Բյուջեում փող կա, որը չգիտեն՝ որտեղ ծախսեն, ավանդ են դրել ԿԲ-ում
Հեղափոխությունից հետո տարատեսակ «ակցիաների», վարչարարությունների, քրեական գործերի ու «ասֆալտին փռոցիների» արդյունքում բյուջեում որոշակի հավելյալ գումար է կուտակվել, որը, սակայն, կառավարությունը մի կողմից՝ չի կարողանում, մյուս կողմից՝ չգիտի ինչպես ծախսել, քանզի այդ գումարն արդյունավետ ծախսելու լավագույն տարբերակը կապիտալ ծախսերն են, որոնք այս պահին գրեթե կանգ են առել։
Միայն ճանապարհաշինությունն է, որն ակտիվորեն իրականացվում է։ Իսկապես՝ Հայաստանում այժմ աննախադեպ ծավալի ճանապարհներ են նորոգվում։ Բայց միայն դա քիչ է, այլ կապիտալ ծախսեր էլ պիտի արվեն, որոնք չեն արվում հիմնականում տենդերների չկայանալու պատճառով։ Իսկ տենդերները չեն կայանում հիմնականում հեղափոխական «կամակորությունների», գնումների մասին օրենսդրության թերի լինելու եւ «բռնել-բռնոցիների» պատճառով։ Կառավարությունը եւս ընդունում է, որ կա խնդիր։ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին երեկ այս թեմայով հարցրինք՝ հեղափոխությունից հետո որքա՞ն ավել գումար է հավաքվել բյուջեում, որն այսօր չի ծախսվում։
«Տեսեք, ինքը դժվար հարց է, որ պատասխանեմ։ Կիսամյակով արի վերցնենք։ Մենք խոսում էինք 120 մլն պրոֆիցիտի մասին, որը կիսամյակով նշանակում է, որ մենք կիսամյակը պիտի փակեինք մոտ 80 մլրդ դեֆիցիտով, այդպես էր պլանավորված (բյուջեն դեֆիցիտով է, պրոֆիցիտով չէ)։ Դա նշանակում է, որ մենք 63 մլրդ էլ ավել եկամուտ ենք հավաքել։ Այսինքն՝ 80 մլրդ դեֆիցիտի եւ 60 մլրդ ավել հավաքագրման արդյունքում ունեցել ենք 120 մլրդ պրոֆիցիտ, դա նշանակում է՝ շուրջ 200 միլիարդից ավելի մենք ծախս չենք կատարել։ Բայց էդ ծախսի մի մասը կատարվելու է երրորդ եռամսյակում եւ տարվա ընթացքում»,- ասաց Անանյանը։
- Բայց ասում են՝ այդ գումարների իրացման լավագույն տարբերակը կապիտալ ծախսերն են, սակայն տենդերներ տեղի չեն ունենում։
- Շատ ճիշտ է։ Այստեղ գնումների մասին օրենսդրությունն ունի իր որոշակի խութերը, կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Սուբյեկտիվ պատճառները նրանք են, որ մենք՝ ինքներս, գնումներ կատարելու մշակույթ չենք ձեւավորել վերջին 20 տարվա ընթացքում։
- Դրա համար հիմա ճանապարհաշինության աննախադեպ ծավալներ ունենք՝ կապիտալ ծախսի լավագույն տարբերակը հենց ճանապարհաշինությունն է։
- Այդպես չէի ասի, որովհետեւ վարչապետի հնչեցրած այդ շուրջ 350 կմ-ն ոչ թե այն նպատակով է, որ մենք արագ ծախս կատարենք, այլ ճանապարհաշինության վրա այդպիսի ծախս կատարելու անհրաժեշտությունն առկա է։
- Հիմա այդ 240 միլիարդն ինչպե՞ս է գոյացել, հեղափոխական «ակցիաների՞» շրջանակում՝ քրգործերի արդյունքում փոխհատուցված վնասների հաշվին, թե՞ հարկահավաքությամբ։
- Հարկահավաքությունը 63 միլիարդն է, եթե կիսամյակով խոսենք, որը դարձել է 54 միլիարդ։ Այսինքն՝ 9 ամսով մենք ունենք 54 միլիարդ գերակատարում, տարին փակելու ենք շուրջ 70 մլրդ ավել հարկ հավաքելով։ Էդ 70 միլիարդը հարկային վարչարարության արդյունք է։
- Իսկ այդ քրեական գործերի արդյունքում գումար չի՞ մտել բյուջե, ասենք՝ Գագիկ Խաչատրյանի, Վաչագան Ղազարյանի փոխհատուցած գումարները եւ ոչ միայն։
- Այո, որոշ բաներ էլ կան, որ դրանք են։ Բայց Վաչագան Ղազարյանին առնչվող ընկերությունների ստուգումներն ավարտվել են 2018 թվականին, եւ, եթե չեմ սխալվում, շուրջ 3 մլրդ դրամ ինքը ստուգման ակտերի միջոցով մարումներ է կատարել։ Դա 2018 թվականին ավարտվել է։
- Իսկ այդ ավել գումարները կասե՞ք, թե գանձապետական որ հաշվին են նստած։
- Համապատասխան հաշիվներին․․․ տեսեք՝ պրոցեսն ինչպես է կատարվում․ կա «գանձապետական միասնական հաշիվ» հասկացությունը, որտեղ գումարը փոխանցվում է։ Հետո, երբ որ գալիս է դրա հարկային հաշվարկը, օրինակ՝ ավելացված արժեքի հարկի հաշվարկը, էդտեղից գնում է ԱԱՀ-ի գանձապետական հաշվին։
- Նկատի ունեմ՝ բյուջեի կոնկրետ տողերում դրանք արտացոլվա՞ծ են։
- Իհարկե, բյուջեի եկամտային տողերով դա պետական բյուջեի կատարողականի առումով գրվում է հարկային եկամուտներ՝ մեկ տողով է ցույց տրվում՝ ԱԱՀ, շահութահարկ եւ այլն։
- Հիմա, եթե մենք կապիտալ ծախս չենք անում, եւ այդ գումարները մնում են, ի՞նչ է լինում․ մասնագետներն ասում են, որ այդ գումարը չպիտի մնա, պիտի ծախսվի, որ հետո գումար բերի։
- Այդ գումարներն ավանդ են դրված Կենտրոնական բանկում, եւ ԿԲ-ն տոկոս է վճարում կառավարությանը։
- Բայց դա էֆեկտի՞վ է։
- Դե, ամեն դեպքում, եթե պարապ փող կա, ինքը պետք է որոշակի եկամուտ բերի։ Ու, եթե չեմ սխալվում, արդեն շուրջ 9, թե 10 մլրդ դրամ տոկոսներ են գեներացվել։
Կարծիքներ