Հայաստանը միակ ելք ունի՝ կանխահաս ընտրություններ․ «Ակօս»-ի խմբագիր

Հայաստանը միակ ելք ունի՝ կանխահաս ընտրություններ․ «Ակօս»-ի խմբագիր

Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմից հետո նոր թափ են հավաքել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսակցությունները։

Մարտի 1-ին «Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը լուսանկար տարածեց, որում երևում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը և հայազգի գործարար, «SOS-Armenie Cote d՝Azur» կազմակերպության ղեկավար, պոլսահայ գործարար, Ֆրանսիայի քաղաքացի Սամսոն Օզարարատը։ 

Օզարարատը դեռևս 90-ական թվականներից միջնորդի, կապավորի դերակատարում է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների միջև բանակցությունների մեջ։ 

Սամսոն Օզարարատը 1993 թվականին եղել է ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի և թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության («Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թև) նախկին առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի միջև Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի «Կրեյոն» հյուրանոցում հանդիպման կազմակերպիչներից մեկը։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին պոլսահայ գործարարը եղել է նրա խորհրդականը, Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրների հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչը։ Նա նաև մասնակից է եղել 2008-09 թվականներին երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախկին նախարար (2008-18) Էդվարդ Նալբանդյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությանը»:

Նշենք, որ երեք նախագահների պաշտոնավարման տարիներին հայկական դիվանագիտությունը երբեք այսպիսի խղճուկ վիճակում չի եղել, որ թուրք-ադրբեջանական ամեն պահանջ կատարողի դերը ստանձնի և զիջի ամեն պահանջվածը, այդ թվում՝ Հայաստանի և Արցախի տարածքները և անվտանգությունը, ինչպես անում է իմքայլական «դիվանագիտությունը»։

Թեմայի շուրջ «Հրապարակ» թերթը խոսել է պոլսահայ լրագրող, «Ակօս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ։

- Պարո՛ն Էստուկյան, ըստ Ձեզ՝ Սամսոն Օզարարատն ինչո՞ւ է եկել Հայաստան։

- Սամսոն Օզարարատը հաճախ է գալիս Հայաստան։ Հիմա հատուկ ինչ իմաստով է եկել Հայաստան, տեղյակ չեմ։ Ձեզանից եմ լսում, որ Հայաստանում է։ Ճիշտ եք այդ հարցադրման մեջ, որովհետեւ այդ մարդը միշտ Թուրքիո արտաքին գործոց նախարարության և Հայաստանի արտաքին գործոց նախարարության հետ շփումներ ունեցել է։ Միշտ այդ շփումների մեջ ծանոթներ ունեցել է և այդ ծանոթների միջոցով բանակցություններ ունեցել է։ Չգիտեմ՝ հատուկ պաշտոնո՞վ է եկել, թե՞ոչ։

- Հնարավո՞ր է, որ հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ինչ-որ մասնակցություն ունենալու համար է եկել։

- Կարող է, անկարելի երևույթ չէ։ Որովհետև գիտեք, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։ Այդ պարագայում միջնորդները կարող են կարծիքների շոշափումներ ունենալ, տեսնել, խոսել, մտքեր փոխանակել։

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ ֆրանս-թուրքական հարաբերությունների կարգավորման կոնտեքստում փորձում են հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել։ Որովհետև Մակրոնը 2 ամիս առաջ «հաշտեցման նամակ» էր ուղարկել Էրդողանին։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Ֆրանսիան բավականին ակտիվ է գործում Հայաստանի հետ հարաբերություններում։ Ֆրանսիայի դեսպանը վերջերս հանդիպեց Հրազդանի քաղաքապետի հետ, Կոտայքի մարզպետի հետ։ Ֆրանսիայի դեսպանն ակտիվ շրջայցեր է ունենում Հայաստանում։

- Շատ զգուշորեն չեմ հետևել, որ կարծիք հայտնեմ։ Բայց մի բան հստակ է, որ Ղարաբաղի պատերազմի ավարտվելուց հետո ձայներ լսվեցին, ըստ որի (կարծեմ, Փաշինյանն ասաց), «այլևս շրջափակման պատճառ չմնաց»։

- ԱԳ նախարար Արա Այվազյանն էր ասել։

- Կարևոր չէ՝ ով է ասել։ Դա, ըստ ինձ, անընդունելի խնդիր է, որովհետև հիմա Հայաստանն է, որ պետք է որոշում կայացնի՝ Թուրքիո հետ հարաբերություններին պետք է բարելավու՞մ, թե՞ ոչ։ Որովհետև, գիտեք, Թուրքիան 30 տարի Հայաստանի հանդեպ թշնամական վերաբերմունք ցուցաբերեց և զինվորական մասնակցություն ունեցավ Հայաստանի դեմ։ Եվ հիմա պետք է ասի՝ «Եկե՛ք առևտուր անենք, մեր գործարարները գան, իրենց ապրանքը ծախեն»։ Կարծեմ, այդ մեկում հայկական կողմը ոգևորված է։ Այդ առումով պետք է ասել, որ Հայաստանը պետք է զուսպ մնա։ Ինքը ցանկացողը թող չներկայանա, ընդհակառակը, մի քիչ թող մերժողական դիրքի մեջ գտնվի Թուրքիո հանդեպ։

- Վտա՞նգ եք տեսնում, որ թուրք գործարարները կարող են մտնել ու ամբողջովին հեղեղել Հայաստանը, ինչպես Վրաստանի դեպքում եղավ։

- Արդեն մտել են։ Թուրքական ահագին մակնիշներ Հայաստանի շուկայի մեջ տեղ ունեին։ Ասենք՝ կահույք սարքողներ, սառնադարանի պես բաներ սարքողներ Հայաստանի մեջ խանութ էին արդեն բացել՝ «Իստիկբալ» կահույքի խանութը, «Բեկո»-ն, ես Երևանի մեջ տեսել եմ։ Եվ դրանց շարունակությունները, անշուշտ, որ նոր շուկայի են սպասում ներմուծելու համար։

- Իսկ, պարո՛ն Էստուկյան, այն հանգամանքը, որ Չավուշօղլուն, Իբրահիմ Քալընը, Էրդողանը, «Գորշ գայլերի» առաջնորդ Բահչելին դատապարտող հայտարարությունով հանդես եկան, որ Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբը կոչ արեց Փաշինյանին հրաժարական տալ։ Թուրք պաշտոնյաների դատապարտող հայտարարություններն ինչո՞վ էին պայմանավորված։

- Այդ մեկը, կարծես թե, համաշխարհային կեցվածք է։ Որովհետև իրենց մոտ սահմանված է։ Եվրոպական ահագին կառույցներ նույն ընթացքը բռնեցին։ Վերջապես, զինվորական միջամտությունը խորհրդարանական վարչակարգ ունեցող երկրի մեջ անընդունելի երևույթ է բոլորի համար։ Այսինքն՝ այստեղ արտակարգ բան չկա։ Այդ պատճառով Թուրքիան էլ արձագանքեց, բայց թե ինչու այսչափ լայնածավալ, չգիտեմ։ Բայց զարմանալի բան չկա այդ ասվածի մեջ։ Այդ նույն դատապարտումը եկավ եվրոպական երկրներից, Միացյալ Նահանգներից։ Այսինքն՝ միայն Թուրքիո հատուկ երևույթ չէր այդ մեկը։ Հետևաբար Թուրքիո քաղաքական գործիչները նույն կերպ վարվեցին։

- Բայց Հայաստանում հեղաշրջման փորձ չի եղել։

- Տեսեք, զինվորների այդ նամակը Թուրքիո մեջ փորձված երևույթ է։ Եվ ամեն անգամ գործող իշխանությունը հրաժարվել է, ստիպված իշխանափոխություն է եղել։ Այդ մեկը պատահել է, օրինակի համար՝ 1971-ին։ Ճիշտ այս նույն օրինակով եղավ։ Նամակ գրեցին, այդ նամակը նույնիսկ կոչվում էր՝ «Մուհթըրա», այսինքն` հրամանագիր, պայմանագիր։ Եվ այդ ժամանակ Սուլեյման Դեմիրելի կառավարությունը ստիպված եղավ հրաժարական տալ։ Որոշ ժամանակ զինվորական միջոցառում եղավ, զինվորներն իշխանության եղան։ Զինվորների թելադրանքով կառավարություն կազմվեցավ ոչ թե խորհրդարանականներով, դրսից բերված անձերով կառավարություն կազմվեցավ։ Հետևաբար այդ փորձը գիտենք մենք։ Գլխավոր շտաբի սպայակույտի այս տեսակ հայտարարությունը քաղաքականությանը միջամտել է և զինվորական հեղաշրջման փորձ է։

- Բայց, Պարո՛ն Էստուկյան, Հայաստանում մի վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, որ Թուրքիան և Ադրբեջանը պահանջներ են դնում, և իշխանությունները սուսուփուս կատարում են՝ տարածքներ են զիջում, տնտեսական հաղորդակցման ուղիների հետ կապված պահանջներն են կատարում։ Սա չպե՞տք է հաշվի առնենք։

- Հաշվի առնելու շատ բան ունենք։ Որովհետև նախևառաջ, ասենք՝ 9-ին նոյեմբերի կամ 10-ին նոյեմբերի պայմանագիր կնքվեցավ, և, կարծես թե, Ադրբեջանն այդ պայմանագրի մեջ նշվածներից ավելին ձեռք բերելու մարմաջ, ցանկություն ունի։ Մենք համապատասխան կեցվածք չենք կարողացել ցուցաբերել։ Անելիք շատ բան կա։ Բայց այդ անելիքները ո՞ր եղանակով պետք է լինեն։ Ի՞նչ է, 17-ն առավել 1-ի առաջարկն ի՞նչ է, ի՞նչ ենք կարող անել, երբեք հստակ չէ։ Վազգեն Մանուկյանի ի՞նչը տարբեր պետք է լինի այսօր, այդ էլ հստակ չէ։ Խնդիրը դրված է իշխանափոխության վրա։ Այսօր Հայաստանը միակ ելք ունի՝ կանխահաս ընտրություններ և այդ կանխահաս ընտրություններից ժողովրդի կամքին համաձայնող նոր կառավարության ձևավորում։ Անշուշտ, այս կառավարությունը շատ ավելի բանիմաց պետք է ձևավորվի, որովհետև Փաշինյանի կազմած կառավարությունը չի կարողացել արդարացնել իր վրա ակնկալվածները, ժողովրդի հույսերը։ Ընդհակառակը, հիասթափություն է պատճառել՝ անփորձության, կարող է նույնիսկ չարագործության պատճառներով։ Այսօր էլ նույն սխալներով ապրելու կարիքը չունենք։ Չենք կարող ո՛չ նախկինների համար գետին պատրաստել, ո՛չ էլ այս անփառոք վիճակն այսպես շարունակել։ Անպայման ստիպված ենք ելքի միջոցներ գտնել։ Համազգային խնդիր ունի այս մեկը։ Բոլորիս առջև դրված խնդիր է։ Սփյուռքն էլ անտարբեր չէ, քանի որ Սփյուռքն էլ ամբողջովին կապված է Հայաստանի այս խնդրին, ինչպես որ պատերազմի օրերին։ Հետպատերազմյան այս խառնաշփոթի մեջ Սփյուռքն էլ է տառապում։ Եվ ստիպված ենք հայանպաստ, խելամիտ ելքի միջոցներ ձևավորելու։

- Պարո՛ն Էստուկյան, չեք ընդունում նախարարի այն հայտարարությունը, որ «Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ»։ Դուք կարծո՞ւմ եք, որ Հայաստանը դեռևս այն վիճակում չէ, որ սահմաններ բացի ու մտածի հարաբերությունների կարգավորման մասին։ Նաև հիշենք այն հանգամանքը, որ Թուրքիան հրաժարվեց 2008-09 թվականների Ցյուրիխյան արձանագրություններից այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ։ Եվ Թուրքիան պաշտպանում էր Ադրբեջանի այն դիրքորոշումը, որ Ղարաբաղը պետք է ամբողջովին լինի Ադրբեջանի կազմում։ Հիմա այս իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է արվեն, եթե դիտարկենք հայ-թուրքական հարաբերությունների կոնտեքստում։

- Տեսեք, նախևառաջ շատ անփառո կերպով արդեն այս խնդրից դուրս մնաց ամբողջ արևմտյան աշխարհը՝ թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Եվրամիությունը։ Մինչդեռ մինսկյան խմբակի մեջ նրանք ունեին իրենց դերակատարությունը։ Եվ այդ դերակատարությունն անփառո կերպով չկարողացան արդարացնել, դուրս մնացին գործընթացից։ Մեզ անհրաժեշտ է դիվանագիտական շատ մեծ աշխատություն։ Թուրքիան 30 տարի Հայաստանը մերժող ռազմավարություն ունեցավ։ Այս պահին մենք այլևս այն երկիրը չպետք է լինենք, որ Թուրքիան 30 տարի պատժեց, այսօր էլ ներեց, եկավ` մեր երկրի հետ լավ հարաբերություններ պիտի մշակի։ Չէ, թող թշնամի երկրի դիրքի մեջ մնա։ Ես երբեք կողմ չեմ լարվածության, ես պիտի սիրեմ հարևան երկրների քաղաքակիրթ հարաբերություններ ունենալը, բայց այդ բանը միակողմանի կարելի չէ, որ լինի։ Թուրքիան 30 տարի միակողմանի կերպով Հայաստանը պատժել փորձեց։ Կարծեց, որ Հայաստանն այս դիրքի վրա իր ծնկների վրա պիտի չոքի։ Այդ բանը չեղավ։ Երեկ որ չեղավ, այսօր էլ թող չլինի։ Այսօր Թուրքիո հետ առանց նախապայմանի դիվանագիտական հարաբերություն կազմելը, բարիդրացիության հարաբերություններ այս պահին կազմելը, ըստ ինձ, ծնկների վրա չոքել պիտի նշանակի։

