Վաղվա Արցախը կերտվել է երեկ

Վաղվա Արցախը կերտվել է երեկ

Վաղվա Արցախը կերտվել է երեկ

Նախագահական ընտրություններին ընդառաջ Ստեփանակերտում շրջանառվում է «նոր» կամ «վաղվա» Արցախի թեման: Իրականում վաղվա Արցախը կերտվել է երեկ՝ ուղիղ երկու տասնամյակ առաջ: Նախաձեռնողն Արկադի Ղուկասյանն էր, որ վճռականորեն «ոչ» ասաց ավտորիտարիզմին, կամայականությանը, անձնապաշտությանը եւ ապաքաղաքական-եսակենտրոն իշխանությանը, ավելի ճիշտ՝ դիկտատուրային ի հակակշիռ հռչակեց անցում ժողովրդավարությանը, օրինականությանը, խոսքի ազատությանը, մրցակցային քաղաքականությանը եւ իրական շուկայական տնտեսությանը: Այդ ուղեգիծն իրականացնելու գործում նրան սատար էին կանգնել մի խումբ գործիչներ, որոնք էլ նախաձեռնեցին «Ժողովրդավարական Արցախ միություն» հասարակական-քաղաքական շարժումը:

Արցախի համար դա ճակատագրական ընտրության պահ էր, որ մթագնեց նախագահ Ղուկասյանի դեմ 2000թ. մարտի  22-ի մահափորձով: Բայց իշխանությունն արդեն ուներ ամուր հենարան՝ ի դեմս ուժային կառույցների, որոնց հաջողվեց իրավիճակը պահել կառավարելի, եւ երկիրն անցնցում գնաց խորհրդարանական ընտրությունների: Իրավիճակային այդ հեղափոխությունն իրավա-քաղաքականորեն ամրապնդվեց 2006թ. սահմանադրության ընդունմամբ, եւ մեկ տարի հետո Արկադի Ղուկասյանը հեռացավ՝ ապահովելով ազատ, արդար եւ մրցակցային ընտրություններ:

Երկրի ներքաղաքական կյանքում մինչ այդ տեղի էր ունեցել եւս մեկ նշանակալի իրադարձություն՝ 2005թ. կազմավորվել եւ խորհրդարանական ընտրություններում տպավորիչ հաջողության էր հասել «Ազատ հայրենիք» կուսակցությունը՝ փաստացի ստանձնելով փոփոխությունների եւ սոցիալ-տնտեսական առաջընթացի պատասխանատվությունը, ինչը վավերացվեց 2007-ի նախագահական ընտրություններից հետո նրա առաջնորդ Արայիկ Հարությունյանին վարչապետի պաշտոնի նշանակմամբ: Անցած տարիներին Արցախում քաղաքական նորացումն ու սոցիալ-տնտեսական առաջընթացը զուգահեռաբար փոխլրացրել են միմյանց: Նախագահ Բակո Սահակյանին հաջողվել է զարգացնել ավանդույթները եւ ստեղծել քաղաքական հանդուրժողականության եւ նույնիսկ համախոհության միջավայր: Ոչ ոք չի մերժում այլընտրանքի անհրաժեշտությունը: Փոխվում է աշխարհը, մարտահրավերներն ավելի սուր են զգացնել տալիս:

Բայց ճիշտ եւ արդարացի չէ, երբ փորձ է արվում իրավիճակը գնահատել այնպես, որ Արցախում քաղաքական, սոցիալ-տնտեսական, բորոյա-հոգեբանական ստագնացիա է, եւ «վիրահատական միջամտության» անհրաժեշտություն կա: Մանավանդ որ նման տեսակետ հնչեցնում են կամ առանձին անհատներ, կամ քաղաքական ուժեր, որ միայն վերջերս են կազմավորվել, եւ նրանց հանրային աջակցության պատկերը բացարձակապես մշուշոտ, չափազնաց հեղհեղուկ է: Արցախն ունի մի հեռանկար՝ զարգացման, քայլ առ քայլ զորացման էվուլյուցիա՝ քաղաքական եւ նույնիսկ մարդկային հարաբերությունների ավանդույթների պահպանմամբ, դրանց շատ զգուշորեն բարեփոխմամբ: Գործող իշխանությունն այդ շարունակականության երաշխավորն է, ինչն Արցախի պարագայում  նաեւ հստակ դիտարկվող անվտանգային անհրաժեշտություն է: Վաղվա Արցախն այսօրվա, երեկվա Արցախն է լինելու՝ ավելի անվտանգ, տնտեսապես՝ մրցունակ, քաղաքական համակարգի ավելի բազմազանությամբ եւ ճկունությամբ, սոցիալապես՝ մեկ աստիճան բարձր ապահովությամբ, հանրային գիտակցված համերաշխությամբ, ժամանակակից աշխարհին եւս մեկ արդյունավետ քայլով ներգրվող:

Արցախում կտրուկ քայլերի հանրային պահանջ չկա: Եւ նրանք, որ հայտնի չէ՝ քաղաքական ի՞նչ ռեսուրսով են մտնում նախագահական ընտրապայքարի մեջ, երբ երեւանյան լրատվամիջոցի եթերից հայտարարում են, որ «գնալու ենք մինչեւ վերջ»՝ պետք է իրենց հաշիվ տան, որ այդ «վերջը» կարող է ձեւակերպվել որպես քաղաքական էպիտաֆիա: Որեւէ ցնցում, իրավիճակ ապակայունացնելու ցանկացած փորձ Արցախի հանրությունը չի հանդուրժելու: Ինչպես որ երկու տասնամյակ առաջ չի հանդուրժել բոնապարտիզմը: