Փաշինյանն ուզում է, որ թիմը հասկանա՝ իշխանության կորստից հետո իրենք կյանք չեն ունենալու

Փաշինյանն ուզում է, որ թիմը հասկանա՝ իշխանության կորստից հետո իրենք կյանք չեն ունենալու

Փաշինյանի իշխանությունը սնվում է եւ գոյություն ունի բացառապես իր եւ իր իշխանության նկատմամբ հանրային թշնամության, հանրային ատելության եւ զզվանքի հաշվին։ Փաշինյանը համոզված է, որ որքան այդ ատելությունն ու թշնամանքը մեծ են, այնքան ավելի ուժեղ է իր իշխանությունը։ Դրա համար նա ամեն ինչ անում է դրանք մեծացնելու, թարմացնելու համար։ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը կազմակերպեց «Հակոբ Ասլանյան օպերացիան», ինչո՞ւ է Ասլանյանը երթեւեկում հանրային տրանսպորտով՝ նախապես իմանալով դրա հնարավոր հետեւանքները, ինչո՞ւ կազմակերպեցին Սամվել Վարդանյանի կալանավորումը, ծեծն ու նվաստացումը։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՔՊ-ականները գիտեն, թե ինչ հանրային վերաբերմունք կա իրենց նկատմամբ, եւ ինչ տեղի կունենա, երբ իրենք առանց արտաքին պաշտպանության հայտնվեն հանրային վայրերում։ Դրա մասին շատ լավ գիտի Նիկոլ Փաշինյանը, որ շրջում է հարյուրավոր ոստիկանների եւ հատուկ ծառայության ուղեկցությամբ, գիտեն նրա բոլոր թիմակիցները, գիտի նաեւ Հակոբ Ասլանյանը, ով առաջին անգամ չէ, որ բախվում է իր եւ իր թիմի նկատմամբ հանրային վերաբերմունքին։

Համացանցում կան տեսանյութեր, թե նա ինչպիսի «ջերմ» վերաբերմունքի է արժանանում՝ այցելելով Եռաբլուր զինվորական պանթեոն։ Այդ դեպքում ինչո՞ւ է նա շարունակում սադրել հանրությանը, ինչո՞ւ է ցանկանում նոր սկանդալ իր անձի շուրջ։ Պարզ է, որ դա նրան ամենեւին էլ պետք չէ, նա դա արել է Փաշինյանի հրահանգով։ Իսկ Փաշինյանին նման պրովոկացիան պետք էր օդի-ջրի պես։ Ամենայն հավանականությամբ, Հակոբ Ասլանյանը չի էլ իմացել, որ ինքը նման օպերացիայի մասնակից է, գլխավոր հերոս, բայց հիմա կարող է հասկանալ։

Վերջին շրջանում խոսակցությունները, որ ՔՊ-ում եւս կան դժգոհություններ Փաշինյանի իրականացրած քաղաքականությունից, գնալով շատանում էին։ Դժվար է ասել, թե դրանք որքանով էին հիմնավոր, բայց ի վերջո չի բացառվում, որ ՔՊ որոշ ներկայացուցիչներ, ովքեր զուրկ չեն տարրական տրամաբանությունից (չշփոթել բարոյականության, արժեքների կամ բանականության հետ), վերլուծելով իրենց շուրջ ձեւավորվող միջավայրը, հանգել էին եզրակացության, որ Փաշինյանի գործունեության ամբողջ պատասխանատվությունը կրելու են նաեւ իրենք։ Որ իշխանության կորստից հետո, ինչը գնալով ավելի ու ավելի առարկայական եւ մոտ է դառնում, իրենք հայտնվելու են անելանելի վիճակում, քանի որ հանրային վերաբերմունքն իրենց նկատմամբ լինելու է այնպիսին, որ ընդհանուր համակեցությունը դառնալու է գրեթե անհնար, սա՝ եթե մեղմ արտահայտվենք։ Հնարավոր է, որ նրանք տարբեր ոչ ՔՊ-ական եւ ՔՊ-ական շրջանակներում արտահայտել են իրենց մտահոգությունները, խոսել են դրանից ինչ-որ ելքեր գտնելու անհրաժեշտության մասին, ինչը չէր կարող դուրս մնալ Փաշինյանի ուշադրությունից։

Վերջինս հասկանում է, որ ամենավտանգավորն իր համար սեփական թիմի ներսում կասկածողների, իր փրկչական կարողություններին չհավատացողների ի հայտ գալն է, որոնց կրիտիկական զանգվածի գոյությունը կարող է վտանգել իրեն եւ իր իշխանությունը։ Ինչ անել, որ թիմում միասնությունը վերականգնվի, որ բոլորը հասկանան, որ չկա այլ փրկիչ՝ իրենից բացի, եւ իրենց փրկությունը կախված է միայն մեկ անձից, եւ այդ անձն ինքն է։ Իսկ եթե ինչ-որ մարդիկ կասկածեն կամ դադարեն հավատալ իր փրկչական կարողություններին, դատապարտված են կործանման եւ ոչնչացման։

Այդ խնդրի լուծման նպատակով էլ Փաշինյանը կազմակերպեց «Հակոբ Ասլանյան» օպերացիան, Սամվել Վարդանյանի կալանավորումը, ծեծն ու նվաստացումը։ Շատերը կարծում են, թե Վարդանյանին ծեծեցին, որ ցույց տան, թե չի կարելի վիրավորել ՔՊ-ականին, որ հասարակության ներսում վախի մթնոլորտ ձեւավորեն, որպեսզի մյուս անգամ Ասլանյանը կամ մյուս ՔՊ-ականներն ավելի հանգիստ լինեն փողոց դուրս գալիս կամ հանրային տրանսպորտում։ Հնարավոր է, որ շուտով մարդիկ որեւէ ՔՊ-ականի տեսնելիս մտածեն հնարավորինս շուտ այդ վայրից հեռանալու մասին, կամ երբ որեւէ ՔՊ-ական բարձրանա ավտոբուս, բոլորը համերաշխ իջնեն ավտոբուսից՝ շառից ու ՔՊ-ից հեռու մնալու համար։ Բայց վախը կամ վախ տարածելը չէ Փաշինյանի հիմնական նպատակը, այլ ատելությունն ու թշնամանքը։

Սամվել Վարդանյանին կալանավորելով, նրան ծեծի ենթարկելով՝ Փաշինյանն ուզում է մեծացնել ՔՊ-ի նկատմամբ եղած հանրային ատելությունը։ Մարդիկ հիմա ավելի շատ են ատում ՔՊ-ականներին, ավելի թշնամանքով են լցված նրանց նկատմամբ։ Վերջին երկու օրերին ավելի հաճախ եմ լսում մտքեր, երբ մարդիկ ասում են՝ լավ, սրանք չե՞ն մտածում, թե իշխանությունը կորցնելուց հետո ոնց են դուրս գալու փողոց։ Փաշինյանն էլ հենց դա է ուզում, ուզում է, որ իր թիմը հասկանա, որ իշխանության կորստից հետո էլ կյանք չի լինելու, դա լինելու է ամեն ինչի ավարտը, եւ դրա համար պետք է ՔՊ-ականներն անեն ամեն ինչ, որ իրենց իշխանությունը, իրենց կյանքը, գոյությունը երկարաձգեն։ Դա անեն ոչ թե Փաշինյանից դուրս փրկություն որոնելով, այլ Փաշինյանին հնարավորինս հավատարիմ լինելով, նրա իշխանությունից ավելի ամուր կառչելով։ ՔՊ-ում հասկանում են, որ Փաշինյանն իրենց սարքում է իզգոյ, սարքում է մարդակեր հրեշներ՝ իր հետ համարժեք, բայց չեն կարողանում ընդդիմանալ, չեն կարողանում հրաժարվել այդ դերից, որովհետեւ շատ են սիրում փող եւ իշխանություն։ Մնացածն արդեն տեխնիկայի հարց է, ինչին փրկիչն ու նրա խորհրդականները տիրապետում են կատարելապես։

Ասվածն առավել մեծ չափով վերաբերում է Փաշինյանի կարծեմ համադասարանցի ՆԳ նախարար Վահե Ղազարյանին․ Փաշինյանը հիմա նրան այնպիսի մեղքի տակ մտցրեց, այնպիսի հանցագործության դրդեց, որ նա պետք է պատրաստ լինի հանուն իշխանության պաշտպանության գնա ավելի մեծ հանցագործությունների, որ հանկարծ Փաշինյանն իշխանությունը չկորցնի, ինքն էլ դրանց համար պատասխան չտա։

Ավետիս Բաբաջանյան