- Ադրբեջանի, Թուրքիայի գործողություններում էքսպանսիոնիստական նկրտումներ  տեսնո՞ւմ եք։ Կրկին փորձո՞ւմ են էքսպանսիոնիզմ տարածել, ամեն ինչը, այսպես ասած, թյուրքացնել։

- Անշուշտ որ, Թուրքիո մեջ նախագահ կա՝ հանձին Էրդողանի, որ փորձում է անցյալի սուլթանների համակարգը, կայսրերի համակարգը վերականգնել։ Հավակնություններ կան՝ իբրև տեսնել ամբողջ իսլամ ժողովուրդների խալիֆա։ Այդ երազանքի մեջ մոլորված մարդն ամեն տեսակ սխալ քայլերի կարող է, որ դիմի։ Թուրքիան Ադրբեջանի հետ հարաբերություններում երբեք անկախ չէ։ Ադրբեջանը Թուրքիո սանձերն իր ձեռքում է բռնած։ Շնորհիվ նավթի, բնական գազի, հոսանքի, Թուրքիան ամբողջովին կապված է Ադրբեջանին։ Նույնիսկ Հայաստանից Թուրքիա, այսինքն՝ վերջին փորձը Վանի համար էր։ Վան-Երևան չվերթներով, որ ձևագրված էին մանրամասնություններով, Ադրբեջանի միջամտություններից ջնջվեցավ։ Ադրբեջանը կարևոր սպառնալիք ունի Թուրքիո դիմաց Հայաստանի հետ հարաբերությունների մեջ։

- Պարո՛ն Էստուկյան, Մյունխենյան անվտանգային համաժողովում Ջո Բայդենը հայտարարեց, որ Ամերիկան վերադարձել է, խոսեց ամերիկյան դիվանագիտության վերադարձի մասին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոսեց Անդրատլանտյան դաշինքի ամրապնդման մասին, ողջունեց Ամերիկայի վերադարձը։ Թե՛ Բայդենը, թե՛ ֆոն դեր Լայենը խոսեցին ԱՄՆ-Եվրոպա համագործակցության մասին։ Դո՛ւք հավանական համարո՞ւմ եք ԱՄՆ և ԵՄ առավել գործուն մասնակցությունը տարածաշրջանային կոնֆլիկտներում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հարցում։

- Ոչ, դժբախտաբար, նրանք այս ընթացքում դուրս մնացին, և դյուրին չէ իրենց վերադարձը։ Իրենց վերադարձը բնավ դյուրին չէ։ Մանավանդ, Բայդենն այսուհետ ևս լարվածություն է պահում Թուրքիո հանդեպ։ Գիտեք, որ ընտրվելուց ի վեր Թուրքիո նախագահն ուշանալով շնորհավորեց նրան, բայց Բայդենը չփոխադարձեց իրեն։ Որևէ ձևով կապ չհաստատեց։ Թուրքական կողմն աշխատում է ժամացույցի պես ապահովել, որպեսզի Էրդողանը այցելի Բայդենին, բայց այդ ցանկությանը պատասխան չի տրվում՝ ո՛չ դրական, ո՛չ բացասական։ Այնպես որ, Թուրքիա-Միացյալ Նահանգներ հարաբերությունը բավական փշոտ ճամփա է մտել։ Եվրոպայի հետ հարաբերություններում ընդմիշտ այդպես են։ Բայց Թուրքիան Եվրոպայի մեջ ունի շատ կարևոր պահապան հրեշտակներ, որոնց գլխավորում է Անգելա Մերկելը։ Եվ այդ հարաբերությունները և՛ քաղաքական, և՛ հասարակական դաշտի վրա մեկուսացած են Եվրոպայի մեջ էլ։ Շատ դժվար պիտի լինի այդ ընթացքը բարեփոխել։