Մի բան էս մարդը պիտի՞ թողնի, որ մարդիկ ասեն՝ սա Հայկ Մարությանի օրոք է կառուցվել

Մի բան էս մարդը պիտի՞ թողնի, որ մարդիկ ասեն՝ սա Հայկ Մարությանի օրոք է կառուցվել

Երեւանի ավագանու նիստերը շարունակում են անցնել լարված մթնոլորտում, ընդդիմադիրներն ու իշխանականները որեւէ կերպ չեն կարողանում լեզու գտնել իրար հետ։ Այս շաբաթ կայացած նիստին դարձյալ միջադեպ ու քաշքշուկ տեղի ունեցան ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության անդամների եւ իմքայլականների միջեւ։ Երեւանի ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ-ի կողմից ճնշումները շարունակվելու են «Իմ քայլի» վրա, եւ նրանց դեռ շատ ծանր օրեր են սպասվում։ 

«Իսկ այն ամենը, ինչ կատարվում է ավագանու նիստերին, այս լարված մթնոլորտն ինձ ուղղակի հուշում է մի բան, որ իրենց մոտ հիմա հոգեբանական ընկճվածություն է, եւ այդ ցայտնոտի մեջ ընկնելով՝ «Իմ քայլը» խմբակցությունը պրովոկացիոն միջոցների է դիմում նիստերի ժամանակ, որպեսզի առողջ քաղաքական բանավեճը տեղափոխվի տղայական ռազբորկաների դաշտ»,-ասաց պարոն Մանրիկյանը։

- Հաջողվո՞ւմ է դա նրանց։

- Նրանց դա չի հաջողվելու, որովհետեւ մենք սադրանքների չենք գնալու, այն ամենը, ինչ կատարվում է դահլիճում, մենք դահլիճից դուրս չենք հանելու, քանի որ մենք գտնվում ենք քաղաքական պլատֆորմի վրա։ Բայց եւս մեկ անգամ զգուշացնում եմ, որ այսուհետ չփորձեն նիստերի ընթացքում գնալ սադրանքների, եւ երբ մեր խմբակցության անդամները ելույթ են ունենում, իրենք տեղից անտեղի ռեպլիկներ չթողնեն՝ հակադարձելու ենք եւ պատասխանելու ենք տասն անգամ ավելի ծանր, քան եղել է։

- Վերջին նիստի միջադեպն ու քաշքշուկն ինչի՞ց սկսվեցին։

- Ինչպես երեկ, այնպես նաեւ ամիսներ առաջ, մեր խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը ելույթ էր ունենում, եւ, բնականաբար, նրա արտահայտած ճիշտ մտքերն իմքայլականների մոտ առաջացնում էին հուզական պոռթկումներ, եւ տեղից վիրավորական ռեպլիկներ էին թողնում, որոնք մեր խմբակցության կողմից չէին կարող անտեսվել, եւ մենք ուղղակի կարգի հրավիրեցինք այդ չարաճճիներին՝ բերելով կառուցողական եւ առողջ քննադատության դաշտ։

- Նկատեցինք, որ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն էր ձեր դեմ խոսում եւ պրոիշխանական տոնայնությամբ էր միջամտում ԲՀԿ-ականների ելույթներին։

- Անկեղծ ասած՝ ինձ զարմացրեց տիկին Խաչատրյանի միջամտությունն այդ պրոցեսին, քանի որ այդ պրոցեսը բացարձակապես կապված չէր ո՛չ իր կուսակցության հետ, ո՛չ էլ անձնապես իր հետ։ Էնտեղ կար կոնկրետ ելույթ, որն ուղղված էր Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ մենք քննարկում էինք նախագիծ, որով առաջարկում էինք, որ Երեւանի ավագանին ընդունի որոշում, որով կպահանջի Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը, եւ փոխանակ արձագանքեն իմքայլականները, միջամտում է Անի Խաչատրյանը, որն ինձ համար անհասկանալի է։

- Հիշեցնենք, որ Անի Խաչատրյանն Արամ Սարգսյանի հիմնած «Հանրապետություն» կուսակցության անդամ է, իսկ Արամ Սարգսյանն էլ Նիկոլ Փաշինյանի ամենաջերմեռանդ պաշտպանն ու երկրպագուն է։

- Դե, դա իրենց քաղաքական դիրքորոշումն է, դա իրենք գիտեն, բայց մենք այսօր ունենք կոնկրետ օրակարգ եւ շարժվում ենք այդ օրակարգով, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

- «Իմ քայլը», բնականաբար, դեմ քվեարկեց Փաշինյանի հրաժարականի մասին հայտարարության նախագծին, փոխարենը միաձայն կողմ քվեարկեց Երեւան քաղաքի 2020 թվականի բյուջեի նախագծի կատարողականին, որն աննախադեպ ցածր է՝ 62.5 տոկոս, նախկինում երբեք նման բան չէր եղել։

- Այո, ես այդ բյուջեի կատարողանը համեմատեցի Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթի հետ, եւ հերթական անգամ «Իմ քայլն» ապացուցեց, որ իրենք ուղղակի որոշում են դակում։ Տեսեք ինչ է ստացվում, վերցնենք, օրինակ, 2016 թվականից սկսած բյուջեի կատարողականները եւ կտեսնենք, որ մենք հետընթաց ենք ապրում, տարեցտարի կատարողականների ցուցանիշն իջնում է։ Հիմա մենք ունենք շուրջ 60 տոկոսանոց կատարողական։ Իրենք դա բացատրում, հիմնավորում են կորոնավիրուսով, պատերազմական իրավիճակով, բայց հանրապետությունում կան համայնքներ, որոնք անցել են նույն այդ կորոնավիրուսով, պատերազմով, սակայն նրանց կատարողականը՝ իրենց սուղ բյուջեով, ավելի շատ է եղել, քան Երեւան քաղաքի կատարողականը՝ իր ահռելի բյուջեով։ Եվ մենք նշեցինք, որ դա հիմնավորում չէ, եւ պատճառը կառավարման մեջ է։ Այս  երկուսուկես տարիների ընթացքում քաղաքային գործադիր մարմինը չի կարողացել մշակել այն ճիշտ շղթան, որով կկազմակերպեն ճիշտ աշխատանքները։ Ներկա պահին քաղաքը խայտառակ վիճակում է, 90-ականների սկզբի Երեւանն է՝ ամենուրեք փոսեր են, խրամատներ, ու պետք էր ճիշտ հաշվարկել աշխատանքների, մրցույթների կազմակերպման ժամանակը, որպեսզի փոսալցումները ժամանակին արվեին, մինչեւ հիմնական ասֆալտապատումը կատարվեր։ Կանաչապատումը տապալված է, միլիարդավոր դրամներ են հատկացվել, բայց մինչեւ հիմա՝ այս 2-2.5 տարվա ընթացքում, ընդամենը Մոնումենտի լանջի (Սարալանջի խճուղու) ջրի խողովակներն են տեղադրել։ Հետիոտնային անցումներ չկան, խցանումների մեջ է թաթախված քաղաքը, էստակադաներ չեն կառուցվում։

- Ի դեպ, Դուք Հայկ Մարությանին առաջարկում էիք էստակադա կառուցել՝ խոստանալով ամեն ինչ անել, որ այդ էստակադան հետո իր անունով կոչվի։

- Յուրաքանչյուր քաղաքապետ իր պաշտոնավարման ավարտից հետո պետք է ունենա իր ձեռագիրը Երեւան քաղաքում, օրինակ՝ Հասրաթյանը թողել է իր ձեռագիրը, Կարեն Դեմիրճյանը, ճիշտ է, քաղաքապետ չի եղել, եղել է երկրի ղեկավար, բայց թողել է իր ձեռագիրը, հիմա մի բան էս մարդը պիտի թողնի՞, որ մարդիկ ասեն՝ սա Հայկ Մարությանի օրոք է կառուցվել։

- Նա էլ նոր «գազել»-ներ է բերել, ի՞նչ վատ է։

- Էդ «գազել»-ներն էսօր կան, վաղը չկան, գոնե մի էստակադա չկառուցվի՞։ Ես խոսք եմ տվել, մինչեւ հիմա էլ ասում եմ՝ եթե կառուցեց էդ էստակադան, ջանք ու եռանդ չեմ խնայի, որ իր անունով կոչվի դա։