Կանալիզացիայի ջուրը ասֆալտի տակով գալիս-խառնվում է անձրևաջրերի հետ

Կանալիզացիայի ջուրը ասֆալտի տակով գալիս-խառնվում է անձրևաջրերի հետ

«Հրապարակ» օրաթերթի խմբագրություն է դիմել Վանաձորի բնակչուհի Էլմիրա Առաքելյանը։ Քաղաքացին նշում է, որ արդեն մի քանի օր է կոյուղաջրի հետ կապված խնդիրներ են առաջացել, սակայն որևէ կերպ չի հաջողվում կապ հաստատել համապատասխան մարմինների հետ՝ խնդրին լուծում տալու համար։

«Բնակվում եմ Վանաձորի Զորավար Անդրանիկի 16 հասցեում։ Անմիջապես մեր տան դիմացը տրուբաներ են գնում, հիմա խնդիրներ են առաջացել և այդ ամբողջ կանալիզացիայի ջուրը ասֆալտի տակով գալիս -խառնվում է անձրևաջրերի հետ, մի ահավոր հոտ է գալիս։ Մի տաս օր առաջ հարևաններով հավաքվեցինք գնացինք «Վեոլիա ջուր»,դրանից հետո եկան սարքեցին, բայց արդեն 4 կամ 5 օր կլինի, ինչ նորից նույն պատմությունն է։ Այսինքն դիմացավ մի քանի օր, բայց էլի նույն բանն է»,-նշեց Էլմիրա Առաքելյանը։


Քաղաքացու հարևանուհին՝ Ալվարդ Համբարձումյանը  մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք չեն պատրաստվում իրենց ուժերով հարթել ստեղծված իրավիճակը․ «Տանը չի, փողոցի վրա է, մենք ինչի պետք է սարքենք։ Հիմա ու՞մ զանգենք, ինչքան զանգում ենք, ոչ ոք չի պատասխանում։ Այս պահին ամբողջ կանալիզացիաները լցված են, տեր կանգնող չկա։ Հիմնական մտահոգությունը հոտի հետ է կապված, շատ վատ հոտ է գալիս։»

«Հրապարակի» հետ զրույցում «Վեոլիա ջրից» հայտնեցին, որ հոկտեմբերի 21-ին քաղաք Վանաձորի Զորավար Անդրանիկի 16 հասցեից զանգ են ստացել՝ կոյուղաջրի խցանման համար. «Խցանման համար մոտեցել մաքրել են։ Հետո իրենց զանգահարել են, որպեսզի տեղեկացնեն, որ մոտեցել մաքրել են, իրենք չեն պատասխանել։ Մեզ հետ չեն կապվել, եթե խցանում նորից կա, կարող ենք նորից գրանցել»։