«Հրապարակ». ՏԻՄ օրենսդրության բռնաբարում է արձանագրվել

«Հրապարակ». ՏԻՄ օրենսդրության բռնաբարում է արձանագրվել

Երեկ բոլորի ուշադրությունը սեւեռված էր դեպի Լոռվա քաղաք Ալավերդին, որտեղ վաղ առավոտից ոստիկանությունը շրջապատել էր համայնքապետարանի վարչական շենքը՝ Ալավերդի համայնքի գործող ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու համար։ Շենքի առջեւ հավաքված մարդկանց` համայնքի ղեկավարին, ավագանու «Ապրելու երկիր» եւ ՀԱԿ կուսակցության անդամներին, նաեւ՝ համայնքապետարանի աշխատակազմին ու ալավերդցիներին թույլ չէին տվել մտնել վարչական շենք: Կարմիր բերետավորների ուղեկցությամբ ավագանու նիստերի դահլիճ էին մտել ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը եւ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ալավերդի համայնքի ավագանու 13 անդամները։ Նրանց միացել էր նաեւ «Ապրելու երկիր» կուսակցությունից ավագանու անդամ Սիմոն Զախարովը, ով ամիսներ առաջ ճամբարափոխ էր եղել եւ հնարավոր դարձրել իշխանազավթման այս գործընթացը։ Ներսում փակ, գաղտնի քվեարկությամբ հապճեպ որոշում կայացրին եւ գործող համայնքապետին, որից ալավերդցիները գոհ են, անվստահություն հայտնեցին` խլելով իշխանությունը: Ավելին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ալավերդի համայնքի ավագանու անդամ, Շնողի նախկին գյուղապետ, բազմաթիվ քրեական գործերի ու ծեծկռտուքների հերոս Դավիթ Ղումաշյանին ընտրեցին համայնքի ղեկավար։

Երեկ էլ տեղեկացանք, որ նման մի բան էլ ձեռնարկել են Գյումրիում, որտեղ դադարեցվել է «Բալասանյան դաշինքի» եւ ՔՊ-ի համագործակցության հուշագիրը, եւ ՔՊ ավագանու անդամները հայտարարել են մանդատները վայր դնելու, իսկ ՔՊ-ական պաշտոնյաները` հրաժարական տալու մասին: «Քաղպայմանագիրը» փաստացի փորձում է իշխանություն զավթել բոլոր այն համայնքներում, որտեղ ջախջախիչ պարտություն է տարել, իսկ նախօրեին Ալավերդիում տեղի ունեցած իշխանազավթման հաջողված փորձը, հավանաբար, ՔՊ-ին ու իր ղեկավարին հավատ է ներշնչել, որ այլ համայնքներում եւս կարող են դիմել նման ապօրինությունների եւ մարսել: 

Ալավերդիում «Ապրելու երկիրն» իշխանություն էր ձեւավորել Հայ ազգային կոնգրեսի հետ կոալիցիայի արդյունքում` միասին նրանք ունեին 14 մանդատ՝ ՔՊ-ի 13 մանդատի դիմաց: Եվ վերջին օրերին գործընթացներին նաեւ ՀԱԿ-ն է մասնակցել` Լեւոն Զուրաբյանն ասուլիս տվեց Մեսրոպ Առաքելյանի հետ, ապա մեկնեցին Ալավերդի` այս ծրագիրը տապալելու: ՀԱԿ անդամ Արմեն Խաչատրյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ պետք է այս ամենին իրավական գնահատականներ տալ, իսկ ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, ապա այդ մասին խոսելն ուղղակի անիմաստ է արդեն: 

Նա նաեւ նշեց, որ ՀԱԿ անդամները պետք է հանդիպեն, եւ առանցքում Ալավերդիում տեղի ունեցած դեպքը քննարկելու հարցն է։ «Այն, ինչ տեղի է ունեցել, խայտառակություն է: Կարծում եմ` Հայաստանում պետք է դադարենք խոսել ժողովրդավարության մասին, որովհետեւ ամեն անգամ, երբ մենք քննարկում ենք ժողովրդավարության թեման, Ռոբերտ Քոչարյանը մի անկյունում սկսում է անհանգիստ ծխել: Եկեք ժողովրդավարության էջը փակենք: Հայաստանում ժողովրդավարության մասին անգամ չի կարող խոսք լինել այսօր: Այսօր մենք հետցնցումային իրավիճակում ենք հայտնվել: Դուք նշում եք, որ իշխանազավթում է տեղի ունեցել: Պետք է այն վերլուծել իրավական առումով: Պետք է գնահատական տալ` առկա՞ է արդյոք իշխանություն զավթելու դեպք, քրեաիրավական իմաստով: Կարծում եմ՝ այսօր իրապես դրա անհրաժեշտությունը կա: Մասնագիտական տեսանկյունից այս հարցը պետք է վերլուծել, եւ եթե գանք այն համոզմանը, որ առերեւույթ հանցագործության դեպք է առկա, ապա ճիշտն Արկադի Թամազյանի կողմից այս հարցի բարձրացումն է` իրավական առումով: Պետք է արձանագրել, որ ՏԻՄ օրենսդրության բռնաբարում է արձանագրվել: Ես՝ որպես իրավաբան, գտնում եմ, որ առկա են բոլոր հիմքերը, որպեսզի քայլեր արվեն խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ: Մենք հայտնվել ենք աննախադեպ մի պտույտի մեջ: Քիչ առաջ էլ տեղեկացա, որ Գյումրիում է կոալիցիոն պայմանագիր խզվում: Ենթադրվում է, որ այնտեղ եւս ինչ-որ պրոցեսներ են սկսվում: Թեւակոխում ենք պատմական նոր ժամանակաշրջան, եթե առաջ իշխանություններն ուղղակի չէին թողնում արդար ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորվեր, ապա այսօր արդեն քվեի միջոցով կազմավորված իշխանության գողություն է տեղի ունեցել, սա իշխանագողություն է: Մեր «աննախադեպ» լիդերի «աննախադեպ» քայլերից մեկն է սա, ցավոք, մեր ժողովուրդն ու մեր պետությունը դրա համար շատ ծանր գին են վճարելու»,- ասում է Խաչատրյանը:

Հնարավո՞ր է Ալավերդու հետ կապված՝ դատարան դիմեք, Արմեն Խաչատրյանն ասում է. «Մենք արդեն արձագանքել ենք տեղի ունեցածին, կարծում եմ` առաջիկայում կմտածենք, թե ինչ ազդեցության օրինական միջոցներ կան, որ կարող ենք օգտագործել: Իրավական պրոցեսի առումով պետք է նախ հասկանալ, թե ովքեր են սուբյեկտները: Ես՝ որպես իրավաբան, կմտածեմ դրա հնարավորությունների մասին: Կարծում եմ` Արկադի Թամազյանն էլ դատարան կդիմի: Մենք գուցե որպես երրորդ կողմ հանդես գանք, դեռեւս որոշում չկա այդ մասով»: