Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ստեղծման համար

Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ստեղծման համար

Ստոկհոլմում հայտարարվել են բժշկության և ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակակիրների անունները։

2023 թվականի մրցանակը շնորհվել է Կատալին Կարիկոյին և Դրյու Վայսմանին «նուկլեոզիդային բազայի փոփոխությունների հետ կապված բացահայտումների համար, որոնք հնարավորություն են տվել մշակել արդյունավետ պատվաստանյութեր COVID-19-ի դեմ»։

«Կատալին Կարիկոյի և Դրյու Վայսմանի հայտնագործությունները կարևոր դեր են խաղացել 2020 թվականի սկզբին սկսված համաճարակի ընթացքում COVID-19-ի դեմ արդյունավետ պատվաստանյութերի մշակման գործում», - ասվում է Նոբելյան կոմիտեի հայտարարության մեջ:

Մրցանակային ֆոնդը կկազմի 11 մլն շվեդական կրոն, այսինքն՝ մոտ 1 մլն դոլար։

Հոկտեմբերի 3-ին հայտնի կդառնան 2023 թվականի ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրները։ Այնուհետև՝ հոկտեմբերի 4-ին, Ստոկհոլմում հայտնի կդառնան քիմիայի, հոկտեմբերի 5-ին՝ գրականության Նոբելյան մրցանակակիրների անունները, իսկ հոկտեմբերի 9-ին կհայտարարվի տնտեսագիտության ոլորտում մրցանակակիրը։ Եվ, վերջապես, հոկտեմբերի 6-ին, Օսլոյում կնշվի Խաղաղության Նոբելյան մրցանակի հերթական դափնեկրի անունը։