Քոչարյանի աջակիցը դիրքորոշում չի հայտնել քաղաքացուն ծեծելու դեպքի վերաբերյալ

Քոչարյանի աջակիցը դիրքորոշում չի հայտնել քաղաքացուն ծեծելու դեպքի վերաբերյալ

Սեպտեմբերի 12-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց 2 միջադեպ էր տեղի ունեցել։ Ավտոճանապարհին Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը ծեծի էր ենթարկել մի քաղաքացու, որին շտապօգնության մեքենայով տեղափոխել էին բժշկական կենտրոն։ Երկրորդն էլ արդեն տեղի էր ունեցել դատարանի բակում, երբ նույն աջակիցներից Արամ Հարությունյանը բռունցքով հարվածել էր ընդդիմախոս կնոջ աչքին։
Այսօր հայտնի դարձավ, որ առաջին դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։

Մենք տեղեկացանք, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Արման Մինասյանն է ծեծի ենթարկել տղամարդուն, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Մինասյանի պաշտպան Վահե Եփրիկյանն ասաց, որ իր պաշտպանյալը ցուցմունք տվել է, մեղադրանքի վերաբերյալ, սակայն, դիրքորոշում չի հայտնել։ Նա հրաժարվեց այլ հարցերի պատասխանելուց՝ նշելով, որ մյուս պաշտպանի եւ իր պաշտպանյալի հետ պետք է խորհրդակցի։ 

Եփրիկյանի պաշտպաններից  է նաեւ Արամ Հարությունյանը, որի քրգործով նախաքննությունը դեռ չի ավարտվել։

Հիշեցնենք, որ Արման Մինասյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը )։