«Հրապարակ». Ամեն անգամ, երբ «Վեոլիայի» ախորժակը բացվի, պետությունը նրան փող է տալու մեր գրպանից

«Հրապարակ». Ամեն անգամ, երբ «Վեոլիայի» ախորժակը բացվի, պետությունը նրան փող է տալու մեր գրպանից

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նիստում սահմանեց ջրի նոր սակագներ։ Հունվարի 1-ից ջուրը կթանկանա 9 դրամով եւ կկազմի 208,42 դրամ։ Անապահով բաժանորդների համար 2023 թվականին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բոլոր խմբերի համար կառավարությունը կչեզոքացնի գնի ավելացումը։ «Արդյունքում, 2023 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա»,- հաղորդում է ՀԾԿՀ-ն, կարծես կառավարությանն այդ նույն սպառողները չեն ֆինանսավորում։ Փաստորեն, «Վեոլիա ջուրը», որից, կարելի է ասել՝ ՀՀ ոչ մի քաղաքացի գոհ չէ, ավելի մեծ փող է ստանալու Հայաստանից։  

«Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչը նիստի ժամանակ բացատրում էր, թե ինչու են թանկացնում ջուրը։ Նախ, ըստ ընկերության հաշվարկների, մանրածախ ջրամատակարարման ծավալն ավելացել է կանխատեսվածի նկատմամբ։ Երկրորդ հանգամանքը սղաճն է եղել, երրորդը՝ հոսանքի թանկացումը, չորրորդը՝ ջրային համակարգն է այլ նպատակներով օգտագործվում։ Ուստի ընկերությունը վնասներ է կրում ու պետք է ջրի սակագինը 9 դրամով բարձրացնի։ 
Ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը նիստի ժամանակ նկարագրում էր «Վեոլիա ջրի» ողջ հմայքը՝ ջրամատակարարման գերակատարում ունեն, 2017 թվականին կանխատեսված էր 116 մլն խմ, բայց այս տարի փակելու են 155 մլն-ով, մինչեւ տարեվերջ 1000-ից ավելի նոր բաժանորդ են ունենալու, 60 հազար ջրաչափ են փոխած լինելու, գրեթե 9,5 մլն խորանարդի վաճառքի ծավալի աճ են ունենալու, 5 մլն ջրառի նվազում, այսինքն՝ աղբյուրներից ավելի քիչ ջուր է վերցվել։ Դժգոհությունների մասին տիկին Շահինյանը չէր խոսում։ 

«Վեոլիա ջուր» ընկերության հետ կնքված պայմանագրի կարեւոր կետերից է ջրի կորուստների կրճատումը։ Տարիներ շարունակ ընկերությունն առած ջրի 20-30 տոկոսն է հասցրել միայն բաժանորդին։ Երեկ նիստի ժամանակ ՀԾԿՀ նախագահը հետաքրքրվեց կորուստների կրճատման դինամիկայով, եւ տիկին Շահինյանը պատասխանեց, որ մեկնարկի ժամանակ (իմա՝ 2017-ին) կորուստները (վաճառած ծավալը բաժանած ջրառի վրա) եղել են 82 տոկոս, իսկ այս տարի «մենք իջնելու ենք 69-ի»։ Մենք մի քանի հարց ուղղեցինք ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին։ 

- «Վեոլիա ջուր» ընկերությունը, որը ջրի ահռելի կորուստներ ունի, որի մատուցած ծառայություններից հարյուրավոր քաղաքացիներ, ամբողջական համայնքներ են դժգոհում, անընդհատ բարձրացնում է ծառայությունների սակագինը, իսկ կառավարությունն ընդունում է թանկացման հայտերը եւ նույնիսկ սուբսիդավորում։ Ինչո՞ւ։ 

- Հնարավոր է, որ սա կոռուպցիոն սխեմա է։ Կառավարությունն ասում է՝ ինչքան որ դու թանկացնում ես, այնքան գումար ես քեզ կտամ։ «Վեոլիա ջուրը» շատ մեծ խնդիրներ ունի, ունի սպառողներ, որոնք ֆիքսված չեն։ Մենք ջրի համար վճարում ենք, բայց կան մարդիկ, որոնք օգտագործում են ջուր, բայց չեն վճարում։ Հիմա կորուստ չի ձեւակերպի, քանի որ վճարողը կա՝ դա պետությունն է, «Վեոլիա ջուրը» կփորձի ստանալ նաեւ այն մարդկանց վճարը, որոնք չեն վճարում։ Ինչ վերաբերում է սուբսիդավորմանը՝ տնտեսագիտորեն, դա հիմարություն է։ Սուբսիդավորում են մարդուն, սպառողին, ոչ թե արտադրողին կամ ծառայություն մատուցողին։ Եթե սուբսիդավորում են արտադրողին, ուրեմն, այդտեղ կոռուպցիոն ռիսկ կա, դա հայտնի մեխանիզմ է։ Ու դա տարօրինակ կլինի տեսնել մի կառավարությունից, որն իբր թե պայքարում է կոռուպցիայի դեմ։ Երբ որ կառավարությունները սկսում են սուբսիդավորել արտադրողներին, մատակարարներին, անմիջապես առաջանում են կորուստները կամ իրենց անգործության, կամ վատ կառավարման, վատ վարած գործունեության արդյունքում ստացված վնասաբեր տնտեսական արդյունքները կառավարության վրա դուրս գրելու հնարավորություն։ Իսկ բյուջեն սպասարկում է հասարակությանը, եւ հասարակությունը տուժում է։ 

- Կառավարությունն ասում է՝ հանգստացեք, ոչ ոք ջրի դիմաց ավել չի վճարելու, վճարելու եմ ես։ Մարդիկ էլ թանկացումը չեն նկատում։ 

- Դա պոպուլիստորեն հնչում է լավ, բայց միշտ ունենում է վատ հետեւանքներ։ Կառավարությունը ոչ թե թոշակառուներին է փոխհատուցում կամ թոշակ է բարձրացնում, այլ ընկերություններին է փոխհատուցում։ Այս դեպքում ընկերությունը հնարավորություն է ստանում կորուստների մի մասը դուրս գրել կառավարության հաշվին։ Սա անթափանցիկ մեխանիզմ է, որովհետեւ մենք չգիտենք, թե ինչ հաշիվներ կներկայացնի «Վեոլիան» կառավարությանը, չկա մեկը, որ կստուգի այդ հաշիվները եւ կհամադրի այն հաշիվների հետ, որոնք ներկայացվում են բնակչությանը։ Այսինքն՝ կառավարությունը մտածված, առանց երկար-բարակ մտածելու, գնացել է «Վեոլիայի» հետ գործարքի, որում կոռուպցիոն հսկայական ռիսկեր կան։ 

ՀԳ․ Անցյալ տարի, երբ ջրի մոնոպոլիստ «Վեոլիա ջուր» ընկերությունը թանկացման հերթական հայտն ուղարկեց կառավարություն՝ պահանջելով 1 խորանարդ մետրի դիմաց գործող 180-ի փոխարեն 223.7 դրամ գանձում, ՀԾԿՀ  նախագահը վստահեցնում էր, որ պետությունը «Վեոլիա»-ի հետ քննարկում է առաջիկա 10 տարվա համար հաստատուն սակագին ունենալու հարցը։ Պարզվում է՝ դա հերթական սուտն էր։ Կա՛մ նրանք համաձայնության չեն եկել, կա՛մ էլ, հակառակը՝ գործարքը կայացել է, եւ այժմ ամեն անգամ, երբ «Վեոլիայի» ախորժակը բացվի, պետությունը հայտարարելու է հերթական սուբսիդավորման մասին։ Ի դեպ, հիշեցնենք նաեւ, որ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանն իր նախընտրական ելույթներում ՀՀ հպարտ քաղաքացիներին խոստանում էր, որ Հայաստանում խմելու ջրի թանկացում չի լինի մինչեւ 2024 թվականը։ Դրանից հետո ջուրն արդեն երկու անգամ թանկացել է։