Ինչո՞ւ ենք նման ախմախություններով աղքատացնում մեր երկիրը

Ինչո՞ւ ենք նման ախմախություններով աղքատացնում մեր երկիրը

Երեկվանից հանրությունը քննարկում է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի օպտիմալացման լուրը: Բանն այն է, որ իշխանությունները նպատակ ունեն այն փակելու, հետագայում` Աշտարակում ակադեմիական քաղաքում` որպես բուհ ընդգրկելու: Նշենք, որ հայտնի է դարձել այն 5 ուղղության ամբողջական ցանկը, որի շրջանակում իրականացվելու է բուհերի օպտիմալացման և խոշորացման ծրագիրը։ Այսպիսով Հայաստանում կլինի բուհական կրթության 5 ուղղություն` «Արվեստներ», «Կրթական», «Բժշկական», «Դասական» և «Տեխնոլոգիաներ»։ Դեռևս հայտնի չէ, ՀՀ Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան և ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը որ ուղղությունների մեջ կմտնեն` «Տեխնոլոգիական», թե՞ «Դասական»։

Հիշեցնենք, որ Կոնսերվատորիայի ղեկավարությունն արվեստի բուհերի միավորման հարցի շուրջ իր կարծիքն ու դիրքորոշումը գրավոր ներկայացրել է ԿԳՄՍ նախարարին դեռևս անցյալ տարի։ Այն ներկայացված է նաև ռազմավարության մշակման հանձնախմբին և գիտկոմի նախագահին։ ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն իր և բուհի ղեկավար կազմի դիրքորոշումը հրապարակել է ԵՊԿ գիտական խորհրդի փետրվարյան նիստի ժամանակ։ Հանգամանորեն ներկայացվել են այս նախագծի հետ բուհի անհամաձայնության հիմնավորումներն ու առաջարկները: Թեմայի մասին մենք զրուցել ենք կոմպոզիտոր, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի հետ:

- Պարոն Սաթյան, իշխանությունները որոշել են օպտիմալացնել նաև Կոնսերվատորիան: Առհասարակ այն ի՞նչ դերակատարում ունի հայ ժողովրդի և նրա մշակույթի կյանքում: Ի՞նչ արժեք է ներկայացնում իրենից:

- Յուրաքանչյուր իրեն հարգող երկիր ունի Կոնսերվատորիա: Կան, իհարկե երկրներ, որոնք ունեն նաև ուսանողական առանձին քաղաքաներ, սակայն նրանք ունեն նաև Կոնսերվատորիա, ինչու ոչ, կոնսերվատորիաներ: Կան նաև առանձին հեղինակավոր բուհեր ու Կոնսերվատորիա և դրանք մեկը մյուսին չեն խանգարում: Կա օրինակ` Օքսֆորդ և Կոնսերվատորիա, Հարվարդ և Կոնսերվատորիա, Սորբոն և Կոնսերվատորիա: Այսինքն` ի՞նչ կապ ունեն նրանք իրար հետ: Էդ ինչո՞ւ նրանք էլ Կոնսերվատորիան չեն ոչնչացնում:

- Բայց կան նաև մի շարք այլ բուհեր, ինչո՞ւ հենց հիմա խոսվեց Կոնսերվատորիայի օպտիմալացման մասին:

- Կոնսերվատորիան սպեցիֆիկ բուհ է: Այն տարբերվում է մնացած բոլորից` իր ինդիվիդուալ պարապմունքներով: Եթե այլ բուհերում դասախոսը լսարանում ընդհանուր խոսում է, ապա Կոնսերվատորիայում ամեն մեկի հետ առանձին աշխատանք է տարվում: Բացի դա, բուհը հատուկ սարքվել է Ֆիլհարմոնիայի կողքը: Դուք պատկերացնո՞ւմ եք նման բուհը ուզում են տանել Աշտարակ: Ինչպե՞ս է ուսանողն Աշտարակից անընդհատ Երևան ներկայացում դիտելու գալու: Ի վերջո` Կոմիտասի անվան փոխարեն ո՞ւմ անունն են ուզում դնել: Ինչո՞ւ ենք մենք մեզ, մեր երկիրը աղքատացնում նման տխմարություններով: Սա թշնամություն է մեր երկրին` ոչ ավել:

- Այսինքն` ակադեմիական քաղաքի գաղափարին առհասարակ դեմ եք:

- Գուցե տեխնիկական մասնագիտություններ կան, որոնք կարող են տանել Աշտարակ: Օրինակ` գյուղատնտեսական ոլորտի մասնագիտություններին դեմ չեն, թող տանեն, եթե դա այդքան կարևոր է իրենց համար, բայց ոչ արվեստի բուհերը: Թատրոնները, կինոները, դրանք բոլորը Երևանում են, ուսանողը պետք է գնա թատրոն, տեսնի այն, պետք է մասնակցի համերգներին: Ի՞նչ է՝ վաղն էլ Օպերայի դահլիճը պետք է տանեն Աշտարա՞կ, էս ի՞նչ նոր ծիծաղելի բան էր: