Գյուղերը կարող էին չհանձնվել, անգամ կարող էինք պատերազմում հաղթել

Գյուղերը կարող էին չհանձնվել, անգամ կարող էինք պատերազմում հաղթել

«Հրապարակի» զրուցակիցը կառավարման փորձագետ, «Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի հիմնադիր-համակարգող Հարություն Մեսրոբյանն է:

- Պարոն Մեսրոբյան, Հայաստանում առկա իրավիճակն այսօր ինչպե՞ս կբնութագրեք:

- Իրավիճակն անփոփոխ է: Սայլը տեղից չի շարժվում, ոչինչ չի փոխվում: Կարճ ասած` լավ բաներ մեզանում տեղի չեն ունենում: Մեր վիճակը, կարծես, չի փոխվելու, քանզի մենք չենք փոխվում:

- Շատ է խոսվում այն մասին, որ մեզանում մեծացել է արևմտյան վեկտորի ազդեցությունը, իսկ ահա ռուսական ազդեցությունը` փոքրացել: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը:

- Ես կիսում եմ այդ կարծիքը և կարծում եմ, որ այդ ամենը մեզ բացի վտանգներից ոչինչ տալ չի կարող: Տարածաշրջանում Ռուսական կայսրության շահերը արդի ժամանակահատվածում համընկնում են մեր շահերին և հակասում` արևմտյան շահերին:

- Օգոստոսի վերջին Արցախից էլի գյուղեր հանձնվեցին թշնամուն:

- Ըստ իս` այդ գյուղերը կարող էին չհանձնվել: Անգամ կարող էինք պատերազմում հաղթել: «Հայի բախտ» ասվածը պարբերաբար ասպարեզ է դուրս գալիս: Ամեն ինչում տոտալ մեղավորը մենք ենք: Անգամ թուրքն այս ամենում ոչ մի մեղք չունի:

- «Դիմադրություն» շարժումը վերսկսել է իր բողոքի ակցիաները: ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն էլ նախաձեռնել է նոր շարժում` «Անկախություն» անվամբ: Ի՞նչ կարծիքի եք այդ մասին:

- Դեռ մի քանի ամիս առաջ ընդդիմադիրներն ինձ խնդրանքով էին դիմել, որպեսզի ես իմ դիտողություններն անեմ շարժման հետ կապված: Մի քանի էջից բաղկացած դիտարկումներ արեցի և հանձնեցի նրանց: Ըստ էության` այսօր ոչ մի փոփոխություն չեմ տեսնում:

- Կասե՞ք թե ինչ դիտողություններ եք արել:

- Մեկ դիտարկում ասեմ, երևի թե բավական կլինի: Օդիոզ մարդ ընդդիմության շարքերում չպետք է լինի: Այսինքն` բոլոր նրանք, ովքեր հասարակության մոտ բացասական համբավ ունեն, պետք է չասոցացվեն ընդդիմության հետ: Նրանք անգամ շարժմանը չպետք է մոտ գան:

- Ո՞ւմ եք ակնարկում:

- Անուններ չեմ տա: Հարցրեք քաղաքական գործիչներին: Ես խոսում եմ միայն երևույթների մասին:

- Չնայած այս խառը ժամանակներին, վարչապետ Փաշինյանը հայտարարեց Աշտարակում բուհերի ակադեմիական քաղաք սարքելու մասին: Կասկածներ ծագեցին, որ վաճառքի են հանվելու բուհերի շենքերը, որոնցից շատերը պատմամշակութային արժեքներ են եւ գտնվում են Երեւանի կենտրոնում:

- Այո, շատ ճիշտ նկատեցիք, բավականին խառը ժամանակներ են: Որպես գաղափար դա կարելի էր քննարկել, սակայն այս պահին լրիվ անտեղի է այդ մասին խոսելը: Ակադեմիական քաղաք կառուցելու համար առնվազն հինգ տարի է պետք` ամենաքիչը: 1991 թվականից` մենք առևտրի երկիր ենք դարձել, այնպես որ հիմա բոլորովին զարմանալի չէ, որ պատմամշակութային արժեքներ են վաճառքի հանվում: Լավագույն ավանդույթները շարունակվում են: