Նիկոլ Փաշինյան․ հուշարձանը

Նիկոլ Փաշինյան․ հուշարձանը

Ստիպված նայեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը։ Ստիպված, քանի որ ի սկզբանե արդեն իսկ գիտեի, թե ինչ է խոսելու։ Իրականում բոլորը գիտեն, նույնիսկ ամենաանկիրթ մարդն էլ կարող է կանխատեսել վարչապետի մտքի թռիչքը և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Փաշինյանը վերջին երկու տարիներին նոր բան չի ասել և դժվար էլ կարողանա ասել։ Պարբերաբար ստիպված ենք գործ ունենալ նույն մաշված ու չարչրկված տեքստերի հետ, որոնք ոչ միայն ձանձրալին են, այլ նաև հոգնեցնող։ Օրինակ «Մատրիցան» 20 անգամ նայել եմ ու ամեն անգամ նոր բան եմ բացահայտել։ Այսինքն մեկ ֆիլմը շատ ավելի բազմաշերտ է ու բովանդակային, քան Նիկոլ Փաշինյանի բոլոր ելույթները միասին վերցրած։ 

Տրամաբանական հարց է առաջանում, թե ինչո՞ւ է իրավիճակն այսքան միագույն և նույնական։ Այս հարցի պատասխանը փորձել եմ տալ դեռևս ամիսներ առաջ և եկել եմ այն համոզմանը, որ հեղափոխությունը՝ որպես ինտելեկտուալ գործընթաց, արդեն իսկ սպառվել է։ Այն ինչ-որ պայմանական կետից մեկնարկել է, այնուհետև քարացել ու անշարժացել է՝ դառնալով անպետք հուշարձան։ Իսկ հուշարձանը ոչ առաջ կարող է շարժվել և ոչ էլ ետ, այն պետք է մնա նույն տեղում և իր պատվանդանին սոսնձված։ 

Փաստացի Նիկոլ Փաշինյանը հենց այդ հուշարձանի կարգավիճակում է, ինչի հետևանքով էլ առաջադիմական քաղաքական շարժումը փոխակերպվել է քաղաքական կրոնի։ Իսկ կրոնները, ինչպես գիտեք, խիստ պահպանողական և ավանդույթներից կառչած համակարգեր են։ Այսինքն, հեղափոխություն կոչվածն արդեն իսկ կրոն է, որին Նիկոլ Փաշինյանը փորձում է պետական կրոնի կարգավիճակ շնորհել։ Իսկ պետական կրոնը բացառում է ամեն տեսակի այլախոհության հնավարությունը, ինչից հետևում է, որ «Նիկոլականությանը» հակադրվող յուրաքանչյուր մեկը դիտարկվում է որպես հերձվածող (աղանդավոր)՝ պաշտոնական դավանանքից շեղված։

Թերևս հենց այս կրոնականությամբ են բացատրվում Նիկոլ Փաշինյանի անփոփոխ և փաստարկներից զուրկ տեքստերը։ Նա հայտնվել է հոգևոր առաջնորդի դերում և բնականաբար պետք է ամեն առիթով և անվերջ խոսի նույն կրոնական դոգմաների մասին, որոնք ո՛չ ապացուցելի են և ո՛չ էլ հիմնավորման ենթակա, քանի որ կրոնական տեքստերը մետաֆիզիկայի ժանրից են ու գիտականորեն անաապացուցելի։ Այս ամենի հետևանքով ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ ժամանակը և՛ շարժվում է և՛ չի շարժվում, օրացույցն իր պարբերական ընթացքով փոխվում է, իսկ մենք շարունակում ենք քարշ գալ ու մոլորվել 2018-ի տափաստաններում։ Իրականությունը քարացած է, փոխվում են միայն իրերն ու դրանց վերաբերյալ ընկալումները։ Երկու տարի առաջվա ձնծաղիկները փոխակերպվել են փշի և մոլախոտի, իսկ ազատության ոգին փոխարինվել է պաշտամունքային գարշահոտով։