«Հրապարակ». Երեւանում տեղի ունեցավ ՀԱՊԿ-ի կազմակերպած անիմաստ նիստը

«Հրապարակ». Երեւանում տեղի ունեցավ ՀԱՊԿ-ի կազմակերպած անիմաստ նիստը

Երեկ Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը: Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին հյուրընկալության համար՝ ՀԱՊԿ ԽՎ եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ողջույնի խոսքում շնորհավորել է նիստի մասնակիցներին ՀԱՊ ստորագրման 30 ամյակի եւ ՀԱՊԿ 20 ամյակի կապակցությամբ։

Նիստը լուսաբանելու համար հավատարմագրել էին նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, բայց համալիր հասնելուն պես հասկացանք, որ այդ հավատարմագրումը ձեւական բնույթ է կրում։ ԱԺ լրատվական վարչության աշխատակիցներն ու ԱԺ նախագահի մամուլի խոսնակը մեզ ասացին, որ չենք կարող բարձրանալ դահլիճ, անգամ կադրեր չենք կարող անել, միայն առաջին մի քանի րոպեն կարող են լուսանկարիչները մտնել, ֆոտոներ անել եւ դուրս գալ։ Մեզ թույլ չտվեցին անգամ միջանցքում կանգնել ու նկարահանել Հայաստան ժամանած պատվիրակությունների մուտքը համալիր։ Ամեն ինչ արգելված էր լրագրողներին, վերջում անգամ ճեպազրույց նախատեսված չէր։

Երբ հետաքրքրվեցինք, թե որն էր, այդ դեպքում, լրագրողներին հավատարմագրելու իմաստը, եթե ամեն ինչ արգելվելու էր, ու ոչինչ չէինք կարողանալու լուսաբանել, ԱԺ-ից «մեղքը» բարդեցին ՀԱՊԿ-ի կազմակերպիչների վրա, թե իրենք են այս ձեւաչափն ընտրել՝ հիշեցնելով, որ պայմանները մեզ նախապես ուղարկվել էին, եթե չէինք ուզում, կարող էինք չգալ։ Ստիպված էինք համակերպվել «դեմոկրատական» այսպիսի պայմաններին ու համբերատար սպասել։ Ինչեւէ, ավելի քան 3 ժամ համալիրի առաջին հարկում պարապ-սարապ թրեւ գալուց հետո սկսեցինք ՀԱՊԿ-ի այս վեհաժողովի կազմակերպիչների թույլ տված կիքսերը ֆիքսել։ Օրինակ՝ էկրանին ցուցադրվող ՀԱՊԿ-ի վերաբերյալ կարճ ինֆորմացիոն գրություններում նկատեցինք, որ Парламентская ассамблея բառակապակցության մեջ սխալ կա, գրված է՝ Парламенская, այսինքն՝  առանց բառամիջում գրվող т տառի։ ԱԺ-ից ասացին, որ սրա հետ էլ իրենք գործ չունեն, սա նույնպես ՀԱՊԿ-ի «ձեռքի գործն է»։

Մոտ երեք ժամ անց սկսեցին պատգամավորներն իջնել։ Սկզբում ՔՊ-ականներն իջան, ի դեպ՝ ընդդիմադիր պատգամավորները չէին մասնակցում նիստին, հետո սկսեցին օտարերկրյա պատվիրակության անդամներն իջնել։ ՔՊ-ականներից Ռուբեն Ռուբինյանի ետեւից մի քանի լրագրող գնացին, որ մի երկու հարց ուղղի, սակայն Ռուբինյանը  անտակտ ձեւով կոպտեց իրեն բանի տեղ դրած լրագրողներին ու որեւէ հարցի չպատասխանելով՝ հեռացավ։ Բարեհաճեց մի քանի հարցի պատասխանել միայն Գուրգեն Արսենյանը, որն ասաց, թե օրակարգը ու դրա տակ եղած նյութերը բաղկացած են եղել 120 էջից, նիստն էլ տեւել է 1 ժամ 20 րոպե, ու ինքը չի կարող այդ 120 էջը պատմել, թե ինչ կար օրակարգում, ինչ հարցեր են շոշափվել, փոխարենը կարող է մեզ տրամադրել այդ օրակարգը, որ ինքներս ուսումնասիրենք։

«Բայց ոչ մի հարց առանձին նվիրված չի եղել Հայաստանին։ Չկա տենց հարց օրակարգում, որ ուղղակի անվտանգության հարց լինի որեւէ երկրի անվտանգությանը։ Մենք քննարկեցինք, օրինակի համար, եւ ամփոփեցին ղեկավարները, օրինակի համար, ՀԱՊԿ-ի զորամիավորումների գործունեության արդյունավետությունը Ղազախստանում»,- ասաց Արսենյանը՝ նշելով, որ որեւէ դիտողություն, որեւէ բողոք չի հնչել Ղազախստան ուղարկված ուժերի մասով։
Մինչ Արսենյանը լրագրողների մոտ շարադրում էր իր մտքերը, մեզ ասացին, որ Բելառուսից է ինչ-որ մեկը պատրաստ ճեպազրույց տալ։ Ասացին՝ Բելառուսի ԱԺ ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն է։ Նա էլ որոշեց մի քանի խոսքով կարճ ելույթ ունենալ հայ լրագրողների առջեւ ու առանց որեւէ հարցի պատասխանելու՝ հեռանալ։

«Վեհաժողովի ջանքերն ուղղված են կայունության ապահովմանը։ Այսօր տեսնում ենք, թե ինչպիսի քաղաքական ճնշում է գործադրվում ոչ միայն Բելառուսի ու ՌԴ-ի վրա, այլեւ տարածաշրջանի այլ երկրների՝ պատժամիջոցներ, միջամտություն ներքին գործերին։ Սա շատ լուրջ սպառնալիք է մեր երկրների հանդեպ։ Պետք է արժանապատվորեն դիմակայենք՝ միավորելով ջանքերը։ Այսօր կարիք կա դիմակայելու նաեւ մեր երկրների հանդեպ վարվող տեղեկատվական պատերազմին։ Եթե տնտեսությունն ուժեղ լինի, ուժեղ կլինեն նաեւ մեր երկրները»,-ասաց Անդրեյչենկոն՝ ընդգծելով, որ կարեւոր է այս ոչ հեշտ ժամանակներում միավորել ջանքերը, որպեսզի ապահովենք մեր երկրների անվտանգությունը։