Բաց նամակ ՀՀ նախագահներին

Բաց նամակ ՀՀ նախագահներին

Նախապես ներողություն եմ խնդրում նամակի ձեւաչափը չպահելու եւ ընդունված ձեւով այն չսկսելու համար: Սիրտ չկա, հասկանում եք, մյուս կողմից էլ՝ սա նամակ է՝ ուղղված բոլորիս, այսինքն՝ մեզ:

Եվ ուրեմն…

Հայեր ջան, եկեք այս Հայկ Մարությանի, Եվրատեսիլի, ՏԻՄ ընտրությունների, անկապ ձերբակալությունների թեմաները փակենք ու նայենք առաջ: Բայց ասեմ՝ առջեւում անդունդն է, եւ մենք եզրին ենք: Մի անզգույշ քայլ, մի պատահական հրմշտոց, ու կպոկվենք մեզ պահող այս փոքրիկ ժայռաբեկորից, որ հազարամյակներ շարունակ մեզ համար տուն ու հայրենիք է եղել: Վերջ տանք այս թատերական ներկայացմանը, բավական է: Բոլորը բոլորին պատմում են՝ բա չե՞ք ասի՝ ՔՊ-ում իրար ուտում են: Տո ջառին- ջանդամին, թե չեն ուտում, թող այնպես մորթեն, որ ես իմանամ: Ձեր դարդը հիմա ՔՊ-ն է` այդ վիրո՞ւսը, որ արդեն 4 տարի է՝ մեզ է ուտում: Թող, կորոնավիրուսի նման ինքնավերանան, ի՞նչ վատ տարբերակ է:

Անլեզու արարածներն անգամ իրենց առաջնորդին ընտրելիս այնքան հայվանավարի չեն մտածում, որքան մենք: Անուններս, իբր, բանական էակ է: Բա բանական էակը Նիկոլի նման կատաստրոֆիկ անհաջողակին իշխանություն կտա՞ր: Սերժ Սարգսյանն ասում է՝ ինձ այդ հարցում մեղադրելը հիմարություն է: Շատ բարի: Իսկ ո՞ւմ մեղադրեմ՝ բոլորին, բացի Ձեզնի՞ց: Ասում եք՝ բոլորս էլ մեղքի մեր բաժինն ունենք: Կներեք, բայց չհասկացա: Անձամբ ես ամեն ինչ արել եմ, որ Նիկոլի տեսակն ընդհանրապես վերանա Հայաստանից: Ինչո՞ւ ժամանակին երկխոսեցիք ՀԱԿ-ի հետ, ինչո՞ւ Նիկոլին, Արման Բաբաջանյանին ազատեցիք բանտից, ինչո՞ւ ԱԺ պատգամավոր Վիկտր Դալլաքյանին փոխարինեցիք Էդմոն Մարուքյանով, ինչո՞ւ այդքան իրավունքներ ու ազատություններ տվեցիք սորոսական հիմնարկ-ձեռնարկություններին, վերջապես՝ Հայաստանում մի կենդանի նախագահացու չկա՞ր, որ Լոնդոնից բերեցիք: Ես չեմ կարող ասել, որ այս ամենը միտումնավոր եք արել, բայց սրանք իրողություններ են, որոնք նպաստել են Նիկոլ կոչվող երեւույթի առաջացմանը: Էլ չեմ հարցնում՝ ինչո՞ւ այդ ավազակախմբին չլիկվիդացրիք, երբ նրանք թերթիկներ շպրտեցին Ձեր ավտոշարասյան վրա, կանացի ներքնաշորով պետական արագաչափեր փակեցին, ներխուժեցին Ռադիոտուն: Մեռա ասելով՝ կանգնեցրեք: Ու հիմա ես բոլորին հավասար մեղավո՞ր եմ: Կներեք, բայց ես մտադիր չեմ դատվելու թավշյա չարիքի դեմ վատ պայքարելու համար:

44 օր պատերազմ էր: 44 օր պարտվում էինք, ամեն օր էն բայղուշը հայտարարում էր՝ «հաղդում ենք», «հօդս ենք ցնդեցնում», «գյոռբագյոռ ենք անում»… 44 օր: Երեք նախագահ ունեինք, դեռ մեկն էլ՝ վրադիր, նրանցից ո՞ր մեկն այդ օրերին հայտարարեց, որ պարտվում ենք, որ Արցախում մսաղաց է, որ Նիկոլը գլուխ չի հանում, որ գերագույն գլխավոր հրամանատարը բանակից ու ռազմական գործից հեռու է, ինչպես խոզը տուռնիկից: Ու հիմա, երբ ասում են` Նիկոլն է միակ մեղավորը, պատկերացրեք, մեծ դժվարությամբ եմ հավատում: Լեւոն Տեր-Պետրոսյանը ձեռքերը լվաց ու մի կողմ քաշվեց, թե պատերազմ վարելն իշխանության մենաշնորհն է: Իյա, իրո՞ք: Իսկ Դուք 44 օր շարունակ ինչո՞վ էիք զբաղված, մեծարգո առաջին նախագահ: Միայն թե չասեք՝ Արծրունից եւ թերթերից էիք իմանում ռազմաճակատի լուրերը: Մեծարգո երկրորդ եւ երրորդ նախագահներ, հարցնում եմ՝ ինչո՞ւ մենք 44 օր շարունակ չգիտեինք, թե ինչ է կատարվում Արցախի ռազմաճակատում: Դուք էլ հո այնտեղ էիք ու ձեր աչքերով էիք տեսնում այդ խայտառակությունը: Ու չասեք, թե իշխանությունների ապաշնորհության մասին այդ օրերին բարձրաձայնելը դավաճանության նման բան կլիներ: Ո՞վ կհամարձակվեր ձեզ դավաճան անվանել այդ ժամանակ. ՀՀ առաջին նախագա՞հը, Նիկո՞լը… Թքած, նրանք ե՞րբ են ձեր հասցեին դրական խոսք ասել, որ քաշվեցիք ու մյուսների նման 44 օր լռեցիք՝ ճշմարտությունը ժողովրդին ասելու փոխարեն:

Ո՞ւմ ուղղեմ հարցս՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չհեռացավ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտը ստորագրելուց հետո: Բարդ հարց չէ, կարծում եմ, բայց պատասխանը չկա: Հիմա եկել, ինձ ասում են՝ Նիկոլը իշխանություն շատ է սիրում: Պապս էլ փիփերթով ճաշ էր շատ սիրում, հետո՞: Այդ երբվանի՞ց մի բան սիրելը դարձավ վարչապետի աթոռին մնալու փաստարկ: Օնիկ Գասպարյանն էլ կրակել էր սիրում: Բա թող բռներ Նիկոլի ոտուձեռից ու դուրս շպրտեր կառավարությունից: Չէ, եղբայր, պետք էր գիտությունով չալել, որովհետեւ առաջին նախագահն ասել էր՝ զինված հեղաշրջումը վատ բան է: Ի՞նչ ասեմ, դե հիմա վայելեք ազգակործան պատուհասի սիրած բաները:

Թող ոչ ոք չմտածի, թե այս ամենը ես այսքան պարզունակ եմ պատկերացնում: Նիկոլը, բնականաբար, չէր կարող առանց դրսի աջակցության այսքան ավեր բերել մեր երկրի ու ժողովրդի գլխին: Իմ ասելն այն է, որ մենք չկարողացանք այդ միջամտության դեմն առնել: ԱԺ-ում հայտնված Նիկոլը շատ արագ հայտնվեց Անկարայի, Լոնդոնի եւ Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում: Սորոսական ողջ «սբրոդը» դրվեց Փաշինյանի տրամադրության տակ, եւ ընդամենը 6 տարի անց՝ 2018-ին, Հայաստանում տեղի ունեցավ այս թավշյա խեղկատակությունը, որ «հայկական հեղափոխություն» անվամբ իր ուրույն տեղը կգրավի բոլոր գունավոր հեղաշրջումների շարքում: Օստապ Իբրահիմովիչը կասեր՝ կատարվեց ապուշիս երազանքը: Նիկոլը քայլ առ քայլ, օգտագործելով գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիաներն ու գործիքները, փողոցով դարձավ վարչապետ: Հետո արդեն այնպես հիմարեցրեց ժողովրդի մի մասին (նախկիններին փնովելով), որ մարդիկ կորցրին անգամ մտածելու տարրական ունակությունը: Ի՞նչ էին ԱԺ երկու արտահերթ ընտրությունները, եթե ոչ ժողովրդի ապուշության հավաստագիր: Լավ, մի՞թե կարելի էր քվե տալ սեփական դահճին, փառաբանել նրան՝ սեփական որդու արեւը խավարելու համար:

Ու հիմա հասել ենք մի տեղ, որ այլեւս տեղ չկա, եւ առջեւում անդունդն է: Շարունակե՞նք շարժվել աչքներս փակ, չտեսնելու տալով ճիվաղների արդեն իսկ սկսած խրախճանքն ու գինարբուքը, որով Հայաստանի կործանումն են ուզում նշել: Ու ինչ էլ գեղեցիկ բառեր են մտածել «կործանում» չասելու համար՝ ճանապարհների ապաշրջափակում, դելիմիտացիա, դեմարկացիա, միջազգային չափանիշներին համապատասխան մաքսային վերահսկողություն, միջանցք չի` ճանապարհ ա, Թուրքիայից ու Ադրբեջանից վտանգ չկա, ճեղքում ենք շրջափակումը… մի՞թե հնարավոր չէ կանգնեցնել այս մտագարներին, որ այսօր արդեն հայ ժողովրդի՝ թուրք-ադրբեջանական հպատակեցման գործընթաց են փորձում իրականացնել՝ կոնֆետի գույնզգույն թղթերով փաթեթավորած: Վա՞յ, Հայկոն դավաճանեց ՔՊ-ին, բայց տեսա՞ք՝ մեր աղջիկը հաղթեց Եվրատեսիլում, բա չե՞ք ասի, ԱԺ քացիտվան պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ու համալսարանի նորաթուխ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իրար «սիրըմ-միրըմ են», դաժե Էդմոնին քրֆելու համար մարդ են բռնում: Չէ, դուք սրիկայության աստիճանը տեսեք՝ ՏԻՄ ընտրության հաղթողին են անգամ բռնում, որ դրանից շոու սարքեն: Ու էս ամեն ինչը ժողովուրդը կուլ է տալիս: Այսքանից հետո ուզում եմ մի պարզ հարց եւս տալ՝ կա՞ այս իշխանությունից ազատվելու այլ եղանակ, քան հույսը խաբված ժողովրդի վրա դնելն է: Ու քանի որ հարցի արժեքը Հայաստանն է, պատասխան ակնկալում եմ մեր երեք նախագահներից: Այս քաղաքական իմպոտենտն այդպես էլ ոչինչ չավելացրեց մեր անկախության ռեսուրսին: Ու ի՞նչ արած, էլի հայացքներս ձեր կողմն է… 

Հիմա ի՞նչ, քշո՞ւմ ենք նրան, թե՞ շարունակում ենք գիտությունով չալել՝ ձեռքի հետ էլ հետեւել այս անտաղանդ միմոսություններին: