Բաքուն կկրկնի՞ 

Բաքուն կկրկնի՞ 

Թեեւ ակնկալվում էր, որ Բաքու խորհրդային զորքեր մտցնելու 30-րդ տարելիցի առթիվ Իլհամ Ալիեւը հանդես կգա քաղաքական հայտարարությամբ, նա գերադասեց լռելյայն մասնակցել դեպի «շեհիդների ծառուղի» երթին: Ադրբեջանում կան տաբուներ: Մանավանդ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների թեմայով: Մինչ քարոզչությամբ Բաքու զորքեր մտցնելու եւ «խաղաղ բնակչության նկատմամբ դաժան հաշվեհարդար տեսնելու» մեղադրանքներ են հնչեցվում ԽՍՀՄ նախկին նախագահ Գորբաչովին, պաշտպանության նախարար Յազովին եւ ուրիշների, պատկան մարմինները որեւէ իրավական գործընթաց չեն սկսել՝ բացահայտելու մեղավորներին եւ գոնե բարոյական պատասխանատվության կանչելու նրանց: Չեն էլ սկսի, որովհետեւ նույն 1990թ.-ին, երբ Բաքվում արտակարգ դրությունը վաղուց հանված էր, քաղաքական բոլոր ուժերն ստացել էին ազատ գործելու հնարավորություն, Գերագույն խորհրդի ընտրություններում պատգամավորական 350 մանդատից ոչ կոմունիստական ուժերն ստացել էին ընդամենը 32-ը:

Խնդիրը ոչ թե ժողովրդավարացումն ու անկախությունն էր, այլ՝ ամեն գնով Լեռնային Ղարաբաղի հարցի ադրբեջանանպաստ կարգավորումը, որի բանալին Մոսկվայում էր: Մեկ տարի անց՝ 1991թ. մարտի 17-ին ԽՍՀՄ պահպանման հարցով միութենական հանրաքվեին Ադրբեջանն 89 տոկոսավ «այո» ասաց միասնական պետությանը:

Հաշվարկը պարզ էր՝ Մոսկվայի պատժիչ ուժի միջոցով բռնատեղահանել Լեռնային Ղարաբաղի, հարակից Շահումյանի շրջանի ու Գետաշենի հայ բնակչությանը: Մոսկվան իրականացրեց «Կոլցո» ռազմագործողություն, 24 հայկական գյուղեր հիմնովին ավերվեցին, հարյուրավոր խաղաղ մարդիկ սպանվեցին: Միայն ԳԿՉՊ-ի տապալումը փրկեց Արցախը: Հետագա իրադարձություններում Ադրբեջանը քաղաքականապես պարտված էր, ինչն էլ բերեց ներքին խառնակության, պետական կառավարման համակարգի կաթվածի: Այսօր ադրբեջանական մամուլում հնչում է կարծիք, որ Ռուսաստանում սահմանադրական փոփոխություններ արվում են «միութենական պետության նպատակադրվածությամբ» եւ կանխատեսում, թե նախկին խորհրդային ի՞նչ տարածքներ կարող են մտնել նրա կազմի մեջ:

Տագնապն զգալի է: Բոլորովին վերջերս Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ եվրոպական ընտրությունն Ադրբեջանի համար չէ: Փորձագիտական շրջանակները վաղուց են խոսում ԼՂ հարցում ռուսական ծրագրի մասին: Օրերս էլ Ժիրինովսկին է հորդորել, որպեսզի իրանա-ադրբեջանական սահմանին ռուսական ռազմահենակայան ստեղծվի, միայն այդ դեպքում «Ադրբեջանի սահմաններն անվտանգ կլինեն»: Կա՞ նոր միութենական պետության նախագիծ՝ դատողություններ հնարավոր կլինի անել, երբ հրապարակ բերվեն ՌԴ սահմանադրական փոփոխությունները: Դատելով ադրբեջանական մամուլի անհանգստությունից, Բաքվում քննարկվում է տարբերակ՝ միանալ ռուսական աշխարհաքաղաքական նախագծերին՝ հանուն ԼՂ հարցի: Մեկ անգամ Ադրբեջանը նման գայթակղության տրվել եւ վարձահատույց է եղել իշխանություն Հեյդար Ալիեւի վերադարձով եւ բռնատիրության եւ կոռուպցիայի համատարած հաստատմամբ: Սեփական իշխանությունը եւս մեկ տասնամյակ երկարաձգելու այլ հովանավոր, քան Ռուսաստանի ոչ պակաս ավտորիտար եւ կոռումպացված իշխանությունն է, Իլհամ Ալիեւը չունի: Կկրկնի՞ նույն սխալը Բաքուն: