«Կոմեդիա»՝ երկու գործողությամբ

«Կոմեդիա»՝ երկու գործողությամբ

Այսօր Ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդ եմ բարձրացել Նիկոլենցից հետո, բայց Աննա Հակոբյանից առաջ: Պատճառն այն է, որ Նիկոլենցից առաջ չէի կարող, որովհետև փակ էր, իսկ Անայից առաջ, որովհետև չգիտեի, որ տիկինը գալու է: Մի խոսքով՝ իմ այցը ընկավ նրանց այցերի միջև, և ես ոչ Նիկոլին տեսա, ոչ՝ Աննային: Իսկ այս պահին տանն եմ, և ի մի եմ բերում Ծիծեռնակաբերդի այսօրվա անցուդարձը:

Առաջին տպավորությունս այնպիսին է, որ սա Նիկոլ Փաշինյանի վերջին ապրիլքսանչորսյան այցելությունն էր Ծիծեռնակաբերդ: Չգիտեմ… Մի ներքին ձայն ինձ հուշում է, որ այդ մարդը կապ չունի այս ամենի հետ, որ Վահագն Խաչատուրյանն ու Ալեն Սիմոնյանը նրան զոռով էին բերել արարողատեղի: Հետևներից եկող ՔՊ-ի զորքին չխաբվեք: Նրանք Նիկոլին հետևում են ամենուր ու երբեք չեն հարցնում, թե ուր է գնում իրենց առաջնորդը: Մի հատ հիշեք նրանց երգը՝ ուր էլ գնաս, հետդ կգամ, հետդ կգամ, հետդ կգամ… Եվ եկել էին Ծիծեռնակաբերդ, որովհետև առաջնորդին բերել էին դիցուք՝ Ծիծեռնակաբերդ: Եվ «պառադի» այդ հատվածի հրամանատարը հաստատ Նիկոլը չէր: Ուշադրություն դարձրեք, թե երեքով՝ Վահագն Խաչատուրյանը, Նիկոլ Փաշինյանը և Ալեն Սիմոնյանը ինչպես են քայլում դեպի խոնարհված սյուները: Նրանք գալիս են ամեն մեկը բազալտե սալահատակի մի շարքով, և որպեսզի ծուռումուռ չգան, քայլում են այդ շարքի միջով: Բայց Խաչատուրյանի և Նիկոլի միջև կա բազալտի ընդամենը մեկ ազատ շարք, իսկ Սիմոնյանի և Նիկոլի միջև՝ երկու: Այսինքն՝ Խաչատուրյանն ու Նիկոլը ավելի մոտ են քայլում միմյանց, իսկ Սիմոնյանը՝ մեկ շարքով ավելի հեռու: Սա հնարավոր է նաև պատահականություն է, բայց նրանց դասավորությունն ինձ հուշում է, որ Նիկոլին Ծիծեռնակաբերդ բերման ենթարկելու գործում շատ ավելի մեծ դերակատարություն ուներ Վահագն Խաչատուրյանը, այսինքն՝ Պապիի շկոլան… Չի կարելի Նիկոլ ջան, այդպես միանգամից ու կտրուկ ուրանալ այս ամենը, մարդիկ ճիշտ չեն հասկանա… Արի, գնանք, մի հատ ծիկ կանենք ու կթռնենք՝ բացատրել էին Նիկոլին: Եվ եկան… Քիչ է ասել՝ երեսներից ք.ք էր թափվում ու չուզենալով էին եկել: Ալենին որ թողնեիր՝ կրնկի վրա հետ կդառնար: Թարսի պես էլ Մատվիենկոն ու Կարասինը «քֆրտել» էին նրան՝ իր արտառոց եվրաելույթի համար, ու Ալենը հեչ տրամադրություն չուներ: Բայց Վահագն Խաչատուրյանը վճռական էր տրամադրված:

Ինչևէ, արարողակարգը լմնցրին, գնացին: Հետո եկավ ժողովուրդը, ժողովրդի հետ նաև ես: Ասի՝ պիտի ես դրանց բերած պսակների գրությունները կարդամ՝ արդյոք գրե՞լ են «Ցեղասպանություն» բառը, թե՞ ոչ: Մտա իշխանական պսակների շարքերի մեջ ու հերթով կարդում եմ՝ «Հայաստանի Հանրապետության նախագահ», «Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ», «Հայաստանի Հանրապետության վարչապետ»: Ոչ մի հիշատակություն այն մասին, թե ինչ առիթով է պսակը: Ու մեկ էլ հանկարծ կարդում եմ՝ «Հակակոռուպցիոն կոմիտեից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»: Սա բացթողում էր անշուշտ, որովհետև «Շեֆը» հասցրել էր բոլորին հասկացնել, որ պետք է հրաժարվել այդ բառից: Էլ երկար չկանգնեցի: Ծաղիկներս դրեցի ու դուրս եկա: Վերևում գործընկերներիս հանդիպեցի, որոնք կազմ ու պատրաստ սպասում էին «կարևոր» այցելուների, որ մի քանի հարց տան օրվա խորհրդի հետ կապված: Դե իշխանավորները արանքը ճղել էին, և ակնհայտ էր, որ նյութի պակաս կա:

Իսկ ինձնից հետո, ինչպես ասացի վերևում Ծիծեռնակաբերդ է բարձրացել Աննա Հակոբյանը դստեր՝ Արփիի հետ: Բարձրացել է, ու հենց այդ ժամանակ էլ սկսվել է «կոմեդիայի» վերածված երթի երկրորդ սերիան: Առավել ուշադիր լրատվամիջոցները գրել էին, որ թիկնապահները տիկնոջը խնդրել են հեռանալ՝ չմխրճվելով «ագրեսիվ տրամադրված» երիտասարդների շարքերը: Տիկինը, սակայն, անդրդվելի է գտնվել և որոշել է ինչ գնով էլ լինի ծաղիկներ խոնարհել անմար կրակին: Մնացածը դուք արդեն գիտեք: Կազմակերպվա՞ծ էր դա, թե ամբոխը ինքնաբուխ փոթորկվեց՝ տեսնելով Աննա Հակոբյանին: Այս հարցի պատասխանը մենք կստանանք առաջիկա օրերին՝ Նիկոլ Փաշինյանի հերթական ելույթներից մեկով, իսկ մինչ այդ կարելի է հստակ ասել, որ հայ հասարակության և Փաշինյան ընտանիքի միջով սև կատու է անցել: Ո՞վ կերևակայեր նման բան թավշյա խեղկատակության առաջին տարիներին: Փաշինյանները սուրբ էին, փրկիչ, համարյա՝ Աստված: Բայց հետո եղավ պատերազմ, զոհեր, պարտություն, կապիտուլյացիա, Արցախի հայաթափում ու Հայաստանի սուվերեն տարածքների ու գյուղերի հանձնում Ադրբեջանին: Այն, ինչ բերել էր Փաշինյանն իր ընտանիքի հետ, պարզվեց՝ ողբերգություն է միայն, կորստի ցավ ու տառապանք: Համբերության ամենամեծ բաժակն անգամ կլցվեր, էլ ուր մնաց անհամբեր ու անհանգիստ հայ հասարակության բաժակը: Այնպես որ ենթադրելի էր, որ պոռթկում կլինի: Ինչքան էլ որ դա կազմակերպված լիներ Նիկոլի ու նրա ընտանիքի կողմից, հասկանալի է, չէ՞, որ այդ պահին այնտեղ գտնվող հարյուրավոր ու միգուցե հազարավոր քաղաքացիներ էլ են միացել վանկարկումներին:

Հ.Գ. Իմ խիղճը, սակայն, մի տեսակ հանգիստ է: Ես հազար անգամ եմ Նիկոլին ասել՝ թող ու գնա: Գնա ուր ուզում ես: Սա արդեն երկիր չէ, պետություն չէ: Դու խայտառակության ես վերածել այն,  դու անցել ես բոլոր կարմիր գծերը, գնա, ընտանիքդ ու երեխեքդ են մեղք, նրանց մասին գոնե մտածիր: Այսօր ես հասկացա, որ այդկերպ ես իմ քաղաքացիական պարտքն եմ կատարել նաև: