Եթե Վազգենը լիներ, կփակեր կառավարությունն էլ, նիստն էլ

Եթե Վազգենը լիներ, կփակեր կառավարությունն էլ, նիստն էլ

Բախտ եմ ունեցել Սյունիքում աշխատել Վազգեն Սարգսյանի հետ։ Պատերազմական ծանր տարիներ էին։ Գիտեք՝ զենքի հետ կապված ինչ դժվարին խնդիրներ կային։ Բայց երբևէ ոչ մեկը չի տրտնջացել։ Խոսքս շարքային զինվորի մասին է։ Տեսնում էին, որ Սպարապետն ամեն ինչ անում էր՝ զենք հայթայթելու, հասցնելու համար ու եթե ինչ որ բան մի քիչ պակաս էր լինում, զինվորը դա չէր զգում։ Վազգենը «գետնի տակից էլ լիներ, գտնել էր տալիս, սրա, նրա վզին դնում, որ գտնեն։ Ափերից դուրս էր գալիս՝ գտե՜ք, հասցրե՜ք, զինվորը դա չպիտի իմանա։ Առավել դաժան էր, երբ մեր զենքի պակասի մասին հանրայնացնում էին, ու թշնամին կարող էր դրան տիրապետել։ Նման դեպքում Վազգենին հնարավոր չէր զսպել։ Ով ուզում էր լիներ, ներում չկար։ Հիշում եմ մեր  տեղական ռադիոյով թռուցիկ կարգով խոսվել էր փամփուշտի, զենքի պակասության մասին, նա անմիջապես կանչել ու ասել էր՝ եթե  զենքի, զինամթերքի մասին մի բան էլ հանրայնացնեք, փակելու եմ ռադիոն։ Թշնամուն լու՞ր եք տալիս։ 

Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ի լուր ողջ աշխարհի, ի լուր թշնամու հայտարարեց, բառացի մեջբերել անգամ չեմ ուզում, որ Հայաստանին անգամ դաշնակիցները զենք չեն տալիս, չնայած միլիոնավոր դոլարներ են փոխանցվել։ Սա ի՞նչ է նշանակում։ Ի լուր Ռուսաստանի՞, թե՞ Ադրբեջանի։ Դա ի՞նչ մի բարձրաձայնելու հարց էր։ Եթե ուզում եք իմանալ՝ այդ հարցը պիտի փակ լիներ։  Վազգենը հաճախ էր կրկնում․ «Այլընտրանք չունենք և պարտավոր ենք  ռուսական բանակի հետ տանել այնպիսի քաղաքականություն, որպեսզի, ինչպես ասում են՝ ոչ ոչխարները պակասեն, ոչ էլ գայլերը սոված մնան»: Փաշինյանն արել է դա, եթե չէ, ումի՞ց է բողոքում։ 

Գուցե նախկինում աշխատել ենք հին մեթոդներով ու թաքցրել  թշնամուց մեր ռազմական տեղեկատվությունը, սխա՞լ էր ։ Բայց չէ՞ որ  մենք հաղթեցինք պատերազմը։ Իսկ հիմա ի՞նչ է։ Սոցիալական ցանցերը դարձել են զենք չունենալու, զենք գնելու տեղեկատվական դաշտ։ Ու դրա մեղավորը Փաշինյանն է, երբ կառավարության նիստում նման հարցեր է բարձրաձայնում։ Եթե Վազգենը լիներ, կփակեր այդ կառավարությունն էլ, նիստն էլ։