Ռուսաստանի`տարածաշրջանից դուրս չմնալու երաշխիքը մնացել է Ադրբեջանը

Ռուսաստանի`տարածաշրջանից դուրս չմնալու երաշխիքը մնացել է Ադրբեջանը

Ռուսական Կոմերսանտ թերթում հրապարակված՝ «Արցախն ընդդեմ Ղարաբաղի» հոդվածը բազմաթիվ քննարկումների պատճառ է դարձել։ Հոդվածում անանուն` ռուսական պաշտոնյային հղում արվող տեքստում, խոսվում է այն մասին, որ Ադրբեջանը Բերձորի միջանցքի փակմամբ ոչ միայն հրահրել է Արցախում հումանիտար ճգնաժամ, այլև դրանով խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

Արդյոք այս հոդվածով ռուսական կողմը նոր հետաքրքիր տեղեկատվություն է դաշտ նետում և դրան պե՞տք է լուրջ վերաբերվել, զրուցել ենք քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։ Նա կարծում է, որ սա սովորական նյութ չէ, քանի որ դիվանագիտական գաղտնիք է փաստորեն գաղտնազերծվել և դա տեղի է ունեցել ոչ թե կողմերի համաձայնությամբ, այլ մեկ կողմի որոշմամբ։

«Հիմա ինչքան էլ հղում կկատարվի անանուն աղբյուրներին և այլն, ակնհայտ է, որ սա պետական մոտեցում է, այսինքն, եղել է որոշում տեղեկատվություն նետել դաշտ։ Հիմա խնդիրն այն է, թե այս տեղեկատվությունն ինչպիսի ազդեցություն էր ակնկալվում, որ պետք է ունենա, ինչ մեսիջ պետք է ունենա․ Հայաստանում օր օրի աճող հակառուսականության վրա սա ի՞նչ ազդեցություն կարող է ունենա՝ այդ թվում նաև Ադրբեջանում հասարակության վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ և հաջորդը, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Արցախի Հանրապետության քաղաքացիների և իշխանության վրա»,-ասաց Պողոսյանը։

Արցախի Հանրապետության իշխանությունները տևական ժամանակ է խոսում են, որ բոլոր որոշումները կայացվելու են հրապարակային և բաց, Արցախի ժողովուրդը մասնակցելու է իր ապագայի կետրման ամբողջ պրոցեսին և ռուսական կողմը սա հրապարակելով` ամենայն հավանականությամբ որոշակի տրամադրություններ է փորձել շոշափել։

«Համենայնդեպս, այդ հրապարակումը և բանակցային գործընթացը, կարծում եմ, որ հօգուտ մեզ չի եղել։ Աղդամի ճանապարհը որպես այլընտրանք առաջարկելը Արցախի սուբյեկտայնության վերջնական ոչնչացման նպատակ է հետապնդել կամ ողջամտորեն հենց դրան էր հանգեցնելու և կարծում եմ, որ ռուսական կողմը սա չէր կարող պարզապես չիմանալ՝ մասնավորապես Լավրովը»,- նկատեց վերջինս։

Տեղեկատվության հրապարակումը կարելի է բազմավեկտոր դիտարկել, մասնավորապես, այն, որ սա հարված էր Արցախի իշխանություններին՝ դա ակնհայտ է։ Հայկական տեղեկատվական դաշտում բազմաթիվ անձանց, խմբերի կողմից եղան տարբեր արձագանքներ, շատերը մեղադրեցին Արցախի իշխանություններին գաղտնի պայմանավորվածությունների գնալու մեջ՝ և հատկապես Արցախից։ Ռուսական կողմը փորձում էր ցույց տալ, որ ինքը կարող է պայմանավորվածությունների գալ, որոշակի խնդիրներ լուծել՝ այլ հարց է, թե այդ լուծումը մեզ համար ինչ նշանակություն ուներ և ինչպիսի հետևանքների կարող էր հանգեցնել։

Մեր հարցին, գուցե այս հրապարակումը խոսում է այն մասին, որ Արցախում ռուսական քաղաքականությունը շեշտակի կարող է փոխվել: Արա Պողոսյանի կարծիքով` այն արդեն իսկ Արցախում փոփոխություններ կրել է։ Ամենաակնառու ազդակը հենց արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքն էր այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելուց հետո հիմնավորապես փոխվել է, թե ռուսական խաղաղապահ ուժերի մանդատն Արցախում և թե ընդհանրապես բանակցային ամբողջ գործընթացը։

«Եվ այստեղ ակնհայտ է դառնում, որ ռուսական կողմն իր քաղաքականությունը փորձում է հարմարեցնել ստեղծված կոյուկտուրային։ Ստեղծվել է այնպիսի քաղաքական կոնյուկտուրա, որի պայմաններում բացառապես Ադրբեջանի շահերն են սպասարկվում տարածաշրջանում։ Եվ կարծում եմ, որ Ռուսաստանը փորձում է այս կամ այն ձևով դուրս չմնալ տարածաշրջանային գործընթացներից, իսկ դուրս չմնալու երաշխիքն այս կամ այն պարագայում մնացել է Ադրբեջանը»,-ասաց Պողոսյանը։

Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ առաջիկայում ցանկացած որոշում պրոադրբեջանական է լինելու՝ քաղաքագետն ասաց` այո և հավելեց` այն պարագայում, եթե Արցախում որոշեն դադարեցնել պայքարը։

Եթե փոխադարձ պայմանավորվածություն ձեռք բերվեց և բացվեց Աղդամ- Ստեփանակերտ ճանապարհը` այն պայմանով, որ կբացվի նաև Լաչինի ճանապարհը, դա նշանակում է, որ ադրբեջանական կողմի քաղաքականությունը հանգում է նրան, որ Լաչինի միջանցքը, որպես այդպիսին, դադարի գոյություն ունենալուց՝ փոխարենը առաջարկվի Աղդամի ճանապարհը, որը կդառնա միակ ճանապարհը և կլինի Արցախի վերջնական վերաինտեգրման փուլը։