Փարիզի քաղաքապետը դիմեց Արայիկ Հարությունյանին

Փարիզի քաղաքապետը դիմեց Արայիկ Հարությունյանին

«Մենք եկել ենք այստեղ՝ վկայելու և արտահայտելու մեր աջակցությունն ու բարեկամությունը: Այստեղ ներկայացված է Ֆրանսիայի 6 շրջան: Պատվիրակությունը ներառում է ամենատարբեր կուսակցությունների, ամենատարբեր հայացքների մարդկանց, բայց բոլորիս միավորում է Հայաստանն ու Արցախը: Ի դեպ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Արցախի ու ՀՀ իշխանություններին, Սյունիքի մարզպետին, Գորիսի քաղաքապետին՝ մեզ այստեղ դիմավորելու համար և, վերջապես, Արա Թորանյանին»: Այս մասին քիչ առաջ Սյունիքում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն՝ դիմելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, ում հետ տեսակապի միջոցով շփվում են ներկաները:

«Այսօր այստեղ ենք, քանի որ Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը ապրիլին 24-ին դիմել մեզ: Ժամանակն է միավորվել և գործել, որպեսզի Արցախին մարդասիրական օգնություն տրամադրվի: Շնորհիվ անմիջական արձագանքման և համախմբման՝ մենք կարողացանք 10 բեռնատար ուղարկել, որոնք պարունակում են պարենային սնունդ, գեներատորներ, արևային պանելներ, այսինքն՝ այն ամենը, որը հնարավարություն կտա դիմադրել: Այս մարդասիրական օգնությունը նախատեսված է Արցախի 6 քաղաքների համար, որոնք 2022 թվականի դեկտեմբերից արդեն շրջափակման մեջ են: Կանայք, երեխաներ, նորածիններ, նաև տղամարդիկ, որոնք այլևս չեն կարողանում արժանապատվորեն ապրել իրենց հողի վրա: Մեր ուղերձը հստակ է և պարզ՝ հարգել միջազգային իրավունքը: Արցախի բնակչությունը շրջափակման մեջ է գտնվում անկախ իրենց կամքից և այդ շրջափակումն իրականացվում է՝ խախտելով միջազգային իրավունքը, 2020 թվականի հրադադարի հայտարարությունը: Եվ քանի որ պետք է խոսել շատ հստակ ու համապատասխան բառեր օգտագործելով, բառերը շատ պարզ են՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, նման է ցեղասպանության»,- ասաց նա: