Մի լուսանկարի պատմություն․ «Սալվադոր Դալին եւ կատուները»

Համաշխարհային լուսանկարչական ժառանգության մեջ հայտնի «Սալվադոր Դալին եւ կատուները» լուսանկարը արվել է 1948 թվականին, երբ դեռ չկային թվային տեխնոլոգիաներն ու «ֆոտոշոփը», որպեսզի լուսանկարչական «հրաշքներ» գործեին։ Այս լուսանկարը թեեւ ավելի շատ հայտնի է «Դալին եւ կատուները» անունով, սակայն իրականում կոչվում է «Dali Atomicus»։ Այն լուսանկարվել է սյուրռեալիստական լուսանկարչության հայր Ֆիլիպ Խալսմանի կողմից, ով բարեկամական ջերմ հարաբերություններ է ունեցել Դալիի հետ՝ ավելի քան 30 տարի։
Այն «հրաշքները», որոնք հիմա լուսանկարի հետ կարելի է անել համակարգչային մկնիկի եւ «ֆոտոշոփի» օգնությամբ, այն ժամանակ բավականին մեծ ջանքեր են պահանջել։ Այս լուսանկարի «պատրաստման» վրա ծախսվել է ոչ մակաս, քան 6 ժամ։ Նկարակալն ու նկարը կախված են եղել առաստաղից ձկան թելով, առաջին պլանի աթոռը պահել է լուսանկարչի կինը եւս երկու աստիստենտներ էլ կատուներին են նետել եւ դույլերով ջուրը շաղ տվել։ Ու այսպես՝ 28 անգամ, մինչեւ որ ստացվել է ցանկալի արդյունքը։
Յուրաքանչյուր կադրից հետո Ֆիլիպ Խալսմանը գնացել է երեւակելու ժապավենը, հետո արդեն, երբ իր ուզած արդյունքն է եղել, անցել է հաջորդ կադրին։ Հայտնի է, որ մինչեւ երեքը հաշվարկի ժամանակ նետել են կատուներին եւ շաղ տվել ջուրը, մինչեւ չորսը հաշվարկի ժամանակ Դալին է թռել։ Վեց ժամ տեւած աշխատանքից հետո, հոգնած եւ ուժասպառ խումբը վերջապես կարողացել է ստանալ այս արդյունքը, որը մտել է համաշխարհային լուսանկարչական ժառանգության «ոսկե ֆոնդի» մեջ։
Արամ Յանին
Կարծիքներ