ՀԱՊԿ-ից հետո հիմա էլ ԱՊՀ-ն են բոյկոտում․ ՀՀ իշխանությունների նոր քաղաքական «առեւտուրը»

ՀԱՊԿ-ից հետո հիմա էլ ԱՊՀ-ն են բոյկոտում․ ՀՀ իշխանությունների նոր քաղաքական «առեւտուրը»

Անցյալ տարեվերջին, «Ազատության» հարցին ի պատասխան, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծիք էր հայտնել, որ ԱՊՀ-ի հետ Երեւանը պետք է շարունակի համագործակցությունը։ «ԱՊՀ-ի մասով մենք կարող է եւ պետք է ակտիվ լինենք, որովհետեւ դա նաեւ համագործակցության մի հարթակ է, որը որ մեր պետությանն օգուտ է տալիս, ինչպես նաեւ տնտեսական՝ ԵԱՏՄ-ի հետ կապված, մենք մի տնտեսական գոտում ենք, եւ մեր տնտեսությունը բավականին փոխկապված է այդ տնտեսության հետ»,- նշել է խորհրդարանի խոսնակը, ով, սակայն, տրամագծորեն այլ տեսակետ ունի ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունների արդյունավետության վերաբերյալ։ Անցյալ տարվա ապրիլի 12-ին Սիմոնյանը մեկնեց Ռուսաստան, որտեղ Սանկտ Պետերբուրգում մասնակցեց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների աշխատանքներին։ ԱԺ խոսնակի գլխավորած պատվիրակության կազմում էր նաեւ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նույն տարվա դեկտեմբերի 26-ին երկօրյա աշխատանքային այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաք այցելեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ մասնակցեց ինչպես Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, այնպես էլ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Ավելի վաղ՝ 2023թ․ հոկտեմբերին, Փաշինյանը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ մի շարք հանգամանքների պատճառով չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ 

ՀԱՊԿ-ի հետ հայաստանյան իշխանությունների «ցուցադրական բացասական» հարաբերությունների ֆոնին, ավելին` Նիկոլ Փաշինյանի արած հայտնի հայտարարության պայմաններում, թե Հայաստանը սառեցնում է անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (նման ընթացակարգ գոյություն ունի, ինչի կապակցությամբ թե՛ դաշինքում, թե՛ Մոսկվայում տարակուսանք հայտնեցին եւ Երեւանից բացատրություն պահանջեցին), այժմ էլ ՀՀ իշխանական վերնախավն ընդգծված մերժողականությամբ է վերաբերվում ԱՊՀ-ին։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ԱՊՀ ԱԳ նախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա ապրիլի 12-ին, Մինսկում։ Փորձագիտական հանրությունը չբացառեց, որ այդպիսով Հայաստանը կարող է չմիանալ ԱՊՀ երկրների գլխավոր դիվանագետների կողմից՝ մերձմոսկովյան «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ ընդունվելիք համատեղ հայտարարությանը։ Ակնհայտ է, որ Երեւանի հերթական քայլն արտացոլում է ՀՀ իշխանությունների վերաբերմունքը՝ դեպի ԵՄ եւ Արեւմուտք, նաեւ տեղավորվում է Ռուսաստանին հակադրվելու կանոնավոր եւ վտանգավոր քաղաքականության տրամաբանության մեջ։ Փաստորեն, Հայաստանը դարձավ այն երկրներից մեկը, որը ոչ այն է՝ պաշտոնապես լքում է ԱՊՀ-ն, ոչ այն է՝ չի մասնակցում կառույցի գործունեությանը։ 

Հայտնի է, որ ԱՊՀ-ի ստեղծումից եւ Ռուսաստանի հետ անմիջական ռազմական հակամարտություններից հետո Վրաստանն ու Ուկրաինան լքեցին կազմակերպության շարքերը։ Թեպետ Մոլդովան դեռ դուրս չի գալիս ԱՊՀ-ից, սակայն չի մասնակցում դրա գործունեությանը եւ ժամանակ առ ժամանակ հայտարարում է կազմակերպության շրջանակում այս կամ այն պայմանագրի չեղարկման մասին։ Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը 2023-ին չի մասնակցել նաեւ ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների՝ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախանշված հանդիպմանը: Այդ ժամանակ ՀՀ արտաքին գերատեսչությունից հայտնեցին, որ Ղրղզստանում կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ոչ թե Միրզոյանը, այլ նրա տեղակալը: Եթե առնվազն վերջին երկու տարվա ընթացքում Երեւանը բոյկոտում է ՀԱՊԿ բոլոր միջոցառումները, ավելին՝ չի ստորագրում կազմակերպության՝ առանց իր մասնակցության ընդունված փաստաթղթերը, ապա ԱՊՀ-ի հետ կապված նման պատրվակներ առանձնապես չկան, եթե, իհարկե, չենք մոռանում ներկայիս իշխանությունների որդեգրած հակառուսական ուղեգծի մասին։

Ի դեպ, Մոլդովայի եւ Վրաստանի մասին․ Միացյալ Նահանգները պետք է ձեռնպահ մնա Հարավային Կովկասում հետագա միջամտությունից, եթե իսկապես ցանկանում է օգնել Հայաստանին՝ ապահովելու երջանիկ ապագա։ Նման կարծիք է հայտնել պաշտոնաթող դիվանագետ, երկկողմ համագործակցության զարգացման ռուս-ամերիկյան նախագահական հանձնաժողովի ամերիկյան մասի նախկին խորհրդական Ջեյմս Քարդենը։

«Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց եթե Հայաստանը ցանկանում է ունենալ երջանիկ ապագայի որեւէ հնարավորություն, մենք պետք է դադարեցնենք միջամտությունը Կովկասին եւ սահմանափակենք այն վնասը, որը մենք արդեն հասցրել ենք հետխորհրդային տարածքին»,- The American.Conservative-ի սյունակում գրել է նա։ Չնայած Երեւանի՝ Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններն ամրապնդելու ցանկությանը, «ոչ բոլոր փորձագետներն են տպավորված վերջերս հայտարարված համաձայնագրով»՝ առաջիկա չորս տարիներին Հայաստանին 270 միլիոն դոլար դրամաշնորհ հատկացնելու մասին՝ նշել է Քարդենը։ Նա Երեւանի, Բրյուսելի եւ Վաշինգտոնի միջեւ մերձեցման ճանապարհն անվանել է «ոտնահարված եւ չափազանց վտանգավոր նրանց համար, ովքեր քայլել են դրանով»։ Փորձագետը կոչ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ հաշվի առնել Ուկրաինայի եւ Վրաստանի փորձը։ Երկու երկրներն էլ, նրա կարծիքով, «հավատացել են Բրյուսելի եւ Վաշինգտոնի՝ իրենց արեւմտյան հովանավորների արեւմտյան ինտեգրմանը, ներառյալ ՆԱՏՕ-ին անդամակցության կեղծ խոստումներին»։

Քարդենի խոսքով՝ այս պահին ակնհայտ է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը «չի կարող եւ չի ցանկանում պատկերացնել մի աշխարհ, որտեղ Իրանն ու Ռուսաստանը գլխավոր չարագործները չեն»։ «Իրականում, որքան էլ դա ակնհայտ եւ ոչ առանձնապես հաճելի լինի Վաշինգտոնի պաշտոնյաների համար, Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորներն են Ռուսաստանը եւ Իրանը»,- գրել է ամերիկացի փորձագետը։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Հանդիպման արդյունքով ԵՄ-ն Հայաստանի զարգացման համար կտրամադրի 270 մլն եվրո, իսկ ԱՄՆ-ն՝ ավելի քան 65 մլն դոլար: 
Թե ինչի կհանգեցնի ԵՄ-Հայաստան եւ Արեւմուտք-Հայաստան քաղաքական առեւտուրը, դժվար չէ կռահել, բայց հուսանք՝ ո՛չ Վրաստանի եւ ո՛չ պակաս պայթյունավտանգ իրավիճակում հայտնված Մոլդովայի օրինակներով, որոնց մխիթարությունն ընդամենը ԵՄ անդամակցությունն է եւ ոչ ավելին…