Սաբոտաժ, անտերություն

Սաբոտաժ, անտերություն

Առաջին հայացքից իրար հետ կապ չունեն օրվա իրադարձությունները․ Արցախում քաղաքացիական անձ սպանվեց՝ Ճարտարի բնակիչ Սեյրան Սարգսյանը։ Նախորդ օրը ՑՕՐ-ի 9 զինծառայողների հուղարկավորությունն էր, որոնք զոհվել էին 1 տարի առաջ։

Տեղեկացանք, որ Մասիսի քաղաքապետության թեկնածուի մերձավորներին են կալանավորել, իսկ մի քանի օր առաջ Աշոտ Երկաթի՝ Աշոտ Մինասյանի կալանքի դեմ էին մարդիկ բողոքում։

Պարզվեց, Արագածոտնի մարզպետի դիպլոմը «ստից» թուղթ է, այսինքն՝ բարձրագույն կրթություն չունեցող անձին մարզպետ են նշանակել՝ օրենքի խախտմամբ։ Նույն օրը համացանցը հեղեղվեց հին երեւանյան շենքերից մեկի քանդման կադրերով՝ Հանրապետության փողոցի վերջին գողտրիկ շենքն են քանդում՝ տեղը բազմաբնակարան մի այլանդակություն կառուցելու համար, իսկ դրանից մի հարյուր մետր այն կողմում՝ մետրոյի վրայի քարե սիմֆոնիան են քանդուքարափ արել՝ տուֆից սալ քարերը բարբարոսաբար ջարդել են ու լցրել տարածքում։ Տեղեկացանք հավի մսից թունավորման հերթական դեպքի մասին։

Ապա իմացանք, որ Գեղարքունիքի մարզպետը՝ Սեւան խոշորացված համայնքի ընտրություններից 2 օր առաջ, Գեղամավանի համայնքապետի ԺՊ է նշանակել մինչեւ 2016 թվականը 34 տարի  գյուղապետ աշխատած մի «թալանչու», ով մինչեւ հիմա վերականգնում է պետությանը հասցված վնասները, եւ ում գյուղացիները չեն ընդունում․ 2 օր է՝ գյուղում լարված վիճակ է, ցույցեր, բողոքի ակցիաներ: Եվ քանի որ խոշորացված համայնքներում ընտրապայքարի վերջին օրն է, մեծ թվով համայնքներից լուրեր ստացանք, որ փող են բաժանում, համայնքապետարանները հանկարծ որոշել են համայնքի անապահովներին աջակցել։

Այս բոլոր տեղեկությունները մի բանի մասին են վկայում՝ պետությունը դադարել է գործելուց, պետական կառույցները սաբոտաժ են անում։