Հայոց Ցեղասպանության փաստը նույնիսկ Հիտլերն է ընդունել, իսկ մերոնք կասկածում են

Հայոց Ցեղասպանության փաստը նույնիսկ Հիտլերն է ընդունել, իսկ մերոնք կասկածում են

Ցեղասպանությունը վերապրածի ծոռնուհի Անահիտ Մխիթարյանը ծանր սրտով է պատրաստվում հաղթահարել Ծիծեռնակաբերդի բարձունքը։ Ինչպես ամեն տարի՝ անմեղ նահատակների հիշատակը հարգելու է գնում տխուր, անտրամադիր, ավագներից փոխանցված հիշողությունների բեռից ծանրացած հոգով։ Նախնիներին պատուհասածի մասին հորաքրոջից է իմացել․ նա է թուրքի յաթաղանից մազապուրծ մոր պատմածները փոխանցել զարմուհուն։ 
Անահիտ Մխիթարյանի հարազատները Օսմանյան կայսրությունում ապրող մեծահարուստներ են եղել։ Սև ծովի ափին գտնվող Օրդու քաղաքում խանութներ, իսկ հարակից գուղերից մեկում՝ պնդուկի այգիներ են ունեցել։ Երբ կոտորածը սկսվել է, բազմանդամ ընտանիքը, որն իր սեփական նավակներն է ունեցել, փորձել է դրանցով դուրս գալ անորոշ մի ափ, միայն թե փրկվի։ Անահիտի մեծ տատիկը՝ տատիկի մայրը, որն այդ ժամանակ 18 տարեկան էր, չի միացել նավակում գտնվող ազգականներին․գնացել է ընտանիքի մյուս անդամներին ու հատկապես երեխաներին օգնի, որ բերի-ծովով դուրս հանի։ Բայց տուն չհասած՝ իմացել է, որ թուրքերը հորը գլխատել են։ Իսկ թե ինչ է եղել նրա հետ, որ գնացել ու հետ չի եկել, ընտանիքի փրկված անդամների ենթադրությամբ՝ սպանվել է։ Թե ինչպես, ինչ հանգամանքներում՝ հայտնի չէ։ 

«Պապիկիս կողմը Փաշյաններ են եղել, բայց որևէ փաստաթուղթ՝ որ կհաստատի այդ ու նաև այն, որ մերոնք Օսմանյան կայսրությունում ապրող մեծահարուստներ են եղել, չկա, չի պահպանվել։ Այսինքն, ապացուցելու որևէ հիմք չունենք։ Փոխարենն ունենք տատիկիս հիշողությունները, որոնք մտաբերելիս մարմնովս սարսուռ է անցնում։ Տատիկիս պատմածով՝  ամեն ինչ այնքան միանգամից է տեղի ունեցել, որ մարդիկ մտածել են միայն փրկվելու մասին։ Ո՞վ է կարողացել որևէ փաստաթուղթ վերցնի։ Կամ՝ արդյո՞ք թուրքը որևէ բան վերցնելու ժամանակ ու հնարավորություն տվել է։ Իսկ պե՞տք էր արդյոք դա թուրքին։ Իհարկե՝ ոչ։ Այդ ցեղախումբը ոչ իր տեսակն է փոխել, ոչ՝ նպատակը․նույն բարբարոսն է․ պատրաստ՝ բնաջնջելու հային»,-ասաց տիկին Անահիտը։

Տիկնոջը վիրավորում է ՔՊ-ական իշխանության թրքահպատակությունը, թրքասիրությունը։ Բացատրություն չունի, թե ինչո՞ւ են սեփական ժողովրդին դեմ գնալով, սպասարկում թուրքի շահը։ Ասում է՝ ո՞նց կարելի է կասկածի տակ դնել ցեղասպանության փաստը, երբ անգամ Հիտլերն է դա ընդունել։ «Պատմությունից է հայտնի՝ երբ Հիտլերը հրամայել է բնաջնջել հրեաներին, ասել է՝ հայերին էլ ցեղասպանեցին, ո՞վ հիշեց այդ մասին։ Այսինքն, Հիտլերն էլ է ընդունել չէ՞, որ հայերին ցեղասպանել են։ Իսկ մերոնք դեռ կասկածում են»:

Դառնացած սրտով է մեքենայից իջնում տիկին Անահիտը։ Ցեղասպանության անմեղ զոհերի հուշահամալիր հասնելը ոչ այնքան ֆիզիկապես է դժվար հաղթահարելի, որքան՝ հոգեպես։ Դրան գումարվել է նաև ՔՊ-ականների ջանքերով ցեղասպանության միջազգային ճանաչումը օրակարգից հանելու հարցը։ 

«Ազգադավ իշխանությունն այնքան ակհայտ է դա անում, որ նույնիսկ Էրդողանն է լեզու առել։ Երբևէ չեմ լսել, որ Թուրքիայի սուլթանը բաց տեքստով մեզ «խորհուրդ» տա՝ մի կողմ դնել անհիմն հիշողություններն ու գործել ներկայիս իրողություններով։ Իսկ ամենանվաստացնողն այն է, որ ասում է՝ Փաշինյանն էլ է դա հասկանում։ Իմ ընկալմամբ՝ Փաշինյանն արդեն խոստացել է ամեն ինչ անի, որ ցեղասպանության հարցը հանի օրակարգից։ Դրա համար էլ իր սազանդարներին է գործի դրել, որ անուն առ անուն պեղեն 1,5 մլն անմեղ զոհերի ինքնությունը, նահատակվելու վայրը, հանգամանքները։ Բայց ո՞նց է դա հնարավոր, եթե մի քանի սերունդ է փոխվել, նույնիսկ աշխարհում ցեղասպանություն տեսած մարդ չի մնացել։ Եվ հետո՝ ո՞ւմ ենք ուզում դա ապացուցել, ինչի՞ համար»:

Արեգ Մարգարյան