Խանդի հողի վրա «կռվցնում է փեսացուներին»

Խանդի հողի վրա «կռվցնում է փեսացուներին»

Հայկական բանակցություններից բան չի հասկացվում։ Լիակատար քաոս է, խառնաշփոթ։ Արևմուտքն իր առաջարկներն ունի, Ռուսաստանը՝ իր։ Արևմուտքը իր շահերն ունի՝ Ռուսաստանը իր։ Հայաստանը թեթև տաշեղի պես՝ ընկած Ռուսաստանի ու արևմուտքի ջրերի վրա, տարուբերվում է։ Քամին որ ուղղությամբ փչում, այդ ուղղությամբ էլ շարժվում է։ Իշխանությունը մեկ արևմտյան ռոմանտիզմի, մեկ ռուսական պրագմատիզմի ստվերում կիսաքնած փորձում է ստեղծել այնպիսի տպավորություն, որ մի ձեռքով երկու ձմերուկ է բռնում։ Ցավոք, ժողովուրդը ճիշտ է ասում, որ «Մի ձեռքով երկու ձմերուկ չես բռնի, մի զարկով երկու նապաստակ չես խփի»: Դա անհեռանկար բան է։ Տեղից տեղ ցատկելով և աղաղակելով՝ որ Ադրբեջանը ավելի շատ տարածքներ է ուզում վերցնի Հայաստանից, ոչինչ չես փոխի։

Կլսեն քեզ ու կգործեն իրենց երկրի պետական շահերին համապատասխան։ Այնպիսի իրավիճակ է Նիկոլ Փաշինյանը ստեղծել,  ասես խանդի հողի վրա կռվցնում է փեսացուներին։ Ինքը դա մի տեսակ խաղի է վերածել, իբր թե «տաքացնում է Կրեմլին», բայց չի պատկերացնում դրա հետևանքները։ Չի պատկերացնում, որ երբ հրաժարվի  արևմուտքի առաջարկներից, , ինչ հետևանքներ այն կարող է ունենալ Հայաստանի վրա։ Կամ երբ հրաժարվի Ռուսաստանի առաջարկներից, դրա հետևանքներն ինչ են լինելու։ Երկու կողմի առաջարկներն են բխում են սեփական երկրի շահերից։ Հայաստանի ցավով ոչ ոք չի տառապում։  Այ երբ ինքն էլ  իր թիմով հասկանա, թե ինչ է իրենց ուզածը, հեշտ կլինի։  Իրենց ուզածը  երկրի՞, թե թշնամու շահերից է բխում, իրենց ուզածը ինչ որ կոնկրետ բա՞ն է, թե՞ բանակցության իմիտացիա։ Իրենց ուզածը պարգևավճար տա՞լն է, թե՞ երկիրը զինելը։ Իրենց ուզածը երկիրն այս վիճակից հանե՞լն է, թե երկրից հրաժարվելը։ Իրենց ուզածը սեփական ուժերին ապավինե՞լն է, սեփական ռեզերվը օգտագործե՞լը, թե՞ միայն խաղաղության փետուրներ սփռելը։