Աշխատավարձ ու նպաստ վճարելու համար պարտք կուտակելը քրեորեն հետապնդելի արարք է

Աշխատավարձ ու նպաստ վճարելու համար պարտք կուտակելը քրեորեն հետապնդելի արարք է

«Հրապարակի» զրուցակիցն է Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։

- Տնտեսագետներն ահազանգում են, որ Հայաստանի արտաքին պարտքը հասել է 12 մլրդ դոլարի։ Ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ վիճակում է մեր տնտեսությունը, ու ի՞նչ զարգացումներ կամ հետեւանքներ է դա ունենալու Հայաստանի վրա։

- Այս պահի դրությամբ Հայաստանի պետական պարտքը 4 տրիլիոն 66 միլիարդ դրամ է։ Դոլարային արտահայտությամբ մոտավորապես դառնում է 10 միլիարդ դոլար։ Հավանաբար, Դուք ֆիքսել եք տարեսկզբի պարտքը։ Այդ ժամանակ պարտավորությունների մարման ժամկետն էր, ու անկախ կառավարության կամքից՝ մենք պետք է մարում իրականացնեինք, ինչն էլ արել ենք, այսինքն՝ այս պահի դրությամբ 10 միլիարդի շրջանակներում է պետական պարտքը։ Այստեղ, իհարկե, մենք մի փոքր շահեցինք՝ փոխարժեքի տատանումն ամեն դեպքում օգուտ տվեց Հայաստանի Հանրապետությանը, քանի որ արտաքին պարտքը փակեցինք ավելի ցածր փոխարժեքի դեպքում, ինչն էլ նշանակում է, որ պետբյուջեից դրամական արտահայտությամբ դուրս եկավ ավելի քիչ գումար, բայց ավելի մեծ արտարժույթ մարեցինք։

- Վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանը որքա՞ն պարտք է կուտակել:

- Այսպիսի մարած վիճակում պարտքի աճը հասնում է մոտ 800 միլիարդ ՀՀ դրամի՝ մոտ 2 միլիարդ դոլար պարտքն աճել է։ Այսինքն՝ 2008 թվականից մինչեւ 2022 թվական 2 միլիարդ դոլարի պարտքի ավելացում ենք ունեցել։ Պարտքերը սովորաբար ներգրավում են Հայաստանի Հանրապետության բանկերից՝ արտաքին պարտքի դեպքում արեւմտյան տարբեր կառույցներից, բայց պետական պարտքի մեջ հիմնականում այս երկու պարտք տրամադրողներն են լինում, պետական պարտատոմսերը թողարկվում են, դրա դիմաց գումարներ են ներգրավում, այնուհետեւ այդ պարտքերը սպասարկում են։

- Ինչի՞ վրա են ծախսել այդ գումարները՝ դրանք նպատակայի՞ն են եղել, թե՞ ոչ:

- Ծախսերը, իհարկե, նպատակային չեն եղել։ Հարցը դիտարկենք միկրոմակարդակում։ Մարդը տնային տնտեսության համար երբ պարտք է ներգրավում՝ այդ պարտքերի սպասարկման համար, պետք է ստեղծի պոտենցիալ՝ հետագա պարտքի սպասարկման համար, կամ տնտեսագիտության մեջ այսպիսի ձեւակերպում կա՝ ավելի շուտ ձեռքբերում իրականացվեց։ Այսինքն՝ եթե մարդու եկամուտները բավարարում են երկու տարի հետո նոր բնակարան ձեռք բերելուն, նա կարող է իրեն թույլ տալ վարկային միջոցներ ներգրավել ու երկու տարի շուտ ունենալ բնակարան՝ որոշակի տոկոսների տեսքով։ Դա արդեն մարդու նախասիրության ու ընտրության հարցն է։ Բիզնեսի մեջ մի քիչ այլ է․ դա պարտադիր վերագրվում է հետագա պոտենցիալի ստեղծմանը։ Այսինքն, եթե անհրաժեշտ է 1 միլիոն դոլար՝ բիզնեսում ներգրավելու համար, ապա այդ գումարը կազմակերպությունը հրատապ պարտքերի փակումներ է իրականացնում կամ տեխնիկական միջոցների վերազինում է իրականացնում՝ հետագա ավելի շատ ու որակյալ արտադրանք թողարկելու համար, նպատակները տարբեր են լինում։ Հիմա երբ որ գալիս ենք մակրոմակարդակ․ պետությունն այս երկուսի համադրությունը պետք է իրականացնի, այսինքն՝ պարտք ներգրավել, որպեսզի ավելի արագ զարգացում ապահովի։ Երբ որ պարտքը ներգրավում են պետություններն ու ստեղծում են հետագա տնտեսական աճի պոտենցիալ, այդ պետությունները շահում են ու շատ արագ զարգանում։ Այդպիսիք են ասիական շատ երկրներ՝ Չինաստանը, Սինգապուրը, Հարավային Կորեան, Իսրայելը եւ այլն։ Նրանք պարտք են ներգրավել, նպատակային ծախսել ու հասել հաջողության։ Հայաստանի Հանրապետությունը, ցավոք սրտի, պարտքեր է ներգրավում ու շատ անարդյունավետ է ծախսում։ 2019-2020թթ․ իրականացվեց հիմնական մեծ սխալը՝ բյուջեի դեֆիցիտը գերազանցում էր կապիտալ ծախսերին, իսկ սա նշանակում է, որ պարտքը ներգրավում ենք ու դրանով թոշակներ, սոցիալական նպաստներ ենք բաժանում, պետական ապարատին աշխատավարձ ենք տալիս եւ այլ ընթացիկ ծախսեր ենք իրականացնում, որոնք տնտեսական հետագա աճի համար պոտենցիալ չեն ստեղծում։ Սա կոպիտ սխալ էր, սա անգամ քրեորեն հետապնդելի արարք կարելի է համարել, որովհետեւ սա պետության հիմնասյուների խարխլմանն ուղղված գործողություն էր, շատ վտանգավոր քայլ էր ու լուրջ հանցագործություն։ Իհարկե, այս ամենին մասնագիտական համայնքն անմիջապես արձագանքեց, եւ 2021, 2022 թվականներին այս բացն ուղղվեց՝ կոսմետիկ առումով։ Պետբյուջեի կապիտալ ծախսերն արդեն գերազանցում էին տվյալ տարվա ներգրավող պարտքերը, բայց բովանդակային առումով մնացին նույնը։ Այսինքն՝ ի՞նչ տեղի ունեցավ․ մենք պարտք էինք ներքաշում պետբյուջե եւ ներքաշած պարտքի հաշվին տանում ու դատապարտյալների կեցավայր էինք վերանորոգում, այնպիսի ճանապարհների վերանորոգում, ինչի կարիքը չկար, պետական այնպիսի շենքերի վերանորոգում, որոնց կարիքը չկա։ 

- Կարողացա՞նք արդյունք ստեղծել։

- Բովանդակային առումով դա կապիտալ ծախսերի շարքին է դասվում, բայց դա արդյունք ստեղծող ծախս չէ։ Իրականում, պետությունը պարտքերի ներգրավում իրականացնելով՝ պարտադիր պետք է այդ պարտքն օգտագործի այնտեղ, որտեղ, ենթադրենք, 10 տարով ներգրավել է՝ այդ 10 տարվա ընթացքում ներդրած գումարը պիտի փող կարողանա ստեղծել։ Որպես օրինակ՝ բերեմ թունելների, ջրամբարների, նոր ճանապարհների կառուցումը, որոնք պետությանն օգուտ կբերեն։ Թունելները Հայաստան ներմուծվող կամ արտահանվող ապրանքների ինքնարժեքի վրա անմիջապես ազդեցություն են թողնելու, կրճատելու են ճանապարհը, այդ թվում՝ տրանսպորտային ծախսերը։ Այս առումով տնտեսությունը գեներացնելու է որոշակի գումար եւ կարողանալու է պարտքը սպասարկել, այսինքն՝ տնտեսությունը զարգացնելու է դրանով։ Դե, ջրամբարներն էլ գյուղատնտեսական ապրանքների ծավալներն են ավելացնելու, եւ այսպես պետությունը կարող է որոշակի  X գումարի պարտքը սպասարկել։ Այսինքն՝ պարտքը ներգրավում ենք, լրացուցիչ փողի ստեղծման հնարավորություն չենք ստեղծում պետության ներսում, այլ յուրաքանչյուր գարուն տանում ու անխափան ճանապարհներ ենք նորից վերանորոգում կամ ինչ-որ պետական պաշտոնյայի աշխատասենյակ ենք վերանորոգում, կամ պաշտպանության նախարարության շենքում նստած ասֆալտի գեներալի աշխատասենյակն ենք վերանորոգում, կամ ալենսիմոնյանների համար տրանսպորտային միջոցներ ենք առնում, կամ բենզին ենք տրամադրում, որ նրանք երթեւեկեն, բնականաբար՝ այս պարտքի տակից շատ դժվար է լինելու դուրս գալը։ Չմոռանանք, որ 4 տրիլիոն 66 միլիարդ պետական պարտքը նշանակում է, որ Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ ունի 3 հազար 500 ԱՄՆ դոլար պարտք։ 

- Ինչպե՞ս ենք վճարելու այս պարտքը։

- Իսկ ինչպե՞ս ենք սպասարկելու, երբ ՀՀ-ում ծնելիության գործակիցը 1․6 է, երբ արտագաղթի տրամադրվածությունը գնալով ավելանում է, մարդիկ դուրս են գալիս, ու նրանց բաց թողնված պարտքը պետք է փոխհատուցեն Հայաստանում մնացող մարդիկ։ Ինչպե՞ս են սերունդներն այդ բեռը վերցնելու իրենց վրա՝ շատ բարդ հարց է։ Պարտքի այս ահռելի չափը մեսիջ է պոտենցիալ ներդրողներին, ինչը լավ հետեւանք չի թողնելու, քանի որ այս ֆոնին հարկերն էլ բարձրանալու են: Կառավարությունն ազնիվ է եղել ու հրապարակել է, որ մինչեւ 2027-  2028 թթ․ պետք է հարկերի հարաբերակցությունը բարձրանա: Եթե այսօր աշխատավարձի հարկը 25,5% է, ապագայում դա պետք է լինի 30%, որպեսզի հնարավոր լինի այդ պարտքը սպասարկել:

- Պետական պարտքն աճում է, տնտեսությունը լճացած է, ո՞ւր է գլորվում Հայաստանի էկոնոմիկան:

- Հայաստանի տնտեսությունն այս պահի դրությամբ ունի խաբուսիկ աճ։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը հուլիսի կտրվածքով 13% է, որի առյուծի բաժինը շարունակում է մնալ ծառայությունների ոլորտը՝ 27,5%։ Արդյունաբերությունն աճել է 7%-ով, շինարարությունը՝ 13%-ով, արդյունաբերության մեջ կրկին աճ է գրանցել հանքարդյունաբերությունը, ունենք սննդի արդյունաբերության որոշակի աճ՝ 11%-ով, խմիչքը՝ 1,6%-ով, ծխախոտը՝ 6,6%-ով։ Այս թվերը շեշտում եմ, որ պատկերացնեն, որ պլանային տուրիստական ներհոսքից բացի ունեցել ենք մոտ 200 հազար անձանց ներհոսք՝ ոչ մշակութային, դրանք բիզնես հետաքրքրություն ունեցող անձինք են, ովքեր ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին եկել են մեր շուկան ուսումնասիրելու, այնուհետեւ՝ սեփական պլաններն իրագործելու: Այդքան մարդ եկել, օգտվել է սրճարան- ռեստորաններից, եւ ծառայությունների ոլորտում 27% աճ է արձանագրվել։ Սա մակրոցուցանիշից բացի այլ բանի վրա դրական չի ազդել, իսկ բացասական ազդեցություն ունեցել է, քանի որ այդքան անձի կողմից սպառումը նշանակում է Երեւանի բնակչության 20%-ը՝ փաստացի այդքան սպառողներն ավելանում են, ընդ որում՝ այն սպառողները, ովքեր ունեն ֆինանսական միջոցներ: Բնականաբար, սա հանգեցնելու էր գնաճի, ինչն էլ իր հերթին շղթայական ռեակցիայով տարածվելու է պետության ողջ տարածքով: Այս ֆոնին ՀՀ քաղաքացիների եկամուտները չավելացան, բայց ձեռքբերումները թանկացան: Ճիշտ է՝ մակրոցուցանիշն աճել է, բայց աղքատությունը չի նվազել, հակառակը: Ճիշտ է՝ տնտեսության մեջ ակտիվություն կա, բայց որպես Հայաստանի Հանրապետության մասին մտահոգ քաղաքացի՝ արձանագրեմ, որ աղքատության աճն ու մնացյալ պատճառահետեւանքային կապերը մեր ժողովրդի համար վատ ազդեցություն են թողնելու: Փաստացի, տնտեսական ակտիվությունը բացասական ազդեց գործազրկության, աղքատության վրա: