«Հրապարակ». Օմբուդսմենի կախարդական աթոռը ստիպում է վաղ թե ուշ քննադատել իշխանությանը

«Հրապարակ». Օմբուդսմենի կախարդական աթոռը ստիպում է վաղ թե ուշ քննադատել իշխանությանը

Հայաստանի օմբուդսմենի աթոռը կախարդական է։ Մեր բոլոր օմբուդսմենները, սկսելով պաշտոնավարել որպես իշխանության համար հարմար «կադր», հետագայում տրվել են մարդու իրավունքների պաշտպանության հմայքին եւ ինչ-որ պահից դարձել են կառավարիչների համար անկառավարելի եւ, ի վերջո, պաշտոնանկ արվել։ Բացառություն է թերեւս հեղափոխական իշխանության օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը, որն իր մեկամյա պաշտոնավարման ընթացքում այդպես էլ չընկալվեց որպես օմբուդսմեն։ Երեւի, եթե մի քիչ էլ մնար, ինքն էլ սկսեր ընդդիմանալ իրեն առաջ քաշած քաղաքական ուժին։  

Լարիսա Ալավերդյանը մինչեւ օմբուդսմեն աշխատելը՝ 2004-2006, որպես «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն՝ աշխատում էր պատանդների, անհետ կորածների ու ռազմագերիների հայտնաբերման, վերադարձի հարցերով։  Իրավապաշտպան գործունեության այս տեսակը Հայաստանում իրականացվում է կառավարության հետ համագործակցության պայմաններում եւ չի ենթադրում առճակատում պետության վերին իշխանավորի հետ։ Լարիսա Ալավերդյանին պաշտոնի նշանակեց ՀՀ երկրորդ նախագահը, եւ միառժամանակ  նրան համարում էին քոչարյանական գործիչ, որը չափերի մեջ կմնա եւ չի «կպչի» նախագահին ու նրա շրջապատին։ Շատ արագ, սակայն, ՀՀ երկրորդ նախագահը տեսավ, որ սխալվել է, եւ, ասում են, նույնիսկ խռովեց Լարիսայից։ 2005 թվականին արգելեցին օմբուդսմենին՝ ԱԺ-ում զեկույցը ներկայացնել` դրանում տեղ գտած կոշտ գնահատականների պատճառով, որոնք ուղղված էին գործադիր ու դատական իշխանություններին, նկարագրված էին իրավունքների խախտման զանգվածային դեպքեր։ Այդ զեկույցում առկա էր մի գլուխ՝ Հայաստանի ՄԻՊ-ի իրավունքների խախտման մասին։ Լարիսա Ալավերդյանին զրկել էին հեռուստաեթերից, ներքին խողովակներով ամենաբարձր ատյաններից, նախագահականից հորդորում էին հրաժարական տալ։ Ի վերջո, երբ արդեն կար Քոչարյանի հրամանը` Լարիսա Ալավերդյանին օմբուդսմենի պաշտոնից ազատելու վերաբերյալ, Ալավերդյանի առաջ կողպեցին նրա գրասենյակի դռները, եւ նա դրսում էր ընդունում քաղաքացիներին։  

Երկրորդ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը (2006-2011) լավ իրավաբան էր, բայց` կոնֆորմիստ։ ԵՊՀ իրավաբանականի ու սլավոնականի դասախոս, Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր, Սյունիքի օլիգարխ Լիսկայի հեռավոր ազգական Հարությունյանը, որի եղբայրը դատախազ էր ու ավագ քննիչ, իշխանական օմբուդսմեն դառնալու իդեալական  հեռանկար ուներ, բայց նա էլ չդիմացավ օմբուդսմենի աթոռի կախարդանքին։ Նրա ռեյտինգը բարձրացավ 2008-ի մարտի 1-ից հետո։ Ցուցարարները նրան այնքան չէին վստահում, որ նույնիսկ մոտ չէին թողնում իրենց, քշում էին բողոքի ակցիայի վայրերից՝ որպես գրպանային օմբուդսմենի, բայց Արմեն Հարությունյանը չգնաց։ Ոստիկանության մի բաժնից մյուսը վազելով՝ նա օգնում էր բերման ենթարկվածներին, արձանագրում էր խոշտանգման ենթարկվածների բողոքները։ Հետագայում Մարտի 1-ի ողբերգությունը նա օբյեկտիվորեն նկարագրեց իր զեկույցում եւ հեռացավ պաշտոնից։ Արմեն Հարությունյանը գլուխը կախ աշխատում էր միջազգային կառույցներում՝ աշխատելով շատ աչք չծակել։ Նրա մասին Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ «իմ ամենաանհաջող կադրը»: 

2011 թվականի մարտին ՀՀԿ-ի առաջարկությամբ ԱԺ-ն Հայաստանի օմբուդսմեն ընտրեց «Դիֆենս» իրավաբանական ընկերության տնօրեն, Իրավաբանների ամերիկյան ընկերակցության նախկին նախագահ Կարեն Անդրեասյանին։ Վերջինս հայտարարում է, որ դառնալով օմբուդսմեն, օտարել է «Դիֆենս» ընկերությունը, այն փոխանցելով հանրությանը անհայտ մի անձի, որի անունը չի ցանկանում հայտնել։ Հետագայում պարզվում է՝ հանրությանն անհայտ անձը Միքայել Մինասյանի եղբայրն է` ներկայիս արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, որի հետ Անդրեասյանը վաղուց է ընկերություն անում։ ՄԻՊ դառնալով՝ նա հենց առաջին տարում կադրային ջարդ կազմակերպեց օմբուդսմենի գրասենյակում, ապա ուռճացրեց ապարատը։ ՄԻՊ գրասենյակն աշխատում էր որպես պետական ապարատի ստորաբաժանում։ Սկզբնական շրջանում անգամ յուրայինները՝ իրավապաշտպան կառույցները չէին վստահում նոր ՄԻՊ-ին, խզում էին  նրա գրասենյակի հետ ստորագրած համագործակցության հուշագրերը՝ պատճառաբանելով, որ ոչինչ չի արվել նախանշված գործերից։ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի աստեղային ժամը 2013 թվականի դեկտեմբերի 9-ն էր, երբ նա արտահերթ զեկույց հրապարակեց Հայաստանի դատական իշխանության շրջանում տիրող կոռուպցիայի վերաբերյալ։ Նախեւառաջ նա կասկածի տակ դրեց վճռաբեկ դատարանի արդար լինելը։ Օմբուդսմենը կաշառքի սակագներ, անգամ հաշվարկի մեխանիզմ հրապարակեց՝ դատավորների կաշառքի չափերով: Ըստ այդ զեկույցի, կաշառքը որոշվում էր հայցագնի 10 տոկոսից ելնելով: Օմբուդսմենի զեկույցի հիմքը հարցումներն էին` դատավորների, փաստաբանների, դատախազների, իրավաբան-փորձագետների շրջանում: Վճռաբեկի քննած գործերն ու վերադարձված բողոքները, այլ փաստաթղթեր։ Հայաստանում սա աննախադեպ զեկույց էր։ Անդրեասյանը  հրաժարական գրեց, առանց սպասելու պաշտոնավարման ժամկետի ավարտին։ Պատճառների մասին չցանկացավ բացատրություն տալ։ Ոչ պաշտոնապես լուրեր կային, որ նրան ճնշել են վերեւից` մասնավորապես Գրիգոր Մինասյանի եղբայրը` Միքայել Մինասյանն է կոշտ ճնշումների ենթարկել եւ հրաժարական պարտադրել։ Այդ ժամանակ էլ լուրեր տարածվեցին, որ երկու եղբայրները միմյանց հետ հաշտ չեն եւ անգամ թշնամական հարաբերություններ ունեն:

Չորրորդ օմբուդսմենն Արման Թաթոյանն էր` արդարադատության նախարար Գեւորգ Կոստանյանի նախկին տեղակալը։ Նա ի սկզբանե համակարգից տարանջատվելու խնդիր ուներ, շատ էր չինովնիկ օմբուդսմեն լինելու համար։ Թաթոյանը երկար ժամանակ չէր հրապարակում 2015 թվականին անցկացված սահմանադրական հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների մասին զեկույցը, որը պատրաստել էր Անդրեասյանի աշխատակազմը, եւ որին սպասում էին միջազգային կառույցները։ Լուրեր էին պտտվում, որ այս զեկույցը ջրելու համար է Թաթոյանը ՄԻՊ դարձել։  Իրական փառքը Թաթոյանին այցելեց 18 թվականից հետո։ 44-օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո, երբ Թաթոյանն իր հրապարակումներով, ելույթներով ու զեկույցներով լրացնում էր հանրության պահանջը` հայրենիքին նվիրված անդավաճան, հասկանալի գործիչ տեսնելու։ Հայրենիքի շահերին նվիրված, սրտացավ գործչի պակաս սկսեցինք զգալ անմիջապես հեղափոխությունից հետո, հայ-ադրբեջանական կոշտ հակամարտության պայմաններում։ Պաշտոնավարումը նա ավարտեց արդեն որպես ընդդիմադիր գործիչ, որը սուր քննադատության էր ենթարկում իշխանություններին։ 

Հինգերորդ ՄԻՊ, Սեւանի շուկայի նիկոլապաշտ տնօրենի դուստր, արդարադատության նախարարի նախկին տեղակալ Քրիստինե Գրիգորյանի իշխանահպատակ կեցվածքը Թաթոյանի ֆոնին ավելի էր ընդգծվում։ Ոչ մի թթու խոսք իշխանությունների հասցեին՝ պաշտոնավարման մեկ տարում։ Գրիգորյանը ՄԻՊ էր աշխատում հետպատերազմյան բեսպրեդելի, զինվորականների հանդեպ ռեպրեսիաների, համայնքների բնակիչների իրավունքների զանգվածային խախտումների, Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման, Լաչինի միջանցքի շրջափակման շրջանում։ Նա, որպես կանոն, անձամբ չէր հանդիպում հալածյալներին ու բողոքավորներին։ Այցելություններն իրականացնում էին նրա աշխատողները, իսկ ինքը սահմանափակվում էր հերթապահ հայտարարություններով, երբ չարձագանքելն արդեն ամոթ էր։  2022 թվականի հունվարին նա օմբուդսմեն էր ընտրվել միայն իշխանական պատգամավորների կողմից, որոնց մինչեւ վերջ հավատարիմ մնաց ու այդպես էլ չտվեց իր կռիվն իշխանության հետ` հանուն քաղաքացու իրավունքների։ Նրա գործունեության միակ վառ դրվագը ՔՊ-ին ատելության խոսքից պաշտպանելու փորձերն են։ 
ՔՊ առաջադրած նոր ՄԻՊ թեկնածուն առավել քան իշխանական է` նա դատախազությունից է, գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն է, իրավաբան, իրավապաշտպան գործունեության փորձ չունեցող մեկը։ Ի՞նչ սպասել այս տիկնոջից, որն առայժմ մի հատկությամբ է աչքի ընկել` հանրային  հարթակներում լրագրողներից խուսափելով, հայտնի չէ, բայց կանխատեսելի է։ Այսպես դեմոկրատական կարգախոսներով իշխանության եկած անձինք մղոններով հեռացան մարդու իրավունքների կարեւորության գիտակցումից ու ոչնչացրին ՄԻՊ կարեւոր ինստիտուտը։