Այս քաղաքական համակարգը միշտ կարող է բերել ճգնաժամերի առաջացման․ ՔՈ ԳՄ քարտուղար

Այս քաղաքական համակարգը միշտ կարող է բերել ճգնաժամերի առաջացման․ ՔՈ ԳՄ քարտուղար

Երեկ հայտնի դարձավ, որ նախատեսվում է այս տարվա հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության Գործադիր մարմնի քարտուղար Գոռ Հակոբյանի հետ։

- Պարո՛ն Հակոբյան, երեկ Ծառուկյան-Փաշինյան հանդիպումից հետո երկու կողմերն էլ հայտարարեցին արտահերթ ընտրությունների մասին, որ պետք է անցկացվի հունիս ամսին։ Ձեր կուսակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի այս առիթով։

- Մինչև այս հայտարարությունները, մեր կուսակցությունը հայտարարել էր, որ պետք է քայլեր անել, որ ուժերը նստեն ու կարողանան ճգնաժամին որևէ լուծում տալ։ Եվ այս առումով երկու առճակատվող կողմերը կարողացել են համաձայնության գալ քաղաքական լարվածությունը թուլացնելու համար։ Մեր կողմից ողջունելի է, որ սա քայլ կլինի, որպեսզի քաղաքական ճգնաժամը որոշ չափով թուլանա։

- Իսկ Դուք տեսնո՞ւմ եք Ընտրական օրենսգրքի փոփոխության անհրաժեշտություն, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն։ Շատ է խոսվում ռեյտինգային համակարգի վնասների մասին։ Դուք այս առումով ի՞նչ դիրքորոշում ունեք։

- Մեր դիրքորոշումը դեռևս հեղափոխությունից առաջ ու հեղափոխությունից հետո է եղել, որ Հայաստանի քաղաքական համակարգը պետք է փոփոխվի։ Ու այդ քաղաքական համակարգի մեջ մտնում է ոչ միայն Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, այլև՝ Սահմանադրության համապատասխան փոփոխությունը՝ կայուն մեծամասնության փոփոխությունը, Ընտրական հանձնաժողովների անդամների ընդունման հարցը, Ազգային ժողովի լուծարման հարցը։ Ընդհանրապես քաղաքական համակարգի  պատասխանատվության և հաշվետվողականության նոր համակարգ կառուցելու հրամայականն է։ Եվ Ընտրական օրենսգիրքն այդ փոփոխության մի մասն է, ինչպես նաև «Կուսակցությունների մասին» օրենքը։

- Անցողիկ շեմը պե՞տք է փոխվի կուսակցությունների համար։

- Եթե մենք խոսում ենք քաղաքական համակարգի փոփոխությունների մասին, մինչև Ընտրական օրենսգրքին հասնելը պետք է հասկանայինք՝ արդյո՞ք երկրում քաղաքական համակարգի ձևավորումը և դրանից հետո գործունեությունը հնարավորություն տալիս է, որ նման ճգնաժամեր առաջանան, թե՞ ոչ։ Այս ճգնաժամը միայն պատերազմում պարտության հետևանք չէ։ Ճգնաժամը նաև արդյունք է այն բանի, որ քաղաքական համակարգը չի կարողանում աշխատել։ Պրոբլեմ է առաջանում, որին պետք է արձագանքեն քաղաքական ուժերը կամ պետական ինստիտուտները, մենք որևէ տարբերակ չունենք արձագանքելու։ Արտահերթ ընտրությունների գնալու համար Ազգային ժողովն ինքնալուծարման լծակ չունի։ Պատկերացնո՞ւմ եք, ժողովուրդն ընտրում է պատագամավորներ, Ազգային ժողովի պատգամավորներն ընտրում են վարչապետ, և ինքնալուծարումը կախված է տվյալ վարչապետի հրաժարականից։ Պատկերացնո՞ւմ եք, այս քաղաքական համակարգը միշտ կարող է բերել ճգնաժամերի առաջացման։ Մինչև գնանք-քննարկենք՝ ընտրացուցակն ինչպես պետք է լինի և այլն, մենք պետք է հասկանանք՝ քաղաքական համակարգը փոփոխվելո՞ւ է, թե՞ չէ։

- Ինչպես հասկացա, խորհրդարանի լուծարումը պետք է պայմանավորված լինի ոչ թե վարչապետի հրաժարականով, այլ՝ ուրիշ մեխանիզմով։

- Իհարկե, Ազգային ժողովը պետք է հնարավորություն ունենա։ Ազգային ժողովի պատգամավորներն ինչ-որ քվոտայով լուծարման որոշում կայացնեն։ Պայմանավորված չլինի, որպեսզի վարչապետը հրաժարական տա, 14 օր անցնի, չընտրվի։ Բնականաբար, եթե առաջնային մանդատով իշխանությունն իր վստահությունը կորցրել է, մարդիկ պետք է հնարավորություն ունենան ինքնալուծարումով գնալ ընտրությունների։ Պատկերացնո՞ւմ եք՝ մեզ մոտ արտահերթ ընտրություններ անցկացնելու ինչ մեխանիզմ է ձևավորված։ Հիմա քննարկում են Ընտրական օրենսգիրքը, բայց, իմ կարծիքով, գլխավոր խնդիրն այն է, որ ընտրակարգը պարտադրում է, որ պետք է կայուն մեծամասնություն ձևավորվի Ազգային ժողովում։ Մենք տեսել ենք, չէ՞, ինչ է կատարվում, երբ 2018 թվականին կայուն մեծամասնության հիմքով է ձևավորվել Ազգային ժողովը։

- Դուք նաև խնդիրն եք տեսնում, որ մի ուժ ստանում է բացարձակ իշխանություն։

- Տեսեք, որ Ազգային ժողովում կայուն մեծամասնություն չլինի, ավելի բազմազան կլինի Ազգային ժողովը, և ավելի լսելի կլինի հանրության տարբեր շերտերի խոսքը։ Նոր քաղաքական համակարգ ստեղծելու հարց է։ Սա շատ կարևոր խորքային խնդիր է։ Եվ միայն այս խնդրի մասին, որ խոսենք, այս առումով բազմաթիվ մեխանիզմներ կան՝ կարող է լինել ԱԺ-ի լուծարումն ԱԺ բոլոր պատգամավորների համաձայնությամբ, մեծամասնության, 2/3-ով, էական չէ։ Չի կարող լուծարումը կամ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը կապված լինել իր կողմից նշանակված պատասխանատուի հրաժարականով։ Քաղաքական համակարգի բաշխումների, ժողովրդի իշխանության լիազորությունների դեգրադացիայի հարց է։ Այսինքն՝ ինքը [ժողովուրդը] լիազորում է Ազգային ժողովին իր կողմից որոշումներ կայացնել, իսկ ԱԺ-ի կյանքը պայմանավորված է վարչապետի գործողություններով։

- Արդեն քննարկումներ ունենո՞ւմ եք կուսակցութունների հետ, ո՞ր կուսակցության հետ եք համագործակցում այս ընտրություններին ընդառաջ։ Եվ պատրաստվո՞ւմ եք մասնակցել։

- Այս պահի դրությամբ մեզ համար կարևորագույն խնդիրն այն է, որ գոնե քաղաքական ճգնաժամի թուլացման քայլեր են նշմարվում։ Սա պետք է ֆիքսենք մեզ համար։ Մենք դրա մասին արտահայտվել ենք դեռևս փետրվարի վերջին։ Սրանից մի քանի օր առաջ հայտարարել ենք, որ ողջունում ենք, որ սկսել են բանակցել՝ ճգնաժամը թուլացնելու և հաղթահարելու համար։ Եվ եթե նրանք թուլացման և հաղթահարման համար ընտրել են արտահերթ ընտրությունների գնալը, խնդիր չկա։ Իսկ մեր մասնակցությունն արդեն այդ պրոցեսին, ինչպե՞ս կլինի, ի՞նչ ձևաչափով կլինի, առաջիկայում մենք կունենանք Գործադիր մարմնի նիստ, որտեղ կքննարկենք և մեր դիրքորոշումը կներկայացնենք հանրությանը։ Մեր նիստերն օնլայն հեռարձակվում են [կուսակցության ֆեյսբուքյան էջով], կարող են հետևել, իմանալ։