Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին միավորում են ընդհանուր հանցանքը եւ պատասխանատվությունից խուսափելու ձգտումը

Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին միավորում են ընդհանուր հանցանքը եւ պատասխանատվությունից խուսափելու ձգտումը

Համընդհանուր զարմանքը, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է դեռ որոշ կողմնակիցներ ունենալ, ստիպում է բացատրություններ գտնել։ Ինչու են առօրյա կյանքում բանական եւ գիտակից մարդիկ շարունակում նման անբացատրելի վարքագիծ դրսեւորել, երբ հարցը վերաբերում է իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքին: Ինչպե՞ս կարող է մարդը շարունակել համակրել կամ իր պաշտպանության տակ վերցնել մի իշխանության, որն ամեն օր ապացուցում եւ ի ցույց է դնում իր անկարողությունը՝ լուծելու հանրային նշանակության խնդիրներ, տապալվում է բոլոր հնարավոր ոլորտներում՝ սկսած հանրային անվտանգութան կազմակերպումից մինչեւ սոցիալական պաշտպանության ոլորտ:

Այս երեւույթը տարբեր բացատրություն ունի. մի մասը պնդում է, որ Փաշինյանի կողմնակիցները ժեխ են, ապասոցիալականացած տարրեր, ովքեր չեն ունեցել կամ որոշակի հանգամանքների բերումով կորցրել են հայրենիքի, ազգի, բարոյականության մասին համընդհանուր ընկալումները: Մյուսները պնդում են, որ նախկին իշխանությունների եւ դրա ներկայացուցիչների նկատմամբ հանրային ատելությունն այնքան խորը արմատներ ունի հանրային գիտակցության մեջ, որ մարդիկ գիտակցաբար կամ ենթագիտակցորեն չեն ուզում վերադարձ նախկինին՝ համարելով, որ ներկան անգամ իր հրեշավոր դրսեւորումներով գերադասելի է: Այս բացատրությունները, իհարկե, որոշակի հիմք ունեն եւ տրամաբանական են թվում, բայց չեն բացահայտում հանրային տրամադրությունների իրական պատճառահետեւանքային կապը:

Իմ շրջապատում եւս դեռ հանդիպում են մարդիկ, ովքեր շարունակում են պաշտպանել Փաշինյանին եւ նրա իշխանությանը՝ կատաղի թշնամանք տածելով նրա քննադատների նկատմամբ: Այդ մարդկանց մի մասը որեւէ նյութական շահ կամ ակնկալիք չունի իշխանությունից, ի տարբերություն նրանց, ովքեր տեղավորվել են իշխանական պաշտոններում կամ որոշակի արտոնություններ ու ֆինանսական եկամուտ են ստանում իշխանության մեջ լինելու կամ դրան աջակցելու դիմաց: Այդ դեպքում ի՞նչն է միավորում այդ մարդկանց Փաշինյանի եւ նրա իշխանության հետ:
Հնարավոր է, որ դրա բացատրությունը կոլեկտիվ հանցանքի գիտակցումն է եւ կոլեկտիվ պատասխանատվությունից խուսափելու ենթագիտակցական վախը: 2018 թվականին տասնյակ, հարյուր հազարավոր մարդիկ փողոցներում կամ իրենց գիտակցության մեջ աջակցել են Փաշինյանին՝ նրան համարելով մարդ, ով կարող է իրենց համար նոր եւ ավելի բարեկեցիկ կյանքի հեռանկար ապահովել: Այդ մարդիկ համարել են, որ իրենք են Փաշինյանին բերել իշխանության, եւ վերջապես իրենց հաջողվել է հետ վերադարձնել իրենցից խլված իշխանությունը, որ շուտով տեղի են ունենալու անհավանական փոփոխություններ. երկրում հաստատվելու են համընդհանուր արդարության եւ բարեկեցության մթնոլորտ, բոլոր հանցագործները պատժվելու են, բոլոր մարդկային արատներն ու թուլությունները կանխվելու են, եւ առաջնություն է տրվելու առաքինությանն ու արդարադատությանը, անկայունությանն ու անորոշությանը փոխարինելու են անվտանգությունն ու կայունությունը: Եվ իրենք լինելու են այդ փոփոխությունների ոչ միայն շահառուն, այլ նաեւ հեղինակը, իրենք համարելու են, որ հենց իրենք կարողացան հասնել նրան, ինչը տասնամյակներով երազում ու չէին կարողանում հասնել:

Ժամանակի ընթացքում պարզվեց, որ իրականությունը բոլորովին այլ է: Փաշինյանի իշխանությունը բերեց պատերազմ ու հազարավոր մարդկային զոհեր, ավեր եւ կորուստներ, արդարության փոխարեն ավելի մեծ չափերի հասան կոռուպցիան եւ կաշառակերությունը, այն, ինչ նախկինում արվում էր թաքուն եւ գաղտնաբար, ներկայումս արվում է բացահայտ ցինիզմով եւ հասարակության նկատմամբ արհամարհանքով, ազգայինն ու համամարդկայինը ստորադասվեցին անձնականին ու կլանայինին, պետական միջոցների բաշխումը յուրայիններին ու մտերիմներին դարձավ պաշտոնական գաղափարախոսություն եւ գործելաոճ:

Մարդկանց զգալի մասը, որ ժամանակին աջակցել էր Փաշինյանին, հասկացավ, թե ինչպիսի մեծ սխալ է գործել, ինչ փորձանք է բերել իր եւ երկրի գլխին: Նրանք գերադասեցին ընդունել իրենց սխալը եւ ինչ-որ բան անել՝ այդ սխալն ուղղելու համար, պայքարելով այդ իշխանության դեմ, թույլ չտալով նրան նոր ավերածություններ տարածել եւ նոր կորուստներ պատճառել:
Մինչդեռ հասարակության մի հատվածն էլ, հասկանալով, որ ինքն է նաեւ այդ ավերածությունների ու կորուստների պատասխանատուն, ենթագիտակցական վախ ունի, որ իր մեղքն ընդունելով, պետք է ընդունի նաեւ դրա դիմաց պատասխանատվության ենթարկվելու անխուսափելիությունը: Եթե ոչ իրավական, ապա գոնե բարոյական պատասխանատվության: Պետք է ընդունեն, որ իրենք են այդ պարտությունների, զոհերի, կորուստների, համազգային նվաստացման մեղավորն ու պատասխանատուն: Եվ ենթագիտակցորեն առաջանում է այդ մեղքից ու պատասխանատվությունից հրաժարվելու, դրանից ազատվելու ցանկություն:

Ինչպես Փաշինյանն է անընդհատ փորձում իր բերած ողբերգությունների, պարտությունների ու ազգային նվաստացման բեռն ու պատասխանատվությունը բարդել նախկինների, Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, բանակի ու իր իրավապահների կողմից բացահայտվող գործակալների վրա, այնպես էլ հոգեբանորեն նրանից կախվածներն են նույնկերպ շարունակում պնդել, որ այդ ամենի պատասխանատուն ոչ թե իրենց ստեղծած ու պաշտպանած իշխանությունն է, ոչ թե իրենք են, այլ բոլորը՝ բացի իրենցից: Համընդհանուր հանցագործության եւ համընդհանուր պատասխանատվությունից խուսափելու ցանկությունն է, որ միավորում է Փաշինյանին եւ իր՝ օր-օրի փոքրացող, բայց դեռ գոյություն ունեցող կողմնակիցներին:

Իսկ անեծքները, սպառնալիքներն ու հայհոյանքը, որ շատ հաճախ ուղղվում են այդ մարդկանց, հիշեցումը, որ նրանք պաշտպանել ու իշխանության են բերել Փաշինյանին, այդ մարդկանց մոտ ոչ թե մեղքի գիտակցման եւ զղջման, այլ հակառակը՝ իրենց բանդայի պարագլխի շուրջ ավելի ամուր եւ վճռական կանգնելու ցանկություն է առաջացնում: Որովհետեւ, ինչպես ցանկացած հանցագործ բանդա, նրանք էլ են հասկանում, որ պարագլխի անկումը բերելու է ամբողջ բանդայի կազմալուծմանը՝ պատասխանատվության անխուսափելիությամբ: Այնպես որ, նրանց նկատմամբ ատելություն եւ վրեժխնդրություն քարոզելու փոխարեն պետք է կոչ անել զղջման եւ գործած մեղքն ուղղելու անհրաժեշտության գիտակցում առաջացնել:

Ավետիս Բաբաջանյան