Շատ լայն համախմբման գործողություններ ենք սկսում

Շատ լայն համախմբման գործողություններ ենք սկսում

«Հրապարակի» զրուցակիցը 44-օրյա պատերազմում նահատակված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանն է:

- Տիկին Նաիրա, ամիսներ առաջ բավականին ակտիվ էիք փողոցային պայքարում: Ակցիաներ էիք կազմակերպում, բավականին մեծ արձագանք էին ստանում այդ ակցիաները: Այժմ կարծես լռել եք, նոր ակցիաներ չե՞ք նախատեսում:

- Ակցիաներ անպայման լինելու են: Ես այժմ «Մայր Հայաստան» նախաձեռնող խմբի կազմում եմ: Հավանաբար տեղյակ եք, որ Գեղարքունիքի մարզ էինք գնացել` ֆերմերների խնդրով: Այդ մասին շատ է խոսվել: Այդ հարցերով էինք զբաղված: Երկու օր առաջ եմ եկել Մարտունուց: Մարդկանց էին ահաբեկում, գնացել էինք նրանց օգնելու: Ինչ վերաբերում է ակցիաներին, ապա դրանք անպայման լինելու են, բայց արդեն «Մայր Հայաստան» շարժման շրջանակներում: Հասկանում եմ, որ մարդիկ ինչ-որ նոր բան են ուզում, բայց էներգիան պետք չէ վատնել փոքր ակցիաների համար, որովհետև դրանք նաև ապատիա են առաջացնում հասարակության մոտ: Հենց սա է պատճառը, որ փոքրիկ ակցիաներ չեն իրականացվում այս պահին:

- Ե՞րբ եք նախատեսում նոր ակցիաները:

- Կարծում եմ հենց այս ամսվա կեսերից կսկսենք: Նախ պետք է շատ լայն համախմբման գործողություններ սկսենք, այցեր իրականացնենք տարբեր շրջաններում, մարդկանց հետ բացատրական աշխատանքներ տանենք, որպեսզի ժողովրդի մոտ կրկին հիասթափություն չառաջանա:

- Զոհվածների ծնողները վերջին շրջանում պասիվացել են: Նրանք միանալո՞ւ են ձեր կազմակերպած ակցիաներին:

- Միանշանակ կմիանանք: Այժմ «Որդիների կանչ» ՀԿ-ի ծնողների հետ հանդիպումներ ենք ունենում: Փորձում ենք բավականին համակարգված աշխատել: Ցանկանում ենք լայն կոնսոլիդացիա իրականացնել: Տանը նստած չենք կարող սպասել, որ մարդիկ ինքնաբուխ ինչ-որ քայլեր կձեռնարկեն: Ժողովուրդը բավականին հիասթափված է այժմ: Մարդկանց հետ աշխատանք տանելն այս առումով շատ կարևոր ենք համարում:

- «Հայաքվե» նախաձեռնության մասին ի՞նչ կարծիք ունեք:

- Շատ դրական: Ես հենց առաջին օրն եմ միացել «Հայաքվեին»: «Մայր Հայաստան» շարժումն աջակցում է «Հայաքվե» նախաձեռնությանը: Ցանկացած նախաձեռնություն այսօր շատ կարևոր է: Բոլոր օջախները կարող են մի օր միանալ: Եթե դու ուզում ես, որ գան կանգնեն քո կողքին, ապա դու էլ պետք է կանգնես նրանց կողքին: Սա է տրամաբանությունը:

- Որոշ ընդդիմադիրներ դեմ են այդ նախաձեռնությանը: Ինչո՞ւ է ընդդիմությունը պառակտվել այս աստիճան:

- Չգիտեմ էլ ինչ ասել: Սարսափելի է: Չեմ հասկանում նրանց ուղղակի: Պատգամավորն առաջինը պետք է պայքարի, սակայն տարօրինակ լռություն է ու չես հասկանում, թե խորհրդարանական ընդդիմության ֆունկցիան որն է առհասարակ: Ես խորհրդարանական ընդդիմության հետ որևէ հույս չունեմ: Ինչ էլ անի, ժողովուրդն է անելու, առանց ժողովրդի ոչինչ չի արվելու: