Յուրաքանչյուր խմբակցություն ազատ է ներկայացնել նախագահի իր թեկնածուին

Յուրաքանչյուր խմբակցություն ազատ է ներկայացնել նախագահի իր թեկնածուին

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

-Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս, այսօր արդեն ընդունվեց Արցախի պետնախարարի հրաժարականը: Քանի որ Արցախի Ազգային ժողովի նախագահը դաշնակցական է, ենթադրվում է, որ Արցախում առաջին պլան է գալիս Դաշնակցությունը, ՀՅԴ-ն կարեւոր դերակատարում է ստանձնում:

-Ես այդպես չեմ կարծում, որովհետև Արցախի Հանրապետության Ազգային ժողովը մոտ երկու ամիս առաջ սահմանադրական բարեփոխումների փաթեթից մեկ հոդված՝ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ, ընդունեց, որը կարգավորում է հենց նախագահի հրաժարականը: Այսինքն՝ հրաժարականի դեպքում երեք օրվա ընթացքում Ազգային ժողովը ընդունում է հրաժարականը, որից հետո մեկ շաբաթվա ընթացքում առաջադրված թեկնածուներից ընտրվում է նոր նախագահ: Այսինքն՝ ԱԺ-ն է ընտրելու նոր նախագահ: Այնպես որ՝ ինչ-որ մեկին լրացուցիչ լիազորություններ չեն տրվելու:

- Ո՞ւմ անուններն են շրջանառվում, ովքե՞ր են հավակնում նախագահի պաշտոնին:

- Որևէ անուն այժմ չի շրջանառվում: Բարոյական տեսանկյունից ճիշտ էլ չէ, սպասենք վաղվա հրաժարականին: Ես այս պահին չունեմ նման ինֆորմացիա, որովհետև նման քննարկում առհասարակ չենք ունեցել: Դրանք կարող են տարբեր ձևաչափերով լինել: Յուրաքանչյուր խմբակցություն ազատ է ներկայացնել իր թեկնածուին: 

- Վերջին շրջանում Սամվել Բաբայանն է խիստ ակտիվացել: Ինչո՞վ է պայմանավորված այդ ակտիվությունը:

-Եթե նախագահի պաշտոնն եք ակնարկում, ապա Արցախը պետություն է, իսկ պետությունն ունենում է Սահմանադրություն, Սահմանադրությունն էլ հստակ ասում է, թե ով կարող է դառնալ երկրի նախագահ, և ով` ոչ: Սամվել Բաբայանը չի համապատասխանում Սահմանադրության պահանջներին: Նախագահի թեկնածուն պետք է գոնե հինգ տարի ապրի Արցախում, իսկ նա Արցախում անընդմեջ սկսել է ապրել շրջափակումից հետո: Այսինքն՝ մի քանի ամիս….

- Արցախում սորոսական թևը ևս ակտիվ է: Նրանց ակտիվությունն ինչի՞ կարող է հանգեցնել այս բարդ շրջանում:

- Ոչ մի բանի, որովհետև այդ ակտիվությունն ավելի շատ դրսում ինչ-որ բան ցույց տալու համար է: Նրանց հիմնական առաջադրանքն աղմուկն է: Ասեմ, որ նրանց գործողություններն Արցախում աղմուկ չեն առաջացնում, ավելի շատ դրսում են աղմուկ առաջացնում, քան այստեղ: Նրանք այստեղ չունեն հետևորդներ: Այնպես որ՝ նրանք ոչինչ անել չեն կարող Արցախում: Ի վերջո՝ ցանկանում են Ադրբեջանի ծրագիրն իրականացնել՝ ռուս խաղաղապահների մասով ևս: Խնդիր կա ազատվել ռուս խաղաղապահներից, որոնք այսօր գոհ կլինենք, թե ոչ, լուրջ դերակատարություն ունեն, որպեսզի այստեղ կարողանանք պայքարել:

- Ռուս խաղաղապահների ներկայությամբ արցախցիների են առևանգում ազերիները: Մի՞թե նրանք դեռ դրական առումով դերակատարում ունեն այսօր:

- Այնպես չէ, որ մենք ռուսամետ ենք, ոչ` մենք արցախամետ ենք, բայց պետք է ամեն ինչին օբյեկտիվ նայել: Հրապարակումներ եղան, որ առևանգվածները երեխաներ են, ինչն այդպես չէ, նրանք չափահաս մարդիկ են և հետո այդ ամենը ոչ թե պետք է ռուս խաղաղապահների թերացում դիտարկել, այլ առաջին հերթին արձանագրել փաստ, որ այս այլանդակ, անօրեն, ցեղասպան տեսակի՝ ադրբեջանցու հետ հնարավոր չէ մեկ հարկի տակ ապրել, ինչին մեզ դրդում են Հայաստանի իշխանություններն ու Արևմուտքը: Նիկոլ Փաշինյանը երբ հայտարարեց, որ ճանաչում է Արցախը` որպես Ադրբեջանի մաս, դրանով իսկ ռուս խաղաղապահները հայտնվեցին ծանր ու բարդ իրավիճակում, որովհետև ստացվեց, որ երկու պետություններն իրենց կոնֆլիկտը հարթել են, ըստ էության, դա արդեն Հայաստան-Ադրբեջան սահմանն է և իրենք են որոշում ինչ անել այդտեղ: Այստեղ այլ հարց է, որ Ռուսաստանի իշխանությունները ևս պետք է միջամտեին այս ամենին, սակայն դա էլ առանց Հայաստանի իշխանությունների համաձայնության անհնար է: Ինչ վերաբերում է Հակարիի կամրջին, ապա ասեմ, որ ահագին ժամանակ է, ինչ յուրաքանչյուր քաղաքացի ստորագրում է մի թղթի տակ, որտեղ հստակ նշված է, որ հենց այդ հատվածում որևէ մեկը չի երաշխավորում իրենց անվտանգությունը: Ինչո՞ւ, որովհետև ռուս խաղաղապահները մարդկանց հասցնում են մինչև Հակարիի կամուրջ, այդտեղից այն կողմ խաղաղապահը չի կարող անգամ մեկ քայլ առաջ գնալ: Այդտեղից ոտքով մարդիկ անցակետ են հասնում և անցակետից Հակարիի կամուրջն անցնում են: Մենք ամեն անգամ նշում ենք, որ անցակետն անօրեն է, սակայն չենք ֆիքսում, որ եթե մի բան անօրեն է, այդտեղ ոչինչ չի կարող օրենքով կարգավորվել: Արցախի իշխանությունները ևս այդ մասով ունեն թերացում, պետք է մարդկանց իրազեկեն, թե ինչ է տեղի ունենալու, թեպետ մարդիկ տեսնում են, թե ինչի տակ են ստորագրում, սակայն ամեն դեպքում իշխանությունները պարտավոր են իրազեկել մարդկանց: Անկախ ամեն ինչից, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր առևանգված երիտասարդներին վերադարձնենք Արցախ: 

- Նման իրավիճակում ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը որոշել հեռանալ:

- Հունվարին էլ էին նման լուրեր շրջանառվում, սակայն այժմ կա նաև հայտարարություն: Հրաժարականն ուշացել է, դա պետք է լիներ պատերազմից անմիջապես հետո: Մեր քաղաքական ուժը մշտապես հայտարարել է դերակատարի փոփոխության անհրաժեշտության մասին: Մենք այդ մասին շատ վաղուց ենք խոսել: Թույլ իշխանությունները չեն կարող ճիշտ որոշումներ կայացնել: Բեկում մտցնելու համար մեզ պետք են իշխանություններ, որոնք կկարողանան համոզել, հորդորել և հասնել նրան, որ եռակողմ հայմաձայնագրի տակ ստորագրած կողմերը կարողանան կազմակերպել 3+1 ձևաչափով հանդիպումներ, որից հետո միայն հանգել որոշման: