Պուտինը փորձելու է սիրաշահել ՀՀ իշխանություններին, ցույց տալ, որ լավ գործընկեր է

Պուտինը փորձելու է սիրաշահել ՀՀ իշխանություններին, ցույց տալ, որ լավ գործընկեր է

Եթե 2023 թվականն ամփոփելու լինենք, ապա սա բավականին տուրբուլենտ ժամանակահատված էր, բազմաթիվ մարտահրավերներով, ողբերգական իրադարձություններով՝  «Հրապարակի» հետ զրույցում ամփոփելով 2023 թվականի իրողություններն ու քաղաքական գործընթացները, ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։

«Մասնավորապես խոսքը վերաբերում է Արցախի Հանրապետության փաստացի ոչնչացմանը, արցախահայության տեղահանմանը, մի բան, որը հայոց պատմության մեջ թերեւս իր նախադեպն ունեցել է 1915 թվականի ցեղասպանության ժամանակահատվածում, երբ այսքան մասսայական տեղահանություն է եղել, մարդիկ են զոհվել, սպանվել, գերեվարվել։ Իհարկե, նաեւ Արցախում 1920 թվականի Շուշիի կոտորածը կարելի է հիշել, բայց պետք է նշենք, որ նույնիսկ Շուշիի կոտորածի ժամանակ այսպիսի մասշտաբայնություն չի եղել ամբողջ Արցախի տարածքում եւ իր արտացոլումը չի գտել ամբողջական դեմոգրաֆիական պատկերի վրա, այլ վերաբերել է կոնկրետ Շուշիի շրջանին»,- ասաց Պողոսյանը։

2023 թվականի թերեւս պատմական իմաստով ամենաողբերգական եւ ամենացավալի իրավիճակը հենց սա էր։ Հաջորդիվ բանակցություններն են ու Հայաստանի Հանրապետության ապագայի տեսլականը, որ ներկա իշխանություններն արդեն փորձում են ներկայացնել։ Խոսքը վերաբերում է ՀՀ իշխանությունների կողմից պաշտոնապես եւ աներկբայորեն Արցախի դատից հրաժարվելուն եւ Արցախն անառարկելիորեն Ադրբեջանի կազմում ճանաչելուն։ Մյուս իրողությունը խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն են, որոնք նաեւ հիշատակվում են Ադրբեջանի կողմից, եւ, ըստ էության, ՀՀ իշխանությունները համաձայնել են Ադրբեջանի գրեթե բոլոր հիմնական պահանջների հետ։

«2023 թվականին, այսպես կոչված, Արեւմտյան Ադրբեջանի թեզի շրջանառումն է եղել, այդ թվում՝ պաշտոնական եւ միջազգային հարթակներում, այսպես կոչված, արեւմտյան ադրբեջանցիների կարգավիճակի հավասարեցումն արցախցիների, արցախահայության կարգավիճակին եւ Բաքվի կողմից պահանջ դնելը, որ եթե խաղաղության պայմանագրի մեջ շեշտվելու է Արցախի խնդիրը, արցախահայության վերադարձի խնդիրը, ապա փոխադարձության նույն սկզբունքով պետք է քննարկվի նաեւ, այսպես կոչված, արեւմտյան ադրբեջանցիների խնդիրը։ Սրանք իրավիճակներ են, որոնք, կարծում եմ, իրենց արտացոլումը կստանան 2024 թվականին եւ հետագա արդեն բանակցությունների սեղանին սրանք եւս քննարկման թեմա կարող են դառնալ»,- ասաց քաղաքագետը։

Քաղաքական տուրբուլենտությունը, վստահաբար, շարունակվելու է նաեւ 2024 թվականին՝ տարբեր ուժգնությամբ, տարբեր ալիքներով։ Ընդ որում, 2024-ին բացառված չեն ինչպես ընդհարումները, այնպես էլ Հայաստանի հեռանկարի համար ցավոտ փաստաթղթերի ստորագրումը։ Թերեւս արցախահայության վերադարձի եւ «արեւմտյան ադրբեջանցիների» խնդրի համահավասարեցումը եւ դրա ընդունումը ՀՀ իշխանությունների կողմից ինքնին կապիտուլյացիա է լինելու։ Վերջերս Ադրբեջանի նախագահը չնայած խոսում էր այն մասին, որ թեպետ իրենք հրաժարվել են, այսպես կոչված, զանգեզուրյան միջանցքի գաղափարից, բայց Հայաստանը պարտավոր է իրենց տրամադրել անխոչընդոտ երթեւեկություն Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ, մեկնաբանելով, որ դա ենթադրում է անցում այս ճանապարհով առանց մաքսային ընթացակարգերի, ինչն ինքնին արդեն խոսում է էքստերիտորիալության մասին, քանի որ այդ ճանապարհի իրավիճակը ՀՀ սահմանապահ զորքերի, ՀՀ մաքսային ծառայության զորքերի կողմից վերահսկելի չի լինի, որովհետեւ Ալիեւը հստակ նշում է՝ այդ ճանապարհը պետք է անխոչընդոտ լինի՝ առանց որեւէ ընթացակարգերի։ 

«Եթե այս գաղափարը եւս Ադրբեջանը բերի քննարկումների դաշտ, ապա սա ինքնին կարելի է բնորոշել որպես կապիտուլյացիա Հայաստանի ապագայի համար։ Վերջերս լուրեր տարածվեցին, որ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ նոր ռազմական մատակարարումների մասով պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ինչին արձագանքելով՝ Ադրբեջանը հայտարարել է. քանի որ տվյալ կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնությունն ունի մասնաբաժին՝ դա համատեղ ձեռնարկություն է, ապա Ռուսաստանը պիտի խոչընդոտի տվյալ զինատեսակների մատակարարումը Հայաստանին, հակառակ դեպքում Ադրբեջանն Ուկրաինային կվաճառի հրթիռներ։ Սա ինքնին շանտաժի լեզու է եւ խոսում է այն մասին, որ այս ուղղությամբ Ադրբեջանը սկսել է աշխատել, եւ 2024 թվականին մենք ականատես կլինենք էլ ակտիվ աշխատանքի՝ Հայաստանի Հանրապետության համար ռազմական մատակարարումներն առնվազն խոչընդոտելու համար»,- ասաց Պողոսյանը։

Կհաջողվի՞ արդյոք կամ որքանո՞վ դա Ադրբեջանին կհաջողվի՝ դժվար է ասել, որովհետեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները հասել են մի մակարդակի, երբ կողմերը՝ հատկապես հայկական կողմը, փորձում է որոշակի ջրբաժան քաշել, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը նախ որեւէ կերպ դրան չի համաձայնելու՝ առնվազն այս փուլում, դատելով Պուտինի վերջին ասուլիսից, որտեղ փորձում էր ինչ-որ կերպ մեղմել ՀՀ իշխանությունների հետ իր հարաբերությունները, շեշտելով ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ կառույցներին Հայաստանի չմասնակցելը եւ փորձելով արդարացնել: Դա խոսում է այն մասին, որ առաջիկայում Ռուսաստանի Դաշնությունը փորձելու է սիրաշահել, փորձելու է էլ ավելի չսրել հարաբերությունները։ Պատճառն այն է, որ Ռուսաստանում եւս հասկանում են, որ այս շրջանում իրական է այն վտանգը, որ Ռուսաստանը կարող է վերջնականապես դուրս մղվել տարածաշրջանից, մի բան, որն իր ռազմավարական շահերին հակասելու է։

«Մենք տեսնում ենք, թե ինչպիսի ջանասիրությամբ է փորձում բանակցությունների մեջ ներգրավվածություն ունենալ։ Կարծում եմ` Ռուսաստանն ամեն կերպ փորձելու է շրջանցել այս խութերը, ցույց տալ Հայաստանին, Հայաստան ասելով` նկատի ունեմ ՀՀ իշխանություններին, որ ինքը լավ գործընկեր է, եւ գուցե այս իմաստով Ադրբեջանի մոտ չստացվի, չնայած վստահ եմ, որ այլ հարթակներում Հայաստանը փորձել է զենքի այլ աղբյուրներ գտնել, բայց Ադրբեջանի պրոակտիվ քաղաքականության շնորհիվ մենք ունեցել ենք խոչընդոտներ։ Ժամանակին մենք Սերբիայից եւս մատակարարումներ ստացել ենք, խոսքը 2008 թվականից առաջվա մասին է, բայց այսօր ՀՀ-ն Սերբիայից չի կարողանում զենք գնել, ինչը նշանակում է, որ Ադրբեջանն այստեղ եւս ստացել է որոշակի պայմանավորվածություն, եւ այս շուկան գոնե Հայաստանի համար ժամանակավորապես անհասանելի է դառնալու»,- եզրափակեց Արա Պողոսյանը։