Այն, որ Ադրբեջանը դեռ ձգձգում է վճռի կատարումը, դեռ չի նշանակում, որ մինչև վերջ չի կատարելու 

Այն, որ Ադրբեջանը դեռ ձգձգում է վճռի կատարումը, դեռ չի նշանակում, որ մինչև վերջ չի կատարելու 

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ Արցախից Հայաստան են տեղափոխվել խոշտանգված ու անդամախեղված քաղաքացիական անձանց մարմիններ, այդ թվում` կանանց ու երեխաների։ ՀՀ ՄԻՊ-ը նշել էր, որ փաստահավաք աշխատանքներ են կատարում, նյութերը թարգմանվել են անգլերեն և պատրաստվում են դիմել Հաագայի դատարան։

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, գերիների հարցերով զբաղվող Սիրանուշ Սահակյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Հաագայում երկու դատարան կա՝ ՄԱԿ-ի Արդարադատության դատարանն է եւ Միջազգային քրեական դատարանը։ Նկատի ունենալով այն, որ Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը եւ այն ուժի մեջ մտնելուց հետո հնարավոր է այս փաստերը հետաքննվեն Միջազգային քրեական դատարանում, հատկապես որ վավերացմանը զուգահեռ եղել է նաեւ հետադասության վերաբերյալ հայտարարություն։ Այսինքն, հետադաս ուժ է տրվել քրեական դատարանի Հռոմի ստատուտի գործողությանը։ 

Սահակյանը նշում է՝ կարևոր է, թե որ դատարանին են դիմելու, քանի որ մի դեպքում գործ ունենք անհատների քրեական պատասխանատվության հետ, մյուս դեպքում՝ պետության պատասխանատվության։

«Այդ անդամախեղումները բացահայտում են դարձյալ ռասիստական, էթնիկ հիմքով ատելության դրսևորումները, և դրանք բնականաբար ունեն ապացուցողական նշանակություն ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում, բայց մյուս կողմից դրանք նաև պատերազմական հանցագործություններ են, որոնք ևս կարող են հետաքննվել ապագայում՝ ուժի մեջ մտնելուց հետո, իսկ այստեղ ժամկետներ գոյություն ունեն` Միջազգային քրեական դատարանի կողմից, որը դարձյալ  Հաագայում է տեղակայված»,-ասաց Սահակյանը։

Արցախի հայաթափումից հետո Արցախում ՄԱԿ-ի պատվիրակության արձանագրումն այն մասին, որ Արցախի Հանրապետությունում էթնիկական զտման որևէ նշան չեն հայտնաբերել և հանկարծ ՀՀ ՄԻՊ-ը հիմա հայտարարում է նաև կանանց ու երեխաների խեղված դիակների մասին, ինչքանո՞վ կարող ենք հույս ունենալ, որ դա որևէ արդյունք կտա, Սահակյանն ասաց, որ ՄԱԿ-ի այդ միսիան մարդու իրավունքների խնդիրները վեր հանելու լիազորություններով օժտված չի եղել, այլ նպատակով է եղել և միայն հարակից ձևով է գնահատականներ տվել մարդու իրավունքներին: Սակայն նրանց անկողմնակալության, օբյեկտիվության վերաբերյալ հիմնավոր կասկածներ կան և այն հանգամանքը, որ ՄԻՊ-ը բացահայտում է անդամախեղումների փաստեր, որոնք արտացոլված չեն ՄԱԿ-ի զեկույցում, արդեն իսկ վկայում են, որ դրանք անաչառ չեն եղել։ Մենք պետք է ապացույցների հայթայթման, փաստերի ստուգման գործընթացն ավարտին հասցնելուց հետո հասկանանք, թե ո՞ր մեխանիզմները կարող են լավագույնս ապահովել հայերի իրավունքների վերականգնումը։ 

«ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը, կարծում եմ, չի կորցրել իր կենսունակությունը, այն որ Ադրբեջանը դեռ ձգձգում է վճռի կատարումը, դեռ չի նշանակում, որ ունակ է լինելու մինչև վերջ չկատարել այն և այդ քաղաքական կապիտալն ու տնտեսական ներուժը, որ Ադրբեջանն ունի այսօր՝ մնայուն չէ, հարատև չէ: Շատ արագ փոփոխվող աշխարհաքաղաքականության պարագայում կարող է վատնվել և մենք կունենանք նոր վերադասավորումներ, ինչի պայմաններում ստիպված կլինի հաշվի նստել նաև ՄԱԿ-ի դատարանների որոշումների հետ, ուստի կարծում եմ, սրանք չպետք է հանգեցնեն հիասթափության և իրավական մեխանիզմները պետք է արդյունավետ օգտագործվեն», ասաց Սիրանուշ Սահակյանը։

Ինչ վերաբերվում է` ապացուցողական բազան ապահովելուց հետո Ադրբեջանին ինչ կսպառնա, իրավաբանն ասաց, որ կա քրեական պատասխանատվություն` միջազգային քրեական դատարանի առջև։ Այդ հանցագործությունների ծրագրավորման, կատարման մեջ ներգրավված անձինք անձամբ ենթարկվելու են քրեական պատասխանատվության։
«Եվ հենց սրանով է քրեական դատարանի իրավազորությունը տարբերվում ՄԱԿ-ի արդարադատության դատարանի իրավազորությունից, որտեղ պետության պատասխանատվության հարցեր են քննարկվում»,-ասաց վերջինս։

Եթե Հայաստանի իշխանությունները քրեական դատարանին դիմելու փոխարեն դիմեն ՄԱԿ-ի Արդարադատության դատարան, ապա դրանք փոխբացառող չեն` միաժամանակ կարելի է դիմել բոլոր ատյաններին։
Այսինքն, քրեական դատարանին դիմելը չի բացառում կամ կանխում նաև ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում հերթական իրավական գործընթացները։