն մարդկանց ինքնագիտակցության վրա՝ նշանակում է չկառավարել։
Սպորտային համալիրներում, մշակույթի օջախներում բացել դաշտային հիվանդանոցներ, չէ՞ որ տուն ուղարկելու դեպքում դուք լավ գիտեք, որ կվարակվեն ոչ միայն ամբողջ ընտանիքի անդամները, այլ նաեւ հարեւանները, բարեկամները։ Մեկ շաբաթվա ընթացքում հաշվառման ենթարկեք այն մարդկանց, որոնք ի վիճակի չեն ինքնուրույն խանութ գնալու, եւ նրանց օգնություն ցուցաբերեք տանը։ Անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել նաեւ բանակի ուժերը, չէ որ դժոխքից այն կողմ ոչինչ չկա։

Վերջ տվեք թղթերով մարդկանց ազատ տեղաշարժը։ Մարդիկ պետք է գնան միայն իրենց բնակավայրին ամենամոտ գտնվող մթերային խանութը կամ դեղատունը, իսկ հիվանդանոց՝ միայն հատուկ կանչի դեպքում։ Դադարեցրեք ամբողջ շարժը, իսկ երեկոյան ժամը 20։00-ից մինչեւ առավոտյան 07։00-ն հաստատեք պարետային ժամ։ Սգո եւ այլ արարողություններին պետք է ներկա լինեն բացառապես ընտանիքի անդամները եւ ոչ ավել` հատուկ պարետի ներկայացուցիչների թույլտվությամբ, որոնք պետք է գործունեություն ծավալեն մարզերում։
Ես համոզված եմ՝ դուք հասկանում եք վիճակը, եւ պետք է գնալ ամենածանր եւ արտակարգ քայլերի, հակառակ դեպքում, ստիպված՝ ժողովուրդն ինքնաբուխ կանի ձեր փոխարեն։

Վալտեր ՄԱՐՈՒԹՅԱՆ
ՄԱԿ բարձրաստիճան դիվանագետ