ԱՄՆ-ն կառավարական ճգնաժամի մեջ է․ սպառվում են նաև Կիևի համար գումարները

ԱՄՆ-ն կառավարական ճգնաժամի մեջ է․ սպառվում են նաև Կիևի համար գումարները

Կիևի համար Վաշինգտոնում փողերը սպառվում են. ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ հաշված շաբաթներ են մնացել Ուկրաինային ռազմական աջակցության համար։ 
Նա կոչ է արել օրենսդիրներին շտապել՝ հաստատելու 24 մլրդ դոլարի հատկացումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Լրացուցիչ ֆինանսավորման բացակայությունը, որը մենք խնդրել ենք, մեծապես կազդի մեր կարողության վրա՝ օգնելու Ուկրաինային գալիք աշնանն ու ձմռանը», - ասել է նա CNN-ին:

Առանց ամերիկյան մատակարարումների, Ուկրաինան վաղուց պարտված կլիներ, հիշեցրել է Եվրոպայում ԱՄՆ բանակի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Բեն Հոջեսը։

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է Հոջեսը, Ջո Բայդենի վարչակազմը չի կարողացել պարզաբանել հասարակ ամերիկացիներին, թե ինչու են իրենց հարկերը ծախսվում Կիևի ֆինանսավորման վրա նման քանակությամբ։
Արդեն մի քանի ամիս է, ինչ Կոնգրեսը համաձայնության չի եկել բյուջեի շուրջ, և առաջացել է կառավարության գործունեության ժամանակավոր վտանգ։ ABC News-ի և Washington Post-ի համատեղ հարցման համաձայն՝ ամերիկացիների 40%-ը Բայդենին և դեմոկրատներին մեղադրելու է կառավարության գործունեության կասեցման մեջ։ Ինչպես նշում է The New York Times-ը, նույնքան մարդ դեմ է Ուկրաինայի համար տրվող ընթացիկ ծախսերին։
Իր հերթին Բայդենը պատասխանատվությունը գցում է հանրապետականների վրա։ Նա պայմանավորվել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիի հետ առաջիկա տասը տարիների ընթացքում բյուջեի դեֆիցիտը կրճատել տրիլիոն դոլարով։ Սակայն 30 խորհրդարանականներ Սպիտակ տանն ուղղված նամակում մերժել են Ուկրաինային ավելի քան երկու տասնյակ միլիարդի խնդրանքը։

«Ռադիկալ պատգամավորների մի փոքր խումբ չի ցանկանում կատարել պայմանավորվածությունները, և Ամերիկայում բոլորը պետք է վճարեն դրա համար»,- դժգոհել է ԱՄՆ նախագահը։

Կենտուկիից սենատոր Ռենդ Փոլը կարծում է, որ Բայդենն իրավունք չունի ԱՄՆ-ին դարձնել «Ուկրաինայի ֆինանսավորման պատանդ»։ Նրան զայրացրել է նաև այն փաստը, որ Կիևն օգտագործում է ամերիկյան փողերը ոչ ռազմական կարիքների համար։ «Ֆինանսական միջոցների մի մասն ուղղվում է կառավարության աշխատավարձերին»,-ասել է նա։

Փորձելով դուրս գալ խորհրդարանական փակուղուց՝ հանրապետականները քննարկել են Պենտագոնի երկարաժամկետ ծախսերի օրինագծում Ուկրաինային տրամադրվող օգնությունը կրճատելու հարցը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Սա կարող է բավարարել կոշտ գծի կողմնակիցներին: