Սերժ Սարգսյանի ինստագրամյան մեսիջները

Սերժ Սարգսյանի ինստագրամյան մեսիջները

Ինստագրամում Սերժ Սարգսյանի անունով էջ կա, որտեղ նրա լուսանկարներն ու տեսանյութերն են՝ իր պաշտոնավարման ժամանակաշրջանի։ Գուցե անձամբ չի վարում էջը, բայց վստահ ենք՝ լավ տեղյակ է դրանից։ Այն սոսկ հին ու բարի հուշերի արխիվ չէ, որն օգտագործվում է PR նպատակներով։ Սերժ Սարգսյանի տեղադրած ամեն մի տեսանյութ ու լուսանկար հետաքրքիր մեսիջ ու քաղաքական ենթատեքստ ունի։ Գրեթե ամեն մի հրապարակում Նիկոլ Փաշինյանի այս կամ այն քայլին, հայտարարությանն ուղղված պատասխան է։

Օրինակ՝ երեկվա նշանակումների ֆոնին Սերժ Սարգսյանի ինստագրամյան էջում հայտնվեց մի լուսանկար, որտեղ Օնիկ Գասպարյանն է՝ Սերժ Սարգսյանի կողքը կանգնած։ Ասել է թե՝ երրորդ նախագահն ուզում է ցույց տալ, որ Գասպարյանը եւս իր կադրն է եղել։ Դրանից մի որոշ ժամանակ առաջ էլ Սերժ Սարգսյանը բանակում զինվորների հետ հանդիպումից էր մի նկար հրապարակել ու տակը ակնհայտ քաղաքական տեքստ շարադրել։ «Ոչ ոք չգիտի, թե յուրաքանչյուրի մահն ինչպես եմ վերապրել։ Ես՝ գերագույն գլխավոր հրամանատարս, ով ուղղակի իրավունք չունի թուլություն ցույց տալու։ Յուրաքանչյուր հերոսի հետ վերապրել եմ իր ողջ կյանքը եւ առավոտյան սառը հայացքով հակահարվածի նոր հրաման եմ տվել։ Մենք պետք է ունենանք անվտանգության ուժեղ ձեռք, պոպուլիզմը կամ թուլությունը անվտանգության բուրգի գագաթում կկործանի մի ողջ ժողովուրդ»,- գրել է Սարգսյանը՝ զինվորի հետ լուսանկարի ներքո։ Հասկանալի է, չէ՞, թե ում են այսօր մեղադրում պոպուլիզմի մեջ, եւ ում է ակնարկում Սերժ Սարգսյանը՝ խոսելով պոպուլիզմի կործանարար հատկության մասին։

Մայիսի 28-ին էլ՝ Հայաստանի առաջին հանրապետության օրը, Սերժ Սարգսյանն Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ էր լուսանկար հրապարակել, սակայն առանց մեկնաբանության։ Նույն օրը մեկ այլ լուսանկար էլ հրապարակվել է հետեւյալ մեկնաբանությամբ․ «Պատմությունից դասեր չառնելու դեպքում, սովորաբար, այն կրկնվում է»։ Ամենաուշագրավը թերեւս մայիսի 25-ին, 2018-ի հեղափոխության օրերին, «Մարիոթ» հյուրանոցում Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան «ռյուկզակով» հանդիպումից հրապարակված տեսանյութն է։ Սերժ Սարգսյանը հրապարակել է հանդիպման հենց այն հատվածը, որտեղ նա Նիկոլ Փաշինյանին ասում է․ «Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, Դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից, եւ եթե այդ տոնով պետք է խոսել, ապա ինձ մնում է Ձեզ մեկ անգամ եւս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ եւ, ընդհանրապես, տրամաբանական գործողությունների սահման։ Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը Ձեզ վրա է։ Ընտրեք»։

Թերևս հասկանալի է, թե ինչու է Սերժ Սարգսյանը 2 տարի անց՝ Հայաստանի համար ճգնաժամային այս օրերին, «հիշել» այդ հանդիպման մասին եւ առանձնացրել հենց այն հատվածը, որտեղ նա Նիկոլ Փաշինյանին խրատում է՝ լինել պատասխանատու։ Իսկ դրանից ընդամենը 1 օր առաջ Սերժ Սարգսյանի էջում հրապարակվել էր Վլադիմիր Պուտինի հետ մի նկար, որտեղ երեւում է, թե ինչպես է ՌԴ նախագահը ձեռքը մտերմաբար գցել Հայաստանի նախագահի ուսին։ Եվ սա՝ Հայաստանի իշխանությունների նկատմամբ ՌԴ «անվստահության» եւ ոչ այդքան բարիդրացիական վերաբերմունքի ֆոնին